Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյան. Բողոքողների կողմից Արցախի պետնախարարի հրաժարականի պահանջը չկար և նրա պաշտոնաթողությունն ավելի շատ ներքաղաքական ինտրիգների հետևանք էր

Հունիս 12,2018 10:43

Ստեփանակերտում կենցաղային վեճից առաջացած բողոքը բերեց Արցախի ԱԱԾ տնօրենի, նրա տեղակալի, ոստիկանապետի պաշտոնաթողությանը: Չգիտես ինչու պաշտոնից հեռացավ նաև Արցախի պետնախարարը՝ ԱԺ-ում ամենամեծ կուսակցության ղեկավարը: Բողոքողների կողմից նրա հրաժարականի պահանջը չկար և նրա պաշտոնաթողությունն ավելի շատ ներքաղաքական ինտրիգների հետևանք էր:

Սակայն սրանով դժգոհությունները չվերացան: Ստեփանակերտում կա առնվազն 3 նախաձեռնող խումբ, որոնք ավելի շատ ու արմատական փոփոխություններ են պահանջում: Հունիսի 6-ից սկսած իմ գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, որն Արցախի խորհրդարանական 5 կուսակցություններից ամենափոքր ներկայացվածությունն ունի ԱԺ-ում, սկսեց խորհրդակցությունների շարք կուսակցության տարածքային կառույցների, տարբեր նախաձեռնող խմբերի, այլ կուսակցությունների ներկայացուցիչների, մտահոգ քաղաքացիների հետ: Անձամբ ես հանդիպումներ ունեցա և լուծման տարբեր սցենարներ քննարկեցի «Ազատ Հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Շարժում-88» կուսակցությունների ղեկավարների և այլ ներկայացուցիչների հետ: Պետք է նշել, որ կուսակցություններն այդ օրերին թեև իրենց ղեկավար մարմնի նիստեր էին անում, սակայն հստակ լուծումներ չէին առաջարկում: Ինտենսիվորեն շարունակվում էր նաև Արցախի նախագահի և կուսակցությունների հանդիպումները. պաշտոնանկումներից հետո Բակո Սահակյանը հանդիպում էր հիմնականում իրեն սատարած «Ազատ Հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Մեր շփումները հանրության լայն շերտերի հետ ցնցող պատկեր բացեցին մեր առջև: Թեև ես ու իմ գլխավորած  կուսակցությունն առավելագույն շփում ենք ունեցել հանրության հետ և մեզ համարում էինք արցախյան ներքին իրողություններից լավ տեղեկացված՝ պարզվեց, որ մենք ուղղակի շատ բանից անտեղյակ ենք: Այսպես, ոստիկանությունը և այլ ուժային կառույցներ զանգվածաբար և մշտապես խոշտանգումներ էին կիրառել բերման ենթարկվածների նկատմամբ՝ նրանց պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ցուցմունքներ վերցրել էին գործի մեջ ներգրաված անձանց նկատմամբ բռնություններ կիրառելով, կեղծ փաստեր էին ապահովել գործի համար: Դատախազությունն ամբողջովին անգործության էր մատնված նմանատիպ դեպքերում:

Ես չեմ խոսում սոցիալական բողոքից և տնտեսական բնույթի այլ հաղորդումներից, որովհետև դրանք բազմաթիվ են և այլ թեմայի նյութ:

Այնուամենայնիվ Արցախում ստեղծված քաղաքական ճգնաժամը ստեղծվել է ոչ թե պետական ինստիտուտների ոչ արդյունավետության պատճառով, այլ դրանք փոխել չցանկանալու հետևանքով: 2017թ. մեկ անձի իշխանության վերարտադրության համար փոխված սահմանադրությունը դրա վառ վկայությունն էր: Քաղաքական ճգնաժամերի հիմքը հենց դրա մեջ պետք է փնտրել:

Երեկ, 2017թ. հունիսի 11-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, որը 10 տարի երկիրը նախագահելուց հետո 2017թ. Ազգային ժողովի կողմից մինչև 2020թ. ընտրվել է անցումային շրջանի նախագահ, հայտարարեց, որ չի պատրաստվում առաջադրվել 2020թ. նախագահական ընտրություններում:

Վաղը, 2017թ. հունիսի 13-ին, մենք կներկայացնենք մեր մոտեցումներն այս բոլոր հարցերի շուրջ: Հրավիրում ենք բոլոր լրատվամիջոցներին լուսաբանել հավաքը: Եվ այսպես՝ հունիսի 13-ին, ժամը 17.00 Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ես, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանս, Ազգային վերածնունդ կուսակցությունը և մի շարք նախաձեռնող խմբեր կազմակերպում ենք հավաք: Հավաքի ընթացքում կներկայացնենք այս օրերին քաղաքական ճգնաժամի մասին մեր խորհրդակցությունների ամփոփումը և ճգնաժամի լուծման մեր տեսլականը։

Հայկ Խանումյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930