Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ-ում ՍԴ անդամի թեկնածուին հորդորում են անկեղծանալ՝ վերեւներից հրահանգներ, ճնշումներ եղե՞լ են իր վրա

Հունիս 12,2018 11:20

ԱԺ-ում Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Ելիզավետա Դանիելյանի հարցն է քննարկվում: Հիշեցնենք, որ նրա թեկնածությունն առաջադրել է Դատավորների ընդհանուր ժողովը:

Քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հարցրեց. «Ձեր ամբողջ պրակտիկայի ընթացքում այսպես ասած վերեւից հրահանգներ եղե՞լ են, որ դուք այս կամ այն որոշումը կայացնեք: Եղե՞լ է, որ վերեւից ձեր վրա ճնշում է եղել, դատական համակարգում այդ խնդիրը կա, որեւէ մեկը չի կարող հերքել»:

Դանիելյանը պատասխանեց, որ «երբեւէ դատական պրակտիկայի ընթացքում անձամբ ես չեմ առնչվել որեւէ նման իրավիճակի հետ, երբ վերեւից կամ որեւէ այլ մարմնի կողմից փորձ արվեր ազդեցություն ունենալ»:

Նա ասաց, որ դա, իր պատկերացմամբ, գրեթե անհնար է անել՝ կոլեգիալ մարմնում որոշում կայացնելու փուլում, երբ դատավորը կարող է իր անհամաձայնությունը հայտնել, եթե այդպիսի մտահոգություն ունի: Ինչ վերաբերում է ներկայումս ընթացող դատավարություններին, որոնցով խափանման միջոցներ են փոխվում, դրանք նրա խոսքով` շատ նորմալ գործընթացներ են, Դատավարական օրենսդրությամբ նախատեսված են,որեւէ գործառույթ օրենսդրությունից դուրս չի իրականացվում: Ասել, որ հատուկ իրադարձություն է տեղի ունեցել, դրա համար են փոխում խափանման միջոցները՝ դա տեղին չի:

Մելքումյանը հարցրեց՝ «Այսինքն, ինչ-որ մի պայման է չէ՞ փոխվել, որ նման պրոցեսներ են լինում, եկեք մի քիչ անկեղծ խոսանք, էլի, որեւէ դեպքում ձեր պրակտիկայում չե՞ն եղել, որ վերեւից ձեզ ասեն, ես կխնդրեի, որ դուք անկեղծ լինեք, անկեղծ ասեք»:

ՍԴ անդամի թեկնածուն պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ անկեղծությունը անպայման այն պատասխանը հնչեցնելն է, որը մոդայիկ կլիներ: Ես ասում եմ՝ ինձ հետ չի եղել նման դեպք: ՀՀ-ում այսօր աշխատում է 230 դատավոր, ինձ հետ այդպիսի դեպք չի եղել, իմ աշխատած նման կոլեգիալ մարմնում նմանատիպ իրավիճակ հնարավոր չի»:

Իսկ թե ինչու են հիմա խափանման միջոցներ փոխվում՝ տիկին Դանիելյանի բացատրելով՝ առաջ փաստաբանները չէին մտնում դատարան, անընդհատ բացարկի միջնորդություններ էին ներկայացնում ու դատարանները հնարավորություն չունեին խափանման միջոց փոխել: Հիմա կրքերը հանդարտվել են եւ դատարաններն աշխատում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930