ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը, ՀՀ-ԵՄ համաձայնագրի՝ ՀՀ քաղաքացուն ուղղված ուղերձն այսպես բնութագրեց. «ԵՄ-ն ասում է, եթե ուզում ես ինձ հետ լինել գործընկեր, պիտի համապատասխանես այն չափանիշներին, որոնք առկա են մեզ մոտ և այն արժեքներն ընդունես, որոնք առկա են ԵՄ-ում»:
«Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկմանը պարոն Իգիթյանն առանձնացրեց այն ոլորտները, որոնք ԵՄ-ում կարևորում են՝ կոռուպցիա, բիզնես միջավայր, դատախազություն: Այս առիթով պարոն Իգիթյանը նկատեց. «Այդ հարցը մենք հեղափոխությամբ չենք լուծել: Ժողովուրդն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և իր թիմի, զբաղեցնում է միայն գործադիր իշխանության վերին շերտը: Միջին և ներքևի շերտերը դեռ աշխատում են նույն կերպ: Դատական իշխանությունը դեռ հեռու է բարեփոխումներից»:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով հեղափոխության՝ մութ ուժերի և դրսի կազմակերպությունների կողմից կազմակերպված լինելու շահարկումներին, հայտարարեց. «Հայ ժողովուրդն ասաց՝ սրանք իր արժեքներն են: Եվրոպամետ, արևմտամետ բոլոր անհեթեթ որակումներն ուղղակի հոդս ցնդեցին, քանի որ դրանք ամենևին եվրոպական չեն, այլ տարրական բնական, մարդկային պահանջմունք ու արժեքներ են: Ուզում եմ, որ մենք լավագույնս ներկայացնենք, որ մարդիկ իմանան, թե ՀՀ-ի և ՀՀ իշխանությունների ինչ պարտավորությունների մասին է խոսքը: Հատուկ շեշտադրվում է փոքր և միջին բիզնեսի զարգացումը. դա գործարարության զարգացման կարևորագույն նախադրյալներից է»:
Ստյոպա Սաֆարյանը դեռ չցանկացավ անդրադառնալ ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրին՝ պատճառաբանելով, որ սա ժամանակավոր կառավարություն է, որը կազմակերպելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունները. «Դիտարկում եմ, որ այս ծրագիրն ընթացիկ կառավարման համար է. մինչև նոր իշխանություններ կձևավորվեն»:
Պարոն Սաֆարյանը հավաստիացրեց՝ ունենք լավ նախադրյալներ համաձայնագիրն իրականացնելու համար, և այդ հնարավորությունը կորցնել երբեք պետք չէ:
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Քաղաքացիական հասարակություն ծրագրի պատասխանատու Տաթևիկ Խաչատրյանի հավաստմամբ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը լավ գործիք է քաղհասարակության ձեռքին. «Քաղհասարակությունը կարևորում է այն, որ քննչական մարմինները դառնան հնարավորինս անկախ, և արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո վերադառնան այնտեղ, որտեղ պիտի լինեին՝ խորհրդարանական վերահսկողության ներքո, ոչ թե վարչապետի: Խոսքը ուժային կառույցների նկատմամբ հասարակական վերահսկողության սահմանման մասին է, կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու մասին: Այստեղ քաղհասարակության առաջարկներն ավելի քան լավ արտացոլվել են կառավարության ծրագրում: ԵՄ-ից ստանձնած պարտավորություններն առաջին անգամ տեսնում ենք, որ սինքրոնիզացվել են կառավարության ծրագրում:Առաջին անգամ իշխանությունը քաղաքական կամք է հայտնում պայքարել արատների դեմ, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը, օրենքի առաջ բոլորի անհավասար լինելը»:
«Երեւանի Եվրոպական ուսանողական ֆորում» ՀԿ գործադիր տնօրեն, քաղաքագետ Արմենակ Մինասյանի բնորոշմամբ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը բավականին մեծ հեռանկարներ է բացում ՀՀ-ի առաջ. «Սա հավակնոտ համաձայնագիր է: Ըստ էության ՀՀ-ն դեռ նախորդ իշխանության օրոք միջազգային պարտավորվածություն էր ստանձնել ներպետական օրենսդրության՝ եվրոպական չափանիշներին մոտեցնելու հարցում: Սա նշանակում է, որ օրենսդրական մակարդակում տրվելու են շատ հարցերի պատասխաններ: Համաձայնագիրը միտված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ավելի արտոնյալ պայմաններ ստեղծել: Համաձայնագիրը հստակ ամրագրել է մի շարք հնարավորություններ: Օրինակ՝ այն հնարավորություն է տալիս ՀՀ տարածքում գրանցված ցանկացած ընկերության մասնակցել ԵՄ տարածքում իրականացվող ցանկացած տենդերի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի