ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:
Հանդիպման առանցքում եղել է հայ-իտալական կրթական համագործակցության զարգացման հետ կապված հարցերը, մասնավորապես իտալերեն լեզվի ուսուցման արդյունավետության բարձրացումը և Հայաստանում խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնադրման հնարավորությունները:
Ողջունելով դեսպանին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից է օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացումը: Նրա խոսքով գործնական քայլեր կիրականացվեն ինչպես իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնադրման, այնպես էլ միջբուհական համագործակցության և կապերի զարգացման ուղղությամբ:
Դեսպան Դել Մոնակոն շնորհավորել է Արայիկ Հարությունյանին` ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ բացի քաղաքական, տնտեսական համագործակցությունից՝ կարևորագույն դեր ունի կրթության ոլորտի զարգացումն ու այդ ոլորտում համագործակցությունը: Դեսպանի խոսքով, կրթության ոլորտում իրականացվող գործունեությունը միտված է ապագային:
Դեսպանը վերահաստատել է իտալական կողմի պատրաստակամությունը Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի ստեղծմանը, ինչպես նաև «Դանթե Ալիգիերի» կրթամշակութային կենտրոնի հիմնադրմանն աջակցելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:
ԿԳՆ մամուլի հաղորդագրություն