Այսօր Կովկասի ինստիտուտը կազմակերպել էր «Կովկաս 2017» ամենամյա միջազգային գիտաժողովը, որի ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, խոսելով 2017-ի իրադարձությունների մասին, անդրադարձավ ինչպես խորհրդարանական ընտրություններին, նախահեղափոխական շրջանին, նաեւ արցախյան հակամարտությանը:
Նա ասաց, որ հեղափոխությունները հենց այնպես չեն լինում, դրանք անպայման ինչ-որ հիմք են ունենում. «Հենց այնպես ու հանկարծակի հեղափոխություն չի լինում»:
Առհասարակ 2017-ը, ըստ Իսկանդարյանի, Հայաստանի քաղաքական կյանքում ձանձրալի չէր, այն շատ հագեցած էր:
«Եթե 5-7 տարի առաջ «ոչ մի թիզ հող», «ավելի լավ է հող՝ առանց թղթի, քան թուղթ՝ առանց հող» դիրքորոշումները Հայաստանում կային, բայց շատ մարգինալացված: Ղարաբաղում միշտ եղել է, բայց Հայաստանում դա կարող էին ասել հատուկենտ մարդիկ՝ ինչ-որ ինտելեկտուալներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, իսկ 2016-ից հետո այդ դիրքորոշումը դարձավ հիմնական ուղղություն»:
Հայ հասարակությունում բավականին հստակ ամրագրվեց, որ բանակցությունների ձեւաչափում Հայաստանը ո՞ւմ հետ բանակցի: Իսկանդարյանի խոսքով՝ «Մի ձեռքով կրակել, իսկ մյուսը մեկնել բանակցությունների համար, անհնար է, ես խոսում եմ հասարակական տրամադրությունների մասին»:
Ալեքսանդր Իսկանդարյանը հիշեցրեց, որ ՀԱԿ-ը երբ խոսեց փոխզիջումների մասին 2017-ի ընտրությունների ժամանակ, կորցրեց իր ընտրազանգվածը. «Լեւոն Տեր-Պետրոսյանը միակն էր երկրում, որը խոսում էր ինչ-որ բանի մասին, որը տարբերվում էր մյուս հիմնական ուղղությունից»:
Ինչ վերաբերում է բանակցություններին, այն 2017-ին եղել է, բայց ի՞նչ են խոսում բանակցությունների ժամանակ՝ վստահության միջոցների, սահմանի վրա հետաքննող մեխանիզմների մասին, ռեժիմի խախտման բացառման եւ այս կարգի բաների մասին: Իսկանդարյանն ասաց. «Փորձեր՝ կարգավորվելու հակամարտությունը, այլեւս չկա: Կա փորձ՝ փորձել ապրել այս կոնֆլիկտի պայմաններում՝ հնարավորինս քիչ կորուստներով՝ թույլ չտալ էսկալացիա ապրիլյան դեպքերի նման եւ փորձել բռնություններից հետ մնալ»:
Նախորդ տարվա կարեւոր իրադարձություն պարոն Իսկանդարյանը համարեց Հայաստանը Ղարաբաղին կապող ճանապարհների շինարարությունը. «Այդ ճանապարհն անցնում է ազատագրված տարածքներով եւ անցնում է այն տարածքներով, որոնք մադրիդյան սկզբունքների համաձայն պետք է հանձնվեն: Այդ ճանապարհը միայն չի կառուցվել, այնտեղ շինարարություն է գնում՝ նոր էլեկտրակայաններ, բիզնեսներ, լցակայաններ ու ռեստորաններ: Սա բերում է նրան, որ ֆորմալ առումով այն տարածքը, որը պետք է գործընթացի վերջնական արդյունքում փոխզիջվի Ադրբեջանին, սա ցույց է տալիս ռեալ վերաբերմունքը, որը կա ղարաբաղյան հարցում: Այսինքն՝ մի կողմից Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Մինսկի խմբի բանակցությունների ձեւաչափից, ձեւաչափը մնում է, բայց այդ Մինսկի գործընթացը չի դիտարկվում՝ որպես գործընթաց, որտեղ կոնֆլիկտը կարելի է կարգավորել: Այն քաղաքական անվտանգության ձեւաչափերից մեկն է դիտարկվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ