Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Արամյան. «Անհանգստանալ պետք չէ, տնտեսական կանխատեսված աճի ցուցանիշը կապահովվի»

Հունիս 11,2018 13:55

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի կարծիքով՝ Հայաստանում դեռեւս տնտեսական ցուցանիշի աճող տեմպեր կան: Այս մասին Արամյանն ասաց այսօր լրագրողների հետ զրույցում՝ Ծաղկաձորում «Ներքին աուդիտի ոլորտում գործող մասնագետների միության» 47-րդ նիստի մեկնարկին:

Բողոքի ցույցերն ու հեղափոխական շարժումն ի՞նչ ազդեցություն կարող են թողնել տնտեսության վրա. այս հարցին ի պատասխան՝ Արամյանն ասաց, որ ապրիլյան դեպքերի ժամանակ, ինչպես որ ակնկալվում էր, տնտեսությունում որոշակի դանդաղություն տեղի է ունեցել, բայց դա նորմալ է. «Որովհետև նման իրավիճակներում ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ տարբեր երկրներում, ցույցերը, հավաքները կամ նման միջոցառումներն ազդում են սպառման վրա, տնտեսական քաղաքականության վրա: Մինչեւ տարեվերջ, կարծում եմ, հնարավոր կլինի ապահովել պետական բյուջեով նախատեսված տնտեսական աճը: Իսկ երկարաժամկետ կտրվածքով ամեն ինչ կախված կլինի տնտեսական քաղաքականության կուրսից»:

Տնտեսվարողների համար, ինչպես նկատեց Արամյանը, շատ կարեւոր են տնտեսական քաղաքականության հեռանկարները: Նախկին նախարարի կարծիքով՝ ներկայիս իշխանությունը կարծես թե շարունակում է նախորդ կառավարության տնտեսական քաղաքականության կուրսը. «Կարծում եմ, որ անհանգստանալ պետք չէ, տնտեսական կանխատեսված աճի ցուցանիշը կապահովվի: Այս տենդենցի ապահովման պարագայում կապահովենք 4.5%»:

Կենսաթոշակների եւ աշխատավարձերի հնարավոր բարձրացման՝ խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հնչած կարծիքների մասին էլ Արամյանն ասաց, որ նման քայլ անելուց առաջ պետք է հաշվի առնել ինչպիսի եկամուտներ են բյուջեով ապահովելու. «Եթե քո տեսադաշտում եկամուտների ապահովման հնարավորություն չկա, խիստ վտանգավոր է պարտավորություն վերցնել՝ թոշակները, աշխատավարձերը բարձրացնելու: Այո, մենք միշտ ասել ենք, որ նվազագույն աշխատավարձերը եւ թոշակները ժամանակի ընթացքում պետք է բարձրանան, բայց որքա՞ն: Չի կարող լինի տնտեսական աճ, եւ դրանից չօգտվեն աշխատողները, թոշակառուները: Թոշակների եւ աշխատավարձերի բարձրացումից ապագայում խուսափել չի լինի, բայց հարցն այն է, թե որքան պետք է բարձրանան: Մեկ անգամ բարձրացումը նշանակում է, որ հետագայում պետք է դրա հետ ապրես, դա մեկանգամյա բարձրացում չէ, տարիների բարձրացում է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930