Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Ռումինիայի դիվանագիտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Դան Պետրեն մեր հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխության մասին եւ ի՞նչ հեռանկարներ է տեսնում՝ Ռումինիայի հետ հարաբերությունների խորացման առումով՝ պատասխանեց. «Թավշյա հեղափոխությունները ներքին լարվածությունները մեղմելու ձևեր են և լավ է, որ այն թավշյա է: Ես մի երկրից եմ, որտեղ թավշյա հեղափոխություն չի եղել: Մենք տեսնում ենք, որ առաջին տարիներին՝ տասը տարիներին այն բևեռացնում է հասարակությունը: Իմ տպավորությամբ, ես կարող եմ ասել, որ այն բազմաթիվ հույսեր է առաջացնում, որ իրողությունները կարող են դեպի ավելի լավը փոխվել: Հայերը պետք է դատեն, թե ինչպես է ամեն ինչ ընթանում: Մեր երկրներում, որոնք տարբեր գործընթացների միջով են անցել, մենք այս 27 տարիների ընթացքում հասկացել ենք, որ ժամանակ է հարկավոր, եւ դուք հիասթափվում եք: Հիշում եմ, որ 1999 թվականին, կարծում էինք, որ ամեն ինչ կլուծվի 6 ամիսների ընթացքում, բայց 20-ից ավելի տարի է անցել, և այդ խնդիրները դեռ առկա են»:
Ինչ վերաբերում է Ռումինիայի հետ հարաբերություններին՝ Դան Պետրեն ասաց. «20 տարի առաջ ես պաշտոնական այցով Հայաստանում էի մեր այդ ժամանակվա նախագահի հետ, կարծում եմ՝ Ռումինիան առաջին երկիրն է, որտեղ հայը մանդատ ստացավ, ոչ որպես պարզապես պատգամավոր, այլ որպես հայ, և դա Վարուժան Ոսկանյանն էր: Մենք Ռումինիայում հայ համայնքի հետ ունենք երկարամյա հարաբերություններ: Առաջին հայկական համայնքը Ռումինիայում եղել է 15-րդ դարում, և մենք դեռ ունենք հայ համայնք, շատ ընկերներ տարբեր օղակներից՝ տնտեսություն, մշակույթ: Այո, կարող են լինել հեռանկարներ, բայց դա կախված է ձեզնից: Ինչպես ասացի, երկար տարիների պատմություն է, դուք ունեցել եք և ունեք գերազանց դեսպաններ Բուխարեստում, պայմանները կան: Կան բազմաթիվ եղանակներ»:
Խոսելով Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքական վեկտորի մասին՝ Դան Պետրեն ասաց. «Եվրոպայի, ՆԱՏՕ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ, դիվանագիտորեն ասած, վատ են: Բայց նայեք, դուք կանցկացնեք ընտրություններ, ձեր երկրում ազատ կքննարկեք, որոշում կկայացնեք, դա ժողովրդավարական կանոն է: Մենք 25 տարի առաջ ընտրեցինք այդ ուղղին, բայց դա մեր ազատ ընտրությունն էր: Ինչպես ասացի, ձեզնից է կախված: Մենք որոշ պահի կդատենք, բայց հայերից է կախված, ինչպիսի որոշում կայացնեն»:
Հայաստան-ԵՄ համաձայնագիրն արդեն Ռումինիայի խորհրդարանի վավերացմանն է սպասում: Մեր հարցին, թե մեծ հաշվով համաձայնագիրը ի՞նչ կարող է տալ Հայաստանին՝ Դան Պետրեն պատասխանեց. «Դա կախված է Հայաստանի կառավարությունից, քանի որ Ասոցացման համաձայնագիրը այնպես է հարմարեցվել, որ գործընկերները կարող են ընտրել, թե ինչ են ուզում: Իհարկե, համաձայնագիրը և ոչ-համաձայնագիրն ունի անուղղակի ազդեցություն: Եվրոպայի տարբեր հատվածներում մենք տեսել ենք որոշակի կրկնօրինակում անկախ նրանից ԵՄ և երրորդ երկրի միջև համաձայնագրի իրավական ձևաչափ կա, թե ոչ: Այո՛ կարծում եմ դա հասարակությունում կդրդի որոշակի փոփոխությունների, ես չէի ասի բարեփոխումների, բայց դա փոխում է մթնոլորտը, դա շատ հեշտ է, և դուք տեսնում եք, որ մարդկանց կենսակերպը տարբերվում է: Այս ամենը փոփոխվում է, մարդիկ ավելի ազատ են ճանապարհորդում, մասնակցում են «Էրասմուս+» ծրագրին, և այլն, այսպիսով՝ այո, դա կփոփոխվի, բայց դա կախված է գործընկերների տեսլականներից, թե ինչը և ինչքան են ցանկանում փոխել»:
Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումից հետո սպասվում է, որ կլինի ազատ վիզայի ռեժիմ: Այս առնչությամբ Դան Պետրեն ասաց. «Այն շատ բան է հեշտացնում: Մենք վատագույն մտահոգություններն ունենք կապված ապօրինի միգրացիայի հետ: Ես ազատ տեղաշարժի մեջ խնդիր չեմ տեսնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ