Շարունակելով 2014թ. մեկնարկած «ՀՐԱՇՔ-ով լի կյանք» արշավը, երբ հայերեն թարգմանվեց «Հրաշքը» վիպակը և մշակվեց առարկայական ծրագիր ավելի քան 50 դպրոցներում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման հարցերի մասին ուսուցում ապահովելու համար, այժմ ԱՄՆ դեսպանությունը կազմակերպում է այդ գրքի մոտիվներով նկարահանված համանուն հոլիվուդյան ֆիլմի ցուցադրումը «Մոսկվա» կինոթատրոնում հունիսի 11-ին և 12-ին ժամը 19:00: Մուտքն ազատ է: Ֆիլմը կընթանա անգլերենով՝ առանց ենթագրերի:
Վիպակն ու ֆիլմը ներկայացնում են ոգեշունչ մի պատմություն դիմային արատներով ծնված տղայի՝ Օգիի, ով դպրոց առաջին անգամ ոտք է դնում 5-րդ դասարանում և կարողանում է ներքին ուժ գտնել հաղթահարելու իրեն ծաղրող դասընկերներին: Գլխավոր դերերում նկարահանվել են Ջուլիա Ռոբերթսը և Օուեն Վիլսոնը: Ֆիլմը մեծ էկրան է բարձրացել անցյալ տարի և արժանացել է քննադատների բարձր գնահատականին:
«2014թ., երբ ԱՄՆ դեսպանությունը ներկայացրեց այս գրքի թարգմանությունը, այն արժանացավ հայ դպրոցականների ջերմ ընդունելությանը, իսկ այժմ, մենք ուրախ ենք հայ հանդիսատեսին ներկայացնել այդ պատմության հոլիվուդյան էկրանավորումը: Կարծում եմ այս հուզիչ պատմությունն իր ուրույն հետագիծը կթողնի երեխաների, ծնողների, ուսուցիչների և ֆիլմերի սիրահարների մոտ», – ասաց ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի տնօրեն Ռոբերտ Անդերսոնը:
ԱՄՆ դեսպանությունը հպարտ է, որ աջակցում է կրթությունը լիարժեք ներառական դարձնելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին. մի նպատակ, որն ՀՀ կառավարությունը մտադիր է իրականացնել մինչև 2025թ.:
ԱՄՆ դեսպանությունը վերահրատարակել է գրքի հայերեն թարգմանությունը և կինոցուցադրման մեր հյուրերը կկարողանան հեռանալ գրքի իրենց օրինակով:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն