Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱԼԱ»-ն «մաքրազարդում» է Գյումրու պատվավոր քաղաքացիների ցուցակը․ 4 դեմքերի փորձում են զրկել կոչումից (Տեսանյութ)

Հունիս 11,2018 18:22

Այսօր Գյումրու ավագանու իրավական հանձնաժողովի նիստն էր, որի ժամանակ քննարկվեց նաև ԳԱԼԱ խմբակցության առաջարկը՝ ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, նրա եղբորը՝ Լևոն Սարգսյանին ու ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին հետմահու Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին։

ԳԱԼԱ-ի առաջարկն ու հիմնավորումները ներկայացրեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Չորս անձանց հարցը քննարկման դրվեց առանձին-առանձին։

Խոսելով Սերժ Սարգսյանի Գյումրու պատվավոր քաղաքացի լինելու մասին՝ Լևոն Բարսեղյանն ասաց, որ նա 2006 թվականին է արժանացել այս կոչմանը։ Ըստ բանախոսի, գնահատելով նրա դերը Հայաստանի Հանրապետության մեջ՝ «ԳԱԼԱ» խմբակցությունը գտել է, որ նա բավարար արժանիքներ չունի Գյումրու պատվավոր քաղաքացու բարձր կոչմանն արժանանալու։

Լևոն Բարսեղյանը մի քանի հիմնավորում առանձնացրեց․ նա ասաց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տաս տարիների ընթացքում շուրջ 400 հազար քաղաքացի լքել է Հայաստանի Հանրապետությունը, հայկական կողմը մոտ 800 հեկտար տարածքների կորուստ է կրել, աճել է ՀՀ-ի պետական պարտքը՝ համարյա քառապատկվել է։

«Որևէ արժանիքով աչքի չի ընկել Սերժ Սարգսյանը Գյումրի քաղաքին զարգացում բերելու տեսանկյունից, Գյումրու նկատմամբ հատուկ ուշադրության տեսանկյունից և Հայաստանի Հանրապետությանը զարգացում բերելու տեսանկյունից», -ասաց Լևոն Բարսեղյանը։

Երկրորդ առաջակը Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին էր։ Լևոն Բարսեղյանի ներկայացմամբ՝ նա Գյումրու ավագանու որոշմամբ 2002 թվականին է դարձել Գյումրու պատվավոր քաղաքացի։ Լևոն Բարսեղյանը հիշեցրեց, որ ավագանու կանոնակարգով նախատեսված է և՛ շնորհել, և՛ զրկել այդ կոչումից։ Նրա ներկայացմամբ, Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանանալ այն քաղաքացիները, որոնք իրենց անբասիր աշխատանքով, բացառիկ մեծ վաստակով կնպաստեն համայնքի բարգավաճմանը։

«Քոչարյանի պաշտոնավարումը սկսած 1998 թվականից լի է եղել բազմաթիվ դեպքերով, փաստերով, միջադեպերով, որոնք Քոչարյանի հակաժողովրդական վարքն են ապացուցում։ Որևէ կերպ աչքի չի ընկել որպես Հայաստանի Հանրապետության զարգացման ջատագով, նաև Գյումրու զարգացման համար ջանքեր չի ներդրել։ Ինչ որ արել է, արել է ի պաշտոնե և շատ թերի։ Մասնավորապես 1998 և 2002 թթ․-ին խախտելով ՀՀ Սահմանադրությունը՝ առաջադրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, իրավունքը չի ունեցել։ Նրա կառավարման տարիներին աճել է կոռուպցիայի մակարդակը երկրում, եթերազրկվել են «Ա1+», «Նոյան Տապան» հեռուստաընկերությունները, բազմիցս զանգվածայնորեն խախտվել են մարդու իրավունքները Հայաստանում։ 2004 թվականին Բաղրամյան պողոտայում զարհուրելի ծեծի են ենթարկվել ցուցարարները, 2008 թվականի մարտի մեկի դեպքերը բոլորդ հիշում եք, երբ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման հետևանքով Երևանի փողոցներում գնդակահարվել է 10 հոգի և այլն, և այլն և այլն»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Հաջորդը ԱԱԾ նախկին պետ Գորիկ Գուրգենի Հակոբյանին հետմահու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին էր։ Լևոն Բարսեղյանն ասաց, որ Գյումրու ավագանու կանոնակարգով հետմահու ունեն իրավունք զրկելու կոչումից։ Նրան 2006 թվականին է շնորհվել Գյումրու պատվավոր քաղաքացի։ «Այն հիմքերը, որոնք նախատեսված են Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը ստանալու համար, ներկայացված են ավագանու կանոնակարգում, որևէ կերպ, Գորիկ Գուրգենի Հակոբյանը ո՛չ 2006 թվականին, ո՛չ էլ հիմա չի համապատասխանում։ Այս մարդը մի քանի անգամ աչքի է ընկել հասարակության նկատմամբ վիրավորական վերաբերմունքով, մարդկանց ոչխար կոչելով։ Դրա ապացույցները յութուբում են, որևէ հատկանշանական բան չենք կարող հիշել Գորիկ Գուրգենի Հակոբյանից, որ արել է Գյումրի քաղաքի համար, միակ բանը, որ հատկանշական է՝ ծագումով գյումրեցի է։ Եթե այդ սկզբունքով առաջնորդվենք, աշխարհի վրա երևի մի 500 հազար հոգու Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում պիտի տանք»,-ասաց Լևոն Բարսեղյանը։

Նա նաև հիշեցրեց, որ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման օրոք մարդիկ, օրինակ՝ Վահան Մարտիրոսյանը, որոնք Հայաստանը լքելու իրավունք չեն ունեցել, գտնվել են քննության տակ, հեշտությամբ հատել են սահմանը։

Չորրորդը՝ Սերժ Սարգսյանի եղբորը՝ «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանին պատվավոր կոչումից զրկելն է, որին պատվավոր կոչման արժանացրեցին երկու տարի առաջ, և սա մեծ աղմուկ բարձրացրեց գյումրեցիներից շատերի շրջանակում։ Լևոն Բարսեղյանն ասաց, որ նրան կոչումը շնորհվել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ «Այն ժամանակ հիմնավորումներ էին բերում, թե «Վերածնունդ» դասական երաժշտության փառատոն է նախաձեռնում «Փյունիկը», բայց ես գիտեմ, որ Գյումրիում բազմաթիվ փառատոններ են նախաձեռնում բազմաթիվ մարդիկ և միայն Սերժ Սարգսյանի եղբայրը լինելու հանգամանքն է եղել՝ ըստ ամենայնի, որ այս մարդը դառնա Գյումրու պատվավոր քաղաքացի։ Ավելին, փառատոնի ժամանակ մասնակիցներից ֆինանսական հսկայական շարժեր են եղել դեպի փառատոնի կազմակերպչական բյուջե, հարցումներ ենք ուղղել բազմաթիվ։ «Փյունիկ» հիմնադրամը մեր հարցումներն անտեսել է ուղղակի, ոչ թե մերժել է տեղեկություններ տրամադրել»,-ասաց Լևոն Բարսեղյանը։

Նա հիշեցրեց, որ Գյումրին նպաստել է փառատոնի կազմակերպմանը, համայնքի բյուջեից 5 միլիոն դրամ էր տրամադրվել։

«ԳԱԼԱ» խմբակցության անդամների ասելով՝ այժմ էլ տեղեկություններ կան, որ փառատոնի մասնակիցները այս տարի ևս վճարել են իրենց մասնակցության ծախսերը, այնպես որ անտեղին է սա քաղաքի բարեգործություն ներկայացնելը։

«Սրանք քաղաքական որոշումներ են եղել, դնենք, հաճոյանաք, լավություն անենք», – ասաց Լևոն Բարսեղյանը։ Նա նաև նշեց, որ ցուցակի մաքրազարդումը շարունակվելու է, այս չորսով չի սահմանափակվելու։ Եթե ավագանին մերժի իրենց առաջարկը, անընդմեջ օրակարգ կմտցնեն հարցը։

«Մենք նպատակահարմար ենք գտել մաքրել Գյումրի քաղաքի պատմությունն այս սխալներից, եթե հանկարծ ավագանին կմերժի այս որոշումները, հաջորդ նիստին նույնպես կառաջարկենք, հաջորդ նիստում կմերժի, էն մյուսին կառաջարկենք, այնքան ենք առաջարկելու մինչև Գյումրու պատվավոր քաղաքացու ցուցակը մաքրվի այն մարդկանցից, որոնք արժանի չեն կրելու այդ կոչումը»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930