Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ պաշտոնյան՝ բանակում զինվորի բռնաբարության դեպքի մասին

Հունիս 11,2018 18:28

Մոտ մեկ ամիս առաջ Forrights.am– լուր հրապարակեց, որ ՊԲ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում զինվորի են բռնաբարել: Զինվորի մոր՝ կայքին տված տեղեկության համաձայն, տղան ասել է, որ իր անմիջական հրամանատարն է եղել բռնաբարողը:

Գործի քննության ժամանակ զինվորը նոր ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ փոխելով իր նախնական ցուցմունքը: Զինվորի մայրը պատրաստվում է դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին, ՄԻՊ Արման Թաթոյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով իր որդուն գոնե տեղափոխել Կենտրոնական զինվորական հոսպիտալ, քանի որ նրան բժիշկների եւ հոգեբանների օգնություն է պետք:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում պաշտպանության նախարարության գնդապետ, Մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանն ասաց. «Ճիշտն ասած, այդ դեպքի մասին մենք էլ ենք տեղեկացված: Ես այս պահին հստակ չեմ կարող ասել, որովհետեւ քրեական գործ է հարուցված, քննություն է ընթանում: Քննչականից կամ դատախազությունից մեր կոլեգաները կարող են ավելի հստակ պատասխանել, բայց այդտեղ նաեւ սուտ մատնության որոշակի ուղղվածություն է ստացել, եթե չեմ սխալվում»:

Ավետիսյանն ասաց, որ ՊՆ-ում դեպքն արձանագրվել է. «Մեզ էլ են ահազանգել, տառացիորեն երեկ այդ հարցով մայրը գտնվում էր այնտեղ, խնդիրներ էին առաջացել, մեզ դիմել էին, զանգել էին, մենք փորձում ենք կապ պահպանել՝ ինչքանով մեր իրավասությունները դրա հնարավորությունը տալիս են: Բայց կոնկրետ քննության մասով մենք ոչինչ չենք կարող ասել»:

Հարցին՝ սա բացառի՞կ դեպք է բանակում, էլի եղե՞լ են բռնաբարության դեպքեր՝ գնդապետը պատասխանեց. «Բռնաբարության այդպիսի դեպք այս պահին չեմ կարող հիշել, եթե նույնիսկ եղել են, շատ-շատ բացառիկ, մեկ-երկու դեպք կարող է, բայց այս պահին չեմ կարող հիշել նման դեպք: Վերջին 10-15 տարիների ընթացքում, համենայնդեպս, չեմ հիշում, որ նման բան ֆիքսված լինի»:

Հարցին՝ հնարավո՞ր է լինեն, բայց կոծկվեն այդ դեպքերը՝ Ալեքսանդր Ավետիսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, բայց միեւնույն ժամանակ ոչ մի բան չես կարող բացառել, որովհետեւ կա մարդկային գործոնը: Մեկը միգուցե չի վստահում այդ մասին ինֆորմացիա տա, միգուցե զինվոր-զինվոր փոխհարաբերությունում հարցեր առաջանան, սպա-զինվոր, սպա-սպա, ինչու ոչ, դա էլ է հնարավոր: Մարդկային գործոնը հաշվի առնելով՝ մենք ոչ թե պետք է կենտրոնանանք, համենայնդեպս, օբյեկտիվ կլինի, որ դա դիտարկենք զուտ անձնական փոխհարաբերությունների տեսանկյունից, ոչ թե զինծառայողերի»:

Գնդապետն ասաց, որ նման գործերի լատենտայնության մասին չի կարող ասել,մ բայց վստահ է, որ համենայնդեպս, «մեծ տարածվածություն» չունեն նման դեպքերը. «Փառք Աստծո, մենք ունենք բազմաթիվ վերահսկողական գործառույթներ, հնարավորություններ, ուղղակի մենք պետք է այստեղ իրազեկումը բարձրացենք, որ եթե իրականում նմանօրինակ փորձեր, դեպքեր լինեն, գոնե զինծառայողը վստահություն ունենա համապատասխան կառույցի նկատմամբ՝ սկսած մեզնից, ասենք, թեկուզ մենք, որպես պայմանական վերահսկողական օղակ ԶՈՒ-ում, մարդու իրավունքների կենտրոնը՝ իր թեժ գծով, մարդիկ կարողանան վստահաբար դիմել, մենք կկարողանանք երաշխավորել իրենց իրավունքների պաշտպանությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930