Այս պահին կառավարության շենքի առաջ բողոքի ցույց են անում «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, որոնք համամիտ չեն կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նոր նախագծին, որն առնչվում է կուտակային կենսաթոշակների պարտադիրի բաղադրիչի ներդրմանը: Հուլիսի մեկից պարտադիրի օրենքն ուժի մեջ է մտնելու:
Aravot.am-ի հարցին, «Դեմ եմ»-ի անդամ Լեւոն Հարությունյանն ասաց, որ կառավարությունը ճիշտ կանի օրենքի նախագիծը հետաձգի, որպեսզի հանրային քննարկման դրվի, քանի որ նոր նախագծում էլ մի շարք անհասկանալի կետեր կան: Նրա խոսքով, քաղաքացու մասնակցությունը 2,5 տոկոսով կրկին անհասկանալի է, չհաշված որ պետության վրա է բեռն ավելանում:
«Դեմ եմ»-ի ցույցին էր միացել նաեւ այս նախաձեռնության անդամ «Ելք»-ի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Հարցին՝ եթե կառավարությունը չգնա նախաձեռնության բարձրացրած հարցերին ընդառաջ, ինքը ո՞ր ճամբարում կհայտնվի՝ կառավարության, թե «Դեմ եմ»-ի, պարոն Գորգիսյանն ասաց, որ կարծում է իր սկզբունքներին չի դավաճանի, այսինքն՝ կմիանա ցուցարարներին:
Այդուհանդերձ պարոն Գորգիսյանը կոչ արեց, սպասել եւ տեսնել, միգուցե կառավարությունն այնպիսի լուծումներ է առաջարկում, որոնք կտան նախաձեռնության անդամների հարցերի պատասխանները:
Պարոն Գորգիսյանը, պատասխանելով, այն հարցին, թե ինքն էլ ժամանակին գտել է, որ քառասուն տարին բավականին երկար ժամկետ է այդ գումարները մեկին վստահելու համար, արդյոք չի՞ պատրաստվում, այդ հարցը բարձրացնել, ասաց, որ պետք է լսել կառավարության բացատրությունները: Բացի այդ, պարոն Գորգիսյանի խոսքով, հնարավոր է, որ պետությունը արդեն պայմանավորվածություններ ունի ֆոնդի կառավարիչների հետ, որը հնարավոր չէ չեղյալ անել:
Կառավարության նիստում, որտեղ քննարկվում էր օրենքի նոր նախագիծը, վարչապետին հարցը ներկայացնելիս, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ մտահոգությունները, թե պետության վրա այս նոր նախագիծը բեռ է առաջացնելու, տեղին չեն, ճեղք չի առաջարկելու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով իրավիճակը, ասաց, որ
207 հազար քաղաքացիները, որոնք արդեն միացել են համակարգին գոհ կմնան, իսկ 80 հազարն էլ ըմբռնումով կմոտենան, քանի որ համակարգը ներդրվում է տնտեսական ցնցումներից խուսափելու համար: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշմամբ 207 հազար քաղաքացի 5 հազար դրամ ավել աշխատավարձ է ստանալու: Չնայած նիստի ընթացքում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ ինքը որպես մարդ դեմ է, քանի որ մինչ նախարար եղած ժամանակ էլ դեմ է եղել, բայց կողմ կքվեարկի նախագծին:
Արծվիկ Մինասյանի եւ Նիկոլ Փաշինյանի բանավեճի մանրամասները նիստի ընթացքում՝ շուտով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ