Համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կայացած ցույցի մասնակիցներից մեկին փրկում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Նա նաեւ կանխում է հնարավոր բախումը լարված իրավիճակում, երբ ցուցարարների մի մասը վանկարկում էր «Վեհափառ», մյուս մասը` «Վեհափառ, հեռացիր»:
Aravot.am-ի հետ զրույցում տեր Հակոբն այսպես մեկնաբանեց իր քայլը, նաեւ մոլորյալ քրիստոնյա անվանեց այն մարդուն, ում գրկել էր. «Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ կարող էր բախում լինել, դրա համար էլ ես իրեն փրկում եմ…Հայ եկեղեցու յուրաքանչյուր զավակ, որ գալիս է պատարագի արարողության է մասնակցում, ստանում է հաղորդություն, տվյալ հավատացյալը ճաշակում է Քրիստոսին` սուրբ հաղորդության միջոցով: Պատարագի արարողությունից հետո եւ իր ամբողջ կյանքի ընթացքում իր միջոցով Քրիստոս պետք է ներկայանա, իր` քրիստոնյա լինելու հանգամանքը պետք է արտահայտվի իր վարքագծում…
Քրիստոնյան չի կարող իրեն Աստծո իրավունքներ վերապահել, քրիստոնյան չէ, որ պետք է դատի իր օծյալին եւ առաջնորդին, քրիստոնյայի գործողությունները որոշակի ավետարանական տրամաբանական հիմնավորումներ պետք է ունենան»:
Տեր Հակոբի խոսքերով, պատարագի արարողությունից հետո հաղորդություն ստացած եւ դրանից հետո Վեհափառի վերաբերյալ կոպիտ որակումներ անող անձի վարքագիծը բխում էր գայթակղության տրվելուց. «Սա գայթակղության քար է նաեւ համայնքի այն անդամների հանդեպ, որոնք ուզում են իրենց քրիստոնեական համոզումների մեջ հաստատվել, որոնք եկել էին եկեղեցի իրենց խաղաղությունը գտնելու, մեկը հուղարկավորություն ուներ, մահ, մյուսը հիվանդ…Եվ այդ իրավիճակում մեկը, որ իրեն հռչակել է քրիստոնյա, մտնում հաղորդություն է ստանում ու վանկարկումներ է անում մեր եկեղեցու հոգեւոր պետի վերաբերյալ, Վեհափառ հայրապետի մասին` համայնքի անդամների առաջ… Կլինի՞ այդպես…Ի վերջո այդ համայնքի անդամներն էլ, որոնք իրենց հաստատվելու ճանապարհին են, դա ընկալում են իբրեւ հարձակում իրենց սրբության վրա: Հակառակ նրա, որ հարձակվողն իրեն ուզում է համարել նման համոզումների տեր մեկը, բայց իր գործողությունները չեն բխում այդ համոզումներից, չեն բխում եկեղեցին զորացնելու մտադրությունից»:
Տեր Հակոբը շեշտում է. «Հնարավոր էր, որ բախում լիներ, իրենց համոզումները պաշտպանելու ներքին ցանկություն ունենային մարդիկ, մանավանդ այնտեղ երեխաներ կային, կանայք, զբոսաշրջիկներ: Երբ 15-16 հոգով օգտագործելով համացանցային հնարավորությունները` նման քայլի են դիմում, մենք կարո՞ղ ենք դա որակել որպես հանուն եկեղեցու գործողություն: Մյուս կողմից էլ, քանի որ երկու կողմն էլ մեր եկեղեցու զավակներ էին, սակայն մի կողմը չգիտի, թե ինչ է անում, անում է մի գործողություն, որի մեջ օրհնություն չկա, վտանգ կա իր կյանքի, համայնքի հանդեպ, Քրիստոսի մարմինը խարխլելու համար, իմ ներկայությունը նրա համար էր, որ բախում եւ պառակտում տեղի չունենար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ