Այսօր կառավարության արտահերթ նիստում կուտակային կենսաթոշակների պարտադիրի վերաբերյալ նոր նախագիծը քննարկելիս, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի եւ Նիկոլ Փաշինյանի մեջ բուռն բանավեճ սկսվեց:
Պարոն Մինասյանն ասաց, որ ինքը, որպես մարդ, որը Սահմանադրական դատարանում կարողացել է ապացուցել համակարգի մի շարք բացերը, դեմ է, ասաց նաեւ, որ չգիտի արդյոք Սահմանադրական դատարանի պահանջները կատարվել են թե՝ ոչ, արդյոք այն ռիսկերը, որոնք առկա են եղել, վերացվել են թե՝ ոչ. «Ընդունելով հանդերձ, որ պարտադրված որոշում է կայացվում, չափազանց կարեւոր է այս նորմը պահելը»:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ միջոցների տեղաբաշխման առումով էլ մտահոգություններ ունի. «Գումարների 70 տոկոսը ներդրվելու է Հայաստանում, բայց դրանցից որ մասն է, որ մեր տնտեսության իրական օժանդակություն է եւ երկարաժամկետ առումով կարող է ապահովել ավելի առաջընթաց զարգացում, այս պահին մենք դժվարությամբ ենք կարողանում գնահատել, որովհետեւ, պետական պարտատոմսերում ներդրված միջոցների մի էական մասը կարճաժամկետ դրամարկղային դեֆիցիտը ծածկելու միջոց է»:
Պարոն Մինասյանն ասաց, որ իբրեւ դաշնակցության ներկայացուցիչ երբեք չի եղել, որ ինքը կողմ քվեարկի պարտադիրի բաղադրիչին եւ այս անգամ էլ մնում է իր կարծիքին:
Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ո՞րն է ձեր տեսակետը, պարոն Մինասյան: Ի պատասխան՝ նա նշեց՝ դեմ եմ, ապա պարզաբանեց. «Դեմ եմ այն մոդելին, որ կա, բայց հասկանալով հանդերձ, որ այսօրվա լուծումը պարտադրված լուծում է»:
Նիկոլ Փաշինյանին պարոն Մինասյանի կարծիքը դժգոհության առիթ տվեց. «Այսինքն՝ կան մարդիկ, որ չե՞ն հասկանում, որ պարտադրված լուծում է»,-ասաց վարչապետը: Պարոն Մինասյանն ի պատասխան ասաց, որ հետաձգումը եւ քննարկումները շատ ավելի լավ լուծումներ կարող էին բերել:
Վարչապետը նկատեց. «Պարոն Մինասյան, մենք պետք է հասկանանք, որ գործում ենք թիմային պատասխանատվության շրջանակներում, այն հարցերը, որոնք դուք բարձրացնում ենք, մենք հիմի կառավարության նիստում ենք, մենք խորհրդարանական ընդդիմություն չենք, այդ հարցերը, որոնք դուք բարձրացնում եք, մենք լիազորությունների, լծակների տիրույթում է: Եթե դուք ասում եք, որ ունեք հարցեր, որոնց պատասխանները դեռ չգիտեք, այդ հարցերը նաեւ ձեր աշխատանքային պարտականությունն է, նաեւ մեր, բոլորիս աշխատանքային պարտականությունն է: Եկեք, շատ հստակ հասկանանք, մենք կամ այս թիմային պատասխանատվությունը վերցնում ենք, կամ չենք վերցնում»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, կառավարությունն այդ պատասխանատվությունը վերցնում է եւ սա քայլ է առաջ գնալու ոչ թե հետ գնալու. «Հիմա ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են մեզ հետ են, ովքեր չեն վերցնում մեզ հետ չեն: Ես ուզում եմ, որ սա հստակ արձանագրենք»:
Արծվիկ Մինասյանն ի պատասխան ասաց, որ այդ որոշումը կոլեգիալ է եւ որպես կոլեգիալ մարմին ինքը կատարելու է: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ այլ կերպ չէր էլ կարող լինել:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատգամավոր ժամանակ ինքն էլ է դեմ եղել, բայց հիմի կառավարության անդամ է եւ կա կոնկրետ իրավիճակ. «Ենթադրենք բոլորս էլ դեմ ենք, դուք պատրա՞ստ եք վերցնել պատասխանատվությունը մյուս սցենարների»:
«Ոչ»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ