Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղնար աղբյուրից»․ «Մի գյումրեցի, տեսնելով էշին, բացականչեց՝ էկավ, ժողովրդական արտիստն էկավ»

Հունիս 11,2018 23:13

Գյումրեցի գրող, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր» վիպակի հիման վրա 48 տարի առաջ՝ 1970 թվականին նկարահանված ֆիլմում Երանոսի դերակատարը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը մի հետաքրքիր դրվագ հիշեց նկարահանումներից։

«Հետաքրքիր պահեր շատ կային, որոնք յուրահատուկ են գյումրեցու սրախոսությանը։ Թուրքի թաղը նկարելու համար պետք է էշ բերեին, որ տիպական լիներ, էշով գնում էին և այլն։ Ճանապարհի երկու կողմերը փակել էին, և ժողովուրդը հավաքվել էր, բոլորին հետաքրքիր էր՝ Հեղնարը որտե՞ղ է հանդիպում, ո՞նց է գնում նրա մոտ։ 12-ն անց էր, էդ էշը չկար, ժողովուրդն անհանգստանում էր։ Մեկ էլ մի բեռնատար եկավ, մեկ էլ վարորդն արգելակեց մեքենան՝ փոշի բարձրացնելով։ Մեկը ժողովրդի միջից ասաց՝ էկավ, էկավ, ՍՍՀՄ ժողովրդական արտիստն էկավ։ Բացեցին, իջեցրին, մի տղա գնաց, բարձրացրեց, ասեց՝ արտիստ չէ, արտիստկա է։ Սա եղել է իմ ներկայությամբ, ոչ մի հորինվածք չկա։ Կեցցե այս ժողովուրդը՝ իր թասիբով, իր հումորով, իր նվիրվածությամբ»։

Դերասանը հիշում է, թե ինչպես ընտրեցին իրեն։ Նա այդ ժամանակ եղել է 37 տարեկան։ «Չորս ռեժիսոր է փոխվել մինչև ֆիլմի հիմնական նկարող Արման Մանարյանը։ Վերջում ես եմ ընտրվել, ես ապրում եմ Վանաձորում, սովորաբար պետք է փորձնական նկարահանում անեին։ Ինձ ծառայողական մեքենայով տարան Արման Մանարյանի տուն, տանն էր ինքը։ Եկավ պատշգամբ, բարևեցինք, զրուցեցինք, ասաց՝ փորձնական նկարահանում պետք չէ, վաղը նկարահանում է։ Ես ճիշտն ասած վախենում էի, գիտեի՝ ովքեր են փորձել այս դերը, իմ համար էլ ամենաբարդ դրվագն էր՝ բոստանի տեսարանը՝ Երանոսի համար իր սիրո խոստովանությունը վարպետ Մկրտիչի հետ և այլն։ Եվ հենց այդ օրը չորս օրվա մետրաժ տվեցինք, քանակով։

Ու դա առանց երկրորդ, երրորդ դուբլերի։ Դա բացառիկ բան էր։ Սա նշանակում էր, որ ես պատիվ ունեցա վարպետի՝ Սոս Սարգսյանի հետ նկարահանվելու այդ բարդ տեսարանը։ Բոլոր նայողներն ասում էին, որ այդ տեսարանը գերազանց է իր ամեն ինչով։ Դա, իհարկե, ինձ մեծ ճանաչում բերեց։ Այդպիսի ոգևորությամբ, ինչպես որ ասացի առաջին օրը չորս մետրաժ, այդպես շարունակեցինք ու տարվա մեջ փակեցինք, արդյունքում ստացվեց այն ֆիլը, որ կա։

Երբ որ արդեն ընտրել էին Հեղնարին՝ Յուլյա Ռուստամյանին, ինձ եկան ասելու, գնանք, որ ծանոթացնենք, ասացի չէ, չեմ ուզում, ասին՝ ինչու, ասի՝ ես ուզում եմ նրան առաջին անգամ կադրում տեսնել։ Եվ այդպես էլ եղավ, և իրոք այդ պահը, որ դու առաջին անգամ հանդիպում ես, այդ անմիջականությունը օգնեց։ Եվ շատ կարևոր էր, որ Երանոսի կերպարը դարձավ ողբերգական, ոչ թե Մկրտիչ Արմենի վեպում փող են տալիս, որ նրան սպանեն, մեջտեղից վերացնեն, այլ ինքն իմանալով, որ սիրահարվել է իր ամենամոտ ընկերոջ կնոջը, գյումրեցու թասիբը, պատիվը նրան ստիպեց ինքնասպանություն գործել․ ոչ կարող էր առանց սիրո ապրել, ոչ էլ կարող էր այդպես շարունակել։ Սա շատ ողբերգական դարձրեց Երանոսի կերպարը»։

Երանոսի դերակատարն ասում է՝ Հեղնարին Երանոսը սիրեց, Վարոսը վայելեց։ Հակոբ Ազիզյանն ասում է, որ վեպը գյումրեցուն հատուկ գործ է, իսկ Արման Մանարյանը Գյումրվա աշխարհին հատուկ ժապավեն է ստեղծել, որ դարերով ապրելու է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930