Սինգապուրում տեղի է ունեցել պատմության մեջ առաջին հանդիպումը ԱՄՆ գործող նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի միջև: Գագաթնաժողովի գլխավոր թեման եղել է Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափումը, հաղորդում է BBC-ն:
Հանդիպումը տեղի է ունեցել Սենտոզա կղզու Capella հինգաստղանի հյուրանոցում: Հանդիպումից առաջ Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը փոխանակվել են պատմական ձեռքսեղմամբ:
Թրամփն ասել է, որ բանակցությունների հաջող ընթացքի հույս ունի և չի կասկածում, որ ԱՄՆ-ի և Փհենյանի հարաբերությունները կլինեն «հիանալի»: Կիմ Չեն Ընը հավելել է, որ հանդիպումն իրականություն դարձնելու համար ստիպված են եղել շատ խոչընդոտներ հաղթահարել:
Մոտ 50 րոպե ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները զրուցել են առանձին (նրանց հետ եղել են միայն թարգմանիչները), որից հետո նրանց են միացել խորհրդականները և պատվիրակությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, այդ թվում ԱՄՆ-ի կողմից պետքարտուղար Մայք Պոմպեոն, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին:
Գագաթնաժողովի ավարտից հետո Թրամփը և Կիմ Չեն Ընը դուրս են եկել ժպիտը դեմքին ու ևս մեկ անգամ միմյանց ձեռք սեղմել: Հանդիպման ավարտից հետո պաշտոնական հայտարարություն չի եղել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ