«Միտում եմ տեսնում, որ շատ արագ փորձում են ինչ-որ բաներ թաքցնել, բայց կարծում եմ դա չի հաջողվի»,- անդրադառնալով «Երևան» հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակին՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին այցելեց Երեւանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն` մասնակցելու «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին:
Հարցին՝ նշված հիմնադրամում կոռուպցիոն երևույթնե՞ր են բացահայտվել, նախարարը պատասխանեց. «Ես խոսել եմ կոռուպցիոն երևույթների մասին: Ուզում էի, որ «Երևան» հիմնադրամը հերքեր դա, բայց համառորեն չեն հերքում»:
Հիշեցմանը՝ «ԵՊՀ ռեսթարտ» նախաձեռնությունը դիմել էր ԿԳՆ-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լուծարման հարցով, արդյոք դա արձագանք գտե՞լ է, պարոն Հարությունյանը պատասխանեց. «ԿԳՆ-ն, կառավարությունը գործելու են բացառապես օրենքի սահմաններում և պատասխանատու են այն քվոտաների համար, որոնք ունենք հոգաբարձուների խորհուրդներում: Շուտով համալսարանների խորհուրդների հետ կապված լուծումներ կլինեն»:
ԵՊՀ ռեկտորի հրաժարականի պահանջի մասին հարցին Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Յուրաքանչյուր ոք ունի նման պահանջ ներկայացնելու իրավունք: ԿԳ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում է գործում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ