Այսօր «Կովկաս 2017» միջազգային գիտաժողովի ժամանակ ամփոփվեցին անցյալ տարվա քաղաքական իրադարձությունները Հարավային եւ Հյուսիսային Կովկասում եւ քննարկեցին տարածաշրջանային անվտանգության հարցերը:
Քաղաքագետ, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձավ Ադրբեջանի քաղաքական ու սոցիալ-տնտեսական իրադարձություններին՝ նշելով, որ 2017-ին Ադրբեջանի ներքաղաքական կյանքում համակարգային փոփոխություններ չեն եղել եւ տարին բեկումնային չենք կարող ասել, եթե որոշ նախարարների հրաժարականները չհաշվենք: Խոսելով Ալիեւի մասին, նա ասաց՝ հասկանում ենք, որ Ալիեւը Ադրբեջանում ոչ թե ազգանուն է, այլ՝ պաշտոն:
Եթե 2016-ին Ալիեւը իր ելույթները սկսում էր անվտանգության հարցերից, խոսում էր 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին, նաեւ խոսում էր տնտեսական անկայունության վտանգների մասին՝ նավթի գների անկման եւ այլն, ապա 2017-ին հակառակը նա պնդում էր, թե համաշխարհային տնտեսական խնդիրների ֆոնին Ադրբեջանը կայունության կղզյակ է: Մարկեդոնովն անդրադարձավ Ալիեւի կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային: Նրա խոսքով՝ երբ Ալիեւը իր տիկնոջը նշանակեց առաջին փոխնախագահ, Սահմանադրության համաձայն, նա պետք է իր ձեռքը վերցնի ղեկը, եթե նախագահը չի կարող իր պարտականությունները կատարել: Սա ամենագլխավոր իրադարձությունն էր, կարելի է ասել: Այս նշանակումը տարբեր շրջանակներում, վերլուծություններում սարկազմի ու հումորի էին ենթարկում, կատակում էին, թե՝ «պարոնը նշանակեց սիրելի կնոջը» եւ այլն: Քաղաքական մշակույթի առումով այդ նշանակումը, ըստ Մարկեդոնովի, շատ հետաքրքիր էր: Ըստ նրա, նախ, Ալիեւի կինը մինչեւ այդ պարզապես առաջին տիկին չէր, որը բացում էր ցուցահանդեսներ, ժապավեններ էր կտրում եւ այլն, դեռ 2004-ին ստեղծված Հեյդար Ալիեւի ֆոնդն էր ղեկավարում, իսկ այդ ֆոնդը բավականին մեծ ռեսուրսների է տիրապետում:
Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձավ նաեւ Ալիեւի ձեռնարկած պաշտոնազրկումներին, նախարարական պաշտոններից ազատվեցին բավականին «հնաբնակ» նախարարներ: Մարկեդոնովն ընդգծեց, որ Իլհամ Ալիեւը ժամանակի ընթացքում քիչ-քիչ ազատվեց այն թիմից, որը ստեղծել էր Հեյդար Ալիեւը, նա գնում է թիմի երիտասարդացմանը. «Հեյդար Ալիեւի հին կադրերին հանում է»:
Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ