Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Հունիս 11,2018 20:35

Հարգելի պարոն Փաշինյան.

Տեղեկացնում ենք ձեզ այն մասին, որ Հայաստանում դեռ մարդկանց իրավունքները ոտնահարվում են և ոմանք կոպիտ օրենքի խախտումներով աշխատանքից ազատում են 50֊60 քաղաքացիների։

Լուսակերտ ՍՊԸ֊ում փոխվել է սեփականատեր և այս իրավիճակում անհիմն պատճառներով կրճատում են 50-60 հոգի աշխատակցի և այդ ընտանիքներին կանգնեցնել փաստի առաջ, դա ուղղակի ոչ ադեկվատ որոշում է: Նոր Հայաստանում բոլորը մտածում են աշխատատեղերի ստեղծման մասին, իսկ Լուսակերտի ֆաբրիկայում եկել է նոր տնօրեն և արդյունավետ աշխատանքի համար թիվ առաջին խնդիրը աշխատակիցներին կրճատելն է համարում:

Նոր տնօրենը ստիպում է աշխատակիցներին դիմում գրել և ազատվել աշխատանքից: Նշեմ նաև ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել պայմանագրի լուծման մասին. մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից մինչև տասը տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ: Եվ վստահորեն կարող ենք ասել, որ նման ծանուցագիր Լուսակերտ ՍՊԸ-ի աշխատակիցներից և ոչ մեկը չի ստացել: Այդ պատճառով մեծ մասը պարզապես չի ցանկանում դիմում գրել՝ հուսալով, որ այս իրավիճակից խելամիտ դուրս գալու ելք կգտնվի:

Խնդրում ենք Ձեր աջակցությունը և միջամտությունը այս հարցին լուծում տալու համար: Ձեր ծրագրում նշել եք, որ վերադարձրել եք մեզ երազելու իրավունքը: Խնդրում ենք Ձեզ` թույլ չտալ, որ այդ նորանշանակ տնօրենը զրկի այդ աշխատակիցներին երջանիկ լինելու իրավունքից: Նրանք զրկվում են ոչ միայն երջանիկ ապրելու իրավունքից, այլ նաև զրկվում են իրենց աշխատանքից և հանապազօրյա հաց վաստակելու իրավունքից: Նրանք այժմ անհանգստացած են և́ իրենց ընտանիքների գոյատևման հարցում, և´ վարկային պարտավորությունները ժամանակին մարելու հարցում:

Այսօր գրեթե չկա այդպիսի մի ընտանիք,որ չունի վարկային պարտավորություն, իսկ նման կրճատումների պարագայում կարող են բանկերի կողմից կիրառվել տույժեր և տուգանքներ իրենց նկատմամբ, քանի որ զրկվում են աշխատանքից անհիմն պատճառներով: Դուք Ձեր ծրագրում նշեցիք, որ պետությունը չի խանգարելու տնտեսվարողին աշխատել,և տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը լինելու է նոր աշխատատեղերի բացումը, աղքատության կրճատումն ու մարդկանց բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը: Բայց այսօր վտանգի տակ է դրված 50-60 ընտանիքի ոչ միայն բարեկեցությունը, այլ նաև ընտանիքի գոյատևման խնդիրը՝ ապօրինի և անհիմն գործազուրկ դառնալու պատճառով: Նաև կա մեծ մտավախություն, որ ազատումից հետո այդ աշխատակիցներին չեն վճարվելու աշխատած օրերի, արձակման նպաստի և վերջնահաշվարկի գումարները: Այս պարագայում սա համարում ենք հոգեբանական բռնություն ՀՀ քաղաքացու նկատմամբ։

Մենք համոզված ենք, որ Դուք կլինեք հետևողական, և այս հարցը պատշաճ լուծում կստանա համապատասխան մարմինների միջամտության շնորհիվ:

Լուսակերտ ՍՊԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930