Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր կայացավ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ նրան 2016թ.-ին Նուբարաշենի խճուղում դիտավորությամբ հարվածներ հասցնելով կյանքից զրկելու համար մեղադրվում են երիտասարդներ Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Արթուր Զաքարյանը: Վերջինիս շահերի պաշտպան, փաստաբան Վաչագան Քոսյանն այսօր ներկայացրեց նրա խափանման միջոց կալանքը փոխելու, ասել է թե՝ ազատ արձակելու միջնորդություն: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը որոշեց այն մերժել: Թեեւ փաստաթղթի օրինակը դեռ չի տրամադրվել պաշտպանին, սակայն նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ դատարանը մերժման հիմնավորումները չի ներկայացրել:
«Դատարանը պետք է պատասխանի հարցին, թե Զաքարյանն ազատության մեջ գտնվելով արդյոք կխոչընդոտի՞ նախաքննությանը, ապացույցներ կկեղծի՞ կամ դատավարության մյուս մասնակիցների վրա անօրինական ազդեցություն կունենա՞…Բացատրությունը պետք է լինի առարկայական, ոչ թե ենթադրական»,-նկատեց Վաչագան Քոսյանը: Նա որպես Զաքարյանի կալանքը փոխելու հիմնավորում նախ ներկայացրել է այն փաստը, որ Եղիշե Խաչատրյանի սպանությունը կատարվել է 2016թ.-ին:
«Մինչեւ կալանավորվելը Արթուր Զաքարյանը քանիցս հարցաքննվել է, միշտ պարտաճանաչ ներկայացել է, փախուստի փորձ չի արել: Եթե նախաքննության ընթացքում նրան կալանքի տակ պահելու ինչ-ինչ պատճառներ կային, ապա ներկայում՝ դատաքննության փուլում, դրա անհրաժեշտությունը վերացել է»,-ընդգծեց Վաչագան Քոսյանը: Ապա` նաև մատնանշեց, որ Զաքարյանին կալանավորելու համար հիմք է հանդիսացել Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի առերես հարցաքննության ժամանակ տված ցուցմունքը,-«խնդիրն այն է, որ Էմմա Աբրահամյանը Զաքարյանին չի ճանաչել: Երբ նա լսել է, որ Զաքարյանն ասել է՝ «Ես Խաչիկ Կոսյանի ընկերն եմ», հայտարարել է՝ «եթե նրա ընկերն ես, ուրեմն դու էլ ես որդուս ծեծող-սպանողներից մեկը»: Նա նույնը նաեւ դատարանում է հայտարարել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ