Համանախագահները գալիս են ծանոթանալու Փաշինյանի դիրքորոշմանը
Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ կայցելի Ռուսաստան: Վարչապետի մոսկովյան այցի օրակարգի վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն: Գիտենք, որ Փաշինյանը Մոսկվա է մեկնում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցելու: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով Ռուսաստան կժամանի Աշխարհի գավաթի խաղերը դիտելու նպատակով՝ ասել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով. «Այո: Սպասում ենք ֆուտբոլին»:
Սա կլինի Փաշինյանի երկրորդ այցը Ռուսաստան։ Հիշեցնենք. մայիսի կեսին՝ պաշտոնը ստանձնելուց օրեր անց, ՀՀ վարչապետը Սոչիում՝ ԵԱՏՄ երկրների գագաթնաժողովի շրջանակներում, առաջին առանձնազրույցն ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահի հետ դռնփակ բանակցություններից հետո Փաշինյանը գերմանական «Դոյչե Վելլե»-ին տված հարցազրույցում նշել էր, որ հանդիպմանը հարց է բարձրացվել նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումների մասին, սակայն չէր մանրամասնել, թե ինչպես է Պուտինն արձագանքել իր ներկայացրած խնդրին. «Չէի ուզենա ասել՝ ինչ պատասխանեց Վլադիմիր Պուտինը, կարող եմ միայն ասել, որ ես բարձրացրել եմ այդ հարցը եւ կարծում եմ, որ մենք կառուցողական քննարկում ունեցանք այդ առումով»:
Լրագրողներն անցյալ շաբաթ ճեպազրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվել էին, թե ռուսական կողմից Արցախի հարցում նոր մոտեցումներ եւ առաջարկներ կա՞ն: Նա պատասխանել էր. «Նոր առաջարկների մասին տեղեկություններ այս պահին չունեմ: Առկա են համանախագահների հայտնի առաջարկները»:
Արդեն հայտնի է, որ հունիսի 13-ին Հայաստան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Կայանալիք հանդիպումների ժամանակացույցն այժմ ճշտվում է, բովանդակության մասին առաջիկայում կտեղեկացնենք: Այլ ձեւաչափով հանդիպումներ այս պահին չեն նախատեսվում»,- անցյալ շաբաթ հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ այդ հանդիպումը կլինի ՀՀ նոր իշխանության եւ համանախագահների միջեւ առաջին փաստացի շփումը, որից հետո կգծագրվեն հետագա քայլերը:
Ի դեպ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Բաքու այցելության մասին տեղեկություններ չկան, ինչպես երեւում է, այս անգամ համանախագահները գալիս են միայն Երեւան՝ Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան տեսակետներին ծանոթանալու՝ նրա հրապարակային ելույթներից հետո: Ըստ ամենայնի, համանախագահների համար Բաքվում ամեն ինչ պարզ է, իսկ պաշտոնական Երեւանից նրանք, թերեւս, որոշ հարցեր ճշգրտելու անհրաժեշտություն ունեն: Միջնորդները նաեւ կփորձեն առաջիկայում հանդիպում կազմակերպելու հնարավորությունները քննարկել Փաշինյանի հետ՝ գոնե արտգործնախարարների մակարդակով:
«Եթե Երեւանն ու Բաքուն որոշեն, որ ԼՂ-ն վերադառնում է որպես բանակցային կողմ, ՌԴ-ն կսատարի այդ որոշմանը»,- ասում է Լավրովը
Հունիսի 7-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի արտգործնախարարները վստահեցրել են, որ գոհ են իրենց առաջին բանակցություններից:
Լավրովն ընդգծել է, որ այսուհետեւ եւս Ռուսաստանը շարունակելու է զարգացնել Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, ու հավելել է, որ այդ հարաբերությունների զարգացմանը նպաստում է նաեւ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:
Անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին՝ Լավրովը շեշտել է, որ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը Ղարաբաղյան խնդրում անփոփոխ է եւ համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը, որի համանախագահն է Ռուսաստանը:
Հայ լրագրողներից մեկը Ռուսաստանի արտգործնախարարին հարց էր ուղղել բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ: Լավրովն այսպես է պատասխանել. «Որոշ փուլերում, ի դեպ, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցում էին այդ գործընթացին, հետո հայ եւ ադրբեջանական կողմերի պայմանավորվածության համաձայն բանակցությունների ձեւաչափը փոխվել էր: Եթե կողմերը՝ Երեւանն ու Բաքուն, որոշեն, որ Ղարաբաղը վերադառնում է որպես բանակցային կողմ, Ռուսաստանը կսատարի այդ որոշմանը, ինչպես եւ Մինսկի խմբի մյուս համանախագահները»:
Հենման կետն անփոփոխ է՝ ԼՂ կարգավիճակ, ժողովրդի անվտանգություն
Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում շեշտել էր, որ Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի ներդրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործում։ «Պատրաստ ենք շարունակելու համատեղ ջանքերը` ուղղված բանակցային գործընթացի առաջմղման համար պայմաններ ստեղծելուն: Ներկա փուլում մենք աշխատում ենք բանակցային գործընթացում ներգրավման եւ դրա շարունակականության ապահովման ուղղությամբ: Մեզ համար որպես հենման կետ անփոփոխ է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ ժողովրդի անվտանգությունը: Բանակցություններն ուղղված են հենց այդ խնդիրների լուծմանը»,- վստահեցրել էր Զ. Մնացականյանը:
«Ձեռնպահ ենք մնացել ԼՂ-ի անկախության ճանաչումից, քանի որ բանակցային ճանապարհով լուծման կողմնակից ենք»
Հունիսի 7-ին Մոսկվայում արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Սերգեյ Լավրովի բանակցություններից հետո Հայաստանի ԱԳ նախարարը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին, որտեղ Ղարաբաղյան հակամարտության թեմային անդրադառնալիս նա մի շարք կարեւոր արձանագրումներ է արել:
Հարցին՝ արդյոք Երեւանից կարելի՞ է ակնկալել նոր մոտեցումներ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, բանակցությունների ակտիվացում, փոխզիջումների գնալու փորձեր, ՀՀ ԱԳ նախարարը նախ արձանագրել էր. «Բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, նախեւառաջ չունեին արտաքին քաղաքական օրակարգ, երկրորդ՝ թելադրված չէին Ղարաբաղյան հակամարտությամբ։ Դա շատ կարեւոր է։ Մենք ունենք բանակցային գործընթացի դինամիկա, 2016-ի բավական ծանր գործոնը, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային ձեւաչափը»։ Այնուհետեւ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել էր, որ Լեռնային Ղարաբաղը եղել եւ մնում է կոնկրետ անուններով կոնկրետ մարդկանց անվտանգության հարց՝ դա Լեռնային Ղարաբաղի բնակչությունն է։ «Նրանց անվտանգությունն ու կարգավիճակը մեզ համար շարունակում են մնալ ամենակարեւոր հարցը։ Մեզ անհրաժեշտ է տարածաշրջան, որն ապրում է խաղաղ, բայց ոչ մեր մարդկանց անվտանգության հաշվին։ Հենց այս շրջանակում ենք ցանկանում շարունակել բանակցային գործընթացը՝ հանուն ամբողջ տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության»։
Անդրադառնալով փոխզիջումների գնալու հնարավորությունների վերաբերյալ հարցին՝ Հայաստանի ԱԳ նախարարը նկատել էր. «Եվ հավատում եմ, որ տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը շատ կարեւոր են բոլորի համար։ Բայց եթե նկատեցիք՝ մենք շատ ուշադրություն ենք հատկացնում եւս մեկ պահի՝ այդ գործընթացները պետք է տեղի ունենան մթնոլորտում, որը նպաստում է խաղաղությանը»։
Կովկասում կան երկու հանրապետություններ, որոնք ինքնորոշվել են՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան, նրանց անկախությունը ճանաչել են որոշ երկրներ, Հայաստանը կարո՞ղ է ճանաչել նրանց անկախությունը, հարցրել էր «Կոմերսանտի» լրագրողը: «Մենք հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից ենք։ Մենք ձեռնպահ ենք մնացել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից, քանի որ բոլոր հարցերի՝ բանակցային ճանապարհով լուծման կողմնակից ենք։ Դա է մեր դիրքորոշման հիմքը բոլոր մյուս հարցերում»,- պատասխանել էր Զոհրաբ Մնացականյանը: Լրագրողի ճշգրտմանը՝ այսինքն՝ Աբխազիան ու Հարավային Օսիան Հայաստանը չի՞ ճանաչելու, Հայաստանի ԱԳ նախարարը հակադարձել էր. «Մենք Կոսովոն էլ չենք ճանաչել»։
Հայաստանում կառավարության փոփոխությունից հետո Ղարաբաղյան թեման շարունակում է թեժ մնալ: Մնացականյան-Լավրով հաջողված բանակցություններից հետո Փաշինյանն է մեկնում Մոսկվա: Որքան էլ հանդիպման առիթը ՌԴ ղեկավարի հետ «ֆուտբոլային» լինի՝ «խաղի» մեկնարկում ղարաբաղյան նշաձողը բարձր պահելու տեսանկյունից սկիզբը, ընդհանուր մթնոլորտի ձեւավորումը, տպավորության ստեղծումը, թեմային տիրապետելը իսկապես վճռորոշ են լինելու հայկական կողմի համար՝ Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում ապագայի հարցում:
Ամփոփումը՝ «Առավոտ»-ի հունիսի 13-ի համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 12.06.2018