Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելը «հրամայական» է

Հունիս 11,2018 18:15

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման գործողությունները, սակայն այս գործընթացում առավել գնահատելի է քաղաքացիների կողմից զենքի կամավոր հանձնումը` որպես հանրային բարձր իրավագիտակցության ցուցիչ և ոստիկանություն-հասարակություն իրական գործընկերության արտահայտություն: Անօրինական զենք պահելն ու կրելը ոչ միայն քրեորեն դատապարտելի է, այլև վտանգավոր:

Վտանգավոր` առաջին հերթին պահողի ու կրողի, նրա հարազատների, հատկապես նաև երեխաների համար: Թաքցված հրազենը մի օր անպայման կրակելու է, պահված նռնակը մի օր պայթելու է, և հնարավոր է՝ երեխայի ձեռքերում․ ողբերգությունից հետո արդեն ուշ կլինի մեղավոր ու անմեղ փնտրելը, մեղքը քավելու բոլոր փորձերն էլ` անիմաստ: Ողբերգության այդպիսի օրինակները, ցավոք, քիչ չեն, և անօրինական զենք պահելու ոմանց համառությունը մեծացնում է դրանց կրկնության հավանականությունը:

Սիրելի հայրենակիցնե´ր, ոստիկանությունը բազմիցս խնդրանքով ու հորդորով դիմել է ձեզ ու նորից է դիմում. հրաժարվե´ք այդ մահաբեր գայթակղությունից և իրավապահ մարմիններին կամավոր հանձնեք անօրինական զենք-զինամթերքը:

Հիշե´ք. անօրինական զենքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից, ապահովագրում են հարազատներին ու երեխաներին հնարավոր ողբերգությունից, իսկ իրենց` մշտապես տագնապի մեջ ապրելու հեռանկարից: Միայն ոստիկանության ու հասարակության հստակ փոխըմբռնման ու գործընկերության միջոցով է հնարավոր հասնել անօրինական զենք-զինամթերքի շրջանառության բացառմանն ու բոլորի և յուրաքանչյուրի ապահովության հաստատմանը:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930