Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություն կարվի. մարդկանց եկամուտների նվազեցումը մեղմելու բեռը պետությունն իր վրա է վերցնում

Հունիս 11,2018 14:56

«Դատելով նոր կառավարության գործողություններից՝ մի քանի ազդակ պետք է ընդունենք: Իմ ընկալմամբ, այս կառավարությունը վերահաստատում է, որ կենսաթոշակային բարեփոխումները ճիշտ էին, դրանք անխուսափելի են»,-այս մասին այսօր ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ լրագրողների հետ զրույցում՝ Ծաղկաձորում «Ներքին աուդիտի ոլորտում գործող մասնագետների միության» 47-րդ նիստի մեկնարկին:

Նախկին նախարարի խոսքերով՝ «Մենք ունենք մի իրավիճակ, որի մասին փաստեց նաեւ վարչապետը, որ աշխատուժի շուկայում զբաղվածների գերակշիռ մասն արդեն իսկ համակարգի մեջ է, համակարգն արդեն ցույց է տվել, որ կենսունակ է, աշխատում է, կան կուտակված խնայողություններ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց, որ պարտադիրի բաղադրիչը չի հետաձգվելու, հակառակ դեպքում մեր երկրի տնտեսության համար կարող են աղետալի հետեւանքներ լինել: Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Սակայն, այս համակարգին դեմ արտահայտվող «Դեմ եմ» նախաձեռնության անդամները գտնում են, որ օրենքը խնդրահարույց է եւ այն մարդկանց գցում է ծուղակը:

Վարդան Արամյանը, որը կուտակային կենսաթոշակային համակարգի ակունքներում է եղել, ասաց, որ հուլիսի 1-ից, երբ կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր դառնա բոլորի համար, համակարգի մեջ ընդգրկված նոր մարդկանց մոտ հանգեցնելու է եկամուտների որոշակի նվազման: Այդուհանդերձ, Արամյանի կարծիքով, կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը ճիշտ կլինի շարունակել.«Դա հարկ չէ, խնայողություն է: Պետությունն էլ իր կողմից մասնաբաժին է հանում խնայողությունների համար: Հավասար պայմաններում, եթե մեկն ինձ հարցներ՝ կգնա՞ք այդ քայլին, ես, իհարկե, կգնայի դրան»:

Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանն էլ նշեց, որ այսօր կառավարության արտահերթ նիստում ֆինանսների նախարարությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացնելու.«Այսօր կլսեք, որ այդ նախագծով մարդկանց եկամուտների նվազեցումը շատ խիստ մեղմելու ենք: Պետությունը, իհարկե ժամանակավոր, իր վրա է վերցնում որոշակի բեռ՝ մարդկանց եկամուտների նվազեցումը մեղմելու մասով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930