Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակային կենսաթոշակային համակարգում քաղաքացու վճարվելիք 5%-ը կդառնա 2,5%

Հունիս 11,2018 15:31

Այսօր կառավարության արտահերթ նիստում ներկայացվելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծի համաձայն, պետությունը քաղաքացիների եկամուտների նվազեցման բեռը փորձում է մեղմել:

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Ներկայումս պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10%-ը. 5 %-ը վճարում է անձը, 5%-ը՝ անձի օգտին պետությունը։ Ըստ կառավարություն ներկայացված որոշման նախագծի, համակարգին անդամակցող, ինչպես նաեւ նոր միացող անձանց համար դա լրացուցիչ բեռ է, որը հանրության հիմնական մտահոգությունն է։ Նախագծով առաջարկվում է այդ 10%-ի ձեւավորման այլ մեխանիզմ՝ 2,5%-ը քաղաքացին, 7,5%-ը՝ պետությունը։

«Օրինակ, 200 000 դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է եւս 10 000 դրամ։ Նախագծի համաձայն, անձը կվճարի 5000 դրամ (2,5 %-ը), իսկ պետությունը՝ 15 000 (7,5%-ը)։ Այս դրույքաչափերը կգործեն մինչեւ եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաեւ սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար»,-գրված է որոշման նախագծում։

Բացի այս, նախագծում ներկայացվում է համակարգի ֆինանսական հատվածը, ըստ այդմ, այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 7%-ը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

«Այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը, եւ տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել այն ռիսկերը, որոնք կարճաժամկետ և երկարաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար, ինչպես նաեւ այն դրական արդյունքը, որը կարող ենք ունենալ համակարգի ամբողջական ներդրմամբ»,-գրված է որոշման նախագծում:

Կառավարությունը խոստանում է շարունակել քննարկումները հասարակության լայն շերտերի հետ՝ նրանց մտահոգություններին արձագանքելու եւ համակարգը երկարաժամկետ հեռանկարում ավելի ճկուն եւ ներառական դարձնելու համար։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930