Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան չինովնիկների «դոսյեները» կտրամադրվեն ՀՀ նոր իշխանություններին

Հունիս 11,2018 15:00

Գառնիկ Մարգարյանն արխիվները
կփոխանցի Նիկոլ Փաշինյանին

«Ի՞նչ բանդա: Ում դեմ եթե անգամ փորձ է արվել իբր հարձակման, չկա էդ իշխանությունը: Բայց չկա նաեւ գործողություն, չկա նաեւ հետեւանք: Ամոթ է, էլի: Հանցագործ ռեժիմը չկա»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց արդեն 2,5 տարի կալանքի տակ գտնվող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Նա կալանքի տակ է, այսպես ասած «Նորքի զինված բանդայի» գործով:

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի, Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականի նոյեմբեր ամսին, Երեւանի Նորք թաղամասում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա: Գործի նյութերի համաձայն, խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանն իր համախոհներին առաջադրանք է տվել՝ լուսանկարել իր համար հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները, այդ թվում` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ Մրգաշեն գյուղում գտնվող հայրական տներն ու մատույցները, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատավայրերը, ինչպես նաեւ ՀՀ նախագահի նստավայրը, Բարեկամության, Ֆրանսիայի հրապարակները, Հաղթանակ եւ Կիեւյան կամուրջները: Այս գործով մեղադրանք է առաջադրվել 33 անձի: Ներկայումս ամբաստանյալի կարգավիճակ ունեցող 20 անձանց առաջադրվել է նույն մեղադրանքը՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու, ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, պահելու կամ կրելու եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության հոդվածներով: Նրանց բոլորին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: 20 ամբաստանյալներից 12-ը կալանավորված են, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավով ազատ արձակելու միջոցը:
Երեկ դատարանը քննարկում էր Գառնիկ Մարգարյանի` ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանի եւ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի`անձնական երաշխավորությամբ կալանքը փոխելու մասին: Ֆելիքս Ցոլակյանը չներկայացավ դատարան, միջնորդության քննարկումը հետաձգվեց մեկ շաբաթով:

Գառնիկ Մարգարյանին զարմացնում է այս եւ քաղաքական նկատառումներով կալանավարված այլ անձանց գործերով դատավորների պահվածքը: Ասում է` երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել, իրենք դեռ չեն գիտակցում: Դիտարկմանը`չե՞ն հասկանում, թե՞ ինչ-ինչ «խանգարող հանգամանքներ» կան դեռ կամ պայմանավորվածություններ, Գառնիկ Մարգարյանն այսպես արձագանքեց. «Որովհետեւ այդ բոլոր դատավորները կոռումպացված են, հանցագործություններ են թույլ տվել ժամանակին: Դրա համար չեն կարողանում: Ու սա ավելի վտանգավոր է»:
Մեր զրուցակիցը շատ լավ է վերաբերվում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը. «Պետք է Նիկոլին օգնել, որ երկիրը մաքրի հանցագործ տարրերից, թափթփուկից, ֆաշիզմից: 25 տարի երկրում ֆաշիզն է եղել. Ռոբերտ Քոչարյանը դրել է հիմքերը, Սերժ Սագսյանն էլ շարունակել է: Մարտի մեկի, հոկտեմբերի 27-ի սպանությունները պետք է բացահայտվեն: Կրակելու հրահանգ տվող պաշտոնյաներն էլ պետք է պատժվեն: Իրենք պետք է նստեն այստեղ (նկատի ունի ամբաստանյալի աթոռը-Ն. Գ.): Գառնիկ Մարգայանը հիշում է իր դեմ ցուցմունք կորզելու գործընթացը. «ԱԱԾ-ի պետի տեղակալը ծեծում է, ասում է` Մարգարյանի անունը տվեք: Ինչո՞ւ: Որ գրել եմ Սերժը հինգ միլիարդ թալանել է՞»:

Հիշեցնենք, 2012 թվականի դեկտեմբերին «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահը կոռուպցիայի դեմ պայքարի շարժում սկսեց: Շարժման «սեւ ցուցակը» գլխավորում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այն ժամանակ չարաշահումների եւ կոռուպցիոն գործարքների մասին մի քանի հայտարարություններ հնչեցին, որոնք վերաբերվում էին «Գույք`պարտքի դիմաց» հայ-ռուսական գործարքին, «Անի» հյուրանոցի, «Գումի շուկայի» վաճառքին եւ այլ գործարքների:
Թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը եւս հայտարարել է կոռուպցիայի դեմ անողոք պայքար: Գառնիկ Մարգարյանը գոհ է: «Ես հետեւում եմ եւ օգնելու եմ, Նիկոլին տալու եմ բոլոր նյութերը: Իմ ձեռքի տակ հսկայական նյութեր կան, որտեղ երկու տասնյակ չինովնիկների կոռուպցիոն գործունեության մասին փաստեր են` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Խաչատյան, Երվանդ Զախարյան: Փաստերով գրել եմ ժամանակին: Թող դատի տային: Ինչո՞ւ չեն տվել: Իսկ հիմա, իրենց պատասխան տալու ժամանակն է, պետք է պատասխան տան: Ճիշտ է անում Նիկոլը»:

Երեւանի ընդհանուր իրավասության Կենտրոն եւ Նորք-Մարաշ նստավայրի մոտ ցույց եւ նստացույց էր: 2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով ամբաստանյալների հարազատները պահանջում էին, որ դատարանը արտահերթ նիստ հրավիրի եւ անհապաղ ազատ արձակի բոլոր ամբաստանյալներին: Նրանց վրդովվեցրել է հերթական դատական նիստի կրկին հետաձգումը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

09.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930