Ողջունելով ԶԼՄ ներկայացուցիչներին և ընդունելով նրանց շնորհավորանքները ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ`Գագիկ Միրիջանյանը նշել է, որ իր առաջին քայլը լինելու է մարզպետարանի աշխատակազմին, նրանց գործառույթներին ծանոթանալը, որին էլ հաջորդելու են համայնքային այցելությունները:
«Խմբագրելու ենք բոլոր ոլորտային խնդիրները, ՀՀ կառավարությանն ենք ներկայացնելու մարզի զարգացմանն ուղղված ծրագրային փաթեթները, անդրադառնալու ենք բոլոր ոլորտներին` գյուղատնտեսական, սոցիալական, առողջապահական, կրթական, մշակութային…»,- իր խոսքում ընդգծել է մարզպետ Գագիկ Միրիջանյանը` վստահեցնելով, որ լսելու է բոլորի մտահոգությունները, ունենալու է անհատական հանդիպումներ, հասանելի է լինելու շաբաթվա բոլոր օրերին:
Մարզպետն իր խոսքում նշել է նաև, որ շատ ակտիվ է լինելու սոցիալական ցանցերում` դրական համարելով այդ հարթակը տեղեկատվության հասանելիության և փոխանակման տեսանկյունից: Նա միաժամանակ կարևորել է ԶԼՄ-ների դերը` հորդորելով ԶԼՄ ներկայացուցիչներին ապահովել օբյեկտիվ լուսաբանում:
Անդրադառնալով իրականացման ընթացքում գտնվող ծրագրերի շարունակականությանը` մարզպետը վստահեցրել է, որ եթե դրանք ի օգուտ մարզի են, միանշանակ իրականացվելու են: Իսկ, ընդհանրապես, առկա խնդիրների լուծման համար Գագիկ Միրիջանյանը ժամկետներ չի նշել` ասելով. «Աշխատանքներ կլինեն, որոնք կիրականացվեն եռամսյա ժամկետում, որոշներն էլ կես տարվա, մեկ տարվա ընթացքում կամ ավելի երկար ժամանակահատվածում»:
Արմավիրի մարզպետարան