Դուք գիտեի՞ք, որ գործարարները տարիներ շարունակ ճամպրուկներով գումարներ էին տանում «Բաղրամյան 26»`հարցն այսօր Aravot.am- ն ուղղեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին: Իսկ որ գործարարները նախկինում գումարներ են տարել «Բաղրամյան 26», օրերս հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ոչ ոք չի ասում, որ գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է եւ ասել է`հարգելի գործարարներ, ես չգիտեմ թե դուք ամիսը քանի՞ անգամ, ի՞նչ չափի ճամպրուկներով, ի՞նչ եք բերել «Բաղրամյան 26», բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդ տեսակի պարտականություններից»,- ասել էր վարչապետը: Ընդ որում, գործարարները, ըստ վարչապետի, խոստովանել էին, որ նման բան եղել է:
«Ես ոչ միայն չգիտեի, այլեւ համոզված չեմ, որ այդպիսի բան է եղել»,- ասաց Գագիկ Մինասյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը հորդորեց`այդ առիթով բոլոր հարցերը տալ բոլոր նրանց, ովքեր հասցեատերն են`հայտարարել են, տվել են կամ վերցրել:
Արդյոք վարչապետի հայտարարությունն իրավական արձագանք կստանա`մեր հաջորդ հարցին Գագիկ Մինասյանը պատասխանեց նույն կերպ`այդ հարցերը տվեք հասցեատերերին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ