Կոմիտաս վարդապետ Հովնանյանի բնորոշմամբ՝ ամեն ժամանակներում էլ եղել են անձինք, որոնք տրամադրված են եղել եկեղեցու դեմ: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Հայր Կոմիտասը նշեց. «Միշտ էլ փորձել են տկարացնելով եկեղեցին տկարացնել եկեղեցու դերը: Միշտ էլ եղել է Հայաստանն առանց հայերի ծրագիրը և դրա համար էլ խաղացել են եկեղեցու անվան հետ:
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Տիգրան Եղոյանը պնդեց. «Աղանդավորական շարժման տարածումը ես ավելի շատ կբնութագրեի Մայր աթոռի թուլություն և որոշ հոգևորականների ու սրբազանների՝ իրենց սրբապիղծ գործունեության պատճառ: Իսկ շարժումը չի տկարացնում Մայր աթոռը»:
Անդրադառնալով երեկ հոգևորականների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքին, Հայր Կոմիտասն ասաց. «Այս գաղափարը երկուսի էր բաժանել հայ եկեղեցականներին: Ոմանք, կաթողիկոսին դիմելով, գոչում էին հրաժարվի, մի ահռելի զանգված էլ գոչում էր՝ վեհափառ: Մենք ուզում ենք մեր հավաքականությունը երկուսի՞ բաժանել: Մեր անմիասնականությունն է, որ թույլ է տալիս ոմանց անելու այն, ինչ ուզում են։ Կառույցին մի մեղադրեք, եկեղեցու անունը մի տվեք, այլ անձին մեղադրեք։ Ոչ ոք անսխալական չէ»:
Տիգրան Եղոյանն արձագանքեց՝ դա արհեստականորեն սարքած խաղեր են: Անդրադառնալով եպիսկոպոսների հայտարարությանը՝ պարոն Եղոյանն ասաց. «Այն ստորագրել են նաև Նավասարդ Կճոյանը և Աբրահամ Սրբազանը»:
Հայր Կոմիտասն արձագանքեց. «Ուրեմն նրանց քննադատենք»: Տիգրան Եղոյանն ասաց, որ իրենք քննադատում են որոշ սրբապիղծներին. «Երբ մարտի մեկը տեղի ունեցավ, անարգելով սուրբ հոգին, որոշ ուժային նախարարների և օլիգարխիկների միջոցով արյան ճահճացած գոլի մեջ բերեցին դարձրին Գարեգին Բ-ին գահակալ: Հետո Գարեգին Երկրորդն իրեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ հռչակեց, երբ դեռ չէին հրապարակել արդյունքները, փորձում էր հաճոյանալ իշխանություններին, այն դեպքում, երբ նրանք տասն անմեղ երիտասարդի գնդակահարեցին: Քանի՞ սրբազան տեսաք մարտի մեկին կանգնած քաղաքացիների կողքին»:
Հարցին՝ արդյոք եկեղեցին չունի՞ ռեֆորմների կարիք, Հայր Կոմիտասն արձագանքեց. «Ոչ թե ռեֆորմի, այլ բարեփոխության կարիք կա: Բարեփոխությունը ձևը տանում է դեպի կատարելություն: Եթե եկեղեցին ռեֆորմ անի, ապա բոլորը դրան կենթարկվեն, բայց այժմ ըստ մեր օրենքի՝ կաթողիկոսը ցմահ է»։
ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը վրդովված է այն հայտարարություններից, որոնք հնչեցին Վազգեն Սարգսյանի հասցեին. «Կաթողիկոսին կարող եք չհավանել, բայց Վազգեն Սարգսյանի նման մա՞րդն ինչ է արել: Սա անմարդկային վերաբերմունք է: Այսպես խոսողը հրապարակային իր ներողությունը պիտի խնդրի»:
Անդրադառնալով ծեծկռտուքին՝պարոն Դևրիկյանը այդտեղ վտանգ տեսավ ու հայտնեց, թե այնպես են անում, որ հայ եկեղեցու հետևորդներն իրար դեմ ելնեն: Ըստ նրա՝ դա ծուղակ է այսօրվա ՀՀ քաղաքական ղեկավարության դեմ: Ըստ նրա՝ Կաթողիկոս ընտրելն ինչքան դժվար է, այդքան բարդ է գահազրկության գործընթացը. «Ցանկացած կաթողիկոսի գահից զրկելու համար անհրաժեշտ են ծիսական սխալներ, բայց Գարեգին Բ-ի ժամանակ այդ սխալները չեն եղել»: Այնուհետև վստահեցրեց, թե Գարեգին Բ-ն մի նոր աստիճանի բարձրացրեց ճեմարանային կյանքը. «Հիմնական ցուցարարներն այն փաստն են բերում, որ կաթողիկոսն աղոթող չէ: Վազգեն Վեհափառի, Գարեգին Երկրորդի հետ էլ եմ աշխատել, ոչ մեկին չեմ տեսել աղոթքի ժամանակ: Ոչ մեկն ինձ չի ասել, Վարդան, մեկ րոպե սպասիր, գնամ աղոթեմ: Աթողքը ցուցադրական չի լինում»:
Պարոն Դևրիկյանն ամփոփեց՝ չի կարելի գռեհիկ կերպով եկեղեցական արարողություններն ընդհատել և իշխանություններին հորդորեց միջոցներ ձեռնարկել:
Պատմաբան Գևորգ Յազըճյանը վիճարկեց այսօրվա գահակալի ընտրության օրինականությունը: Նա մանրամասնեց. «Կաթողիկոսն ընտրվել է կեղծ ձևով: 1999-ի հոկտեմբերի 27-ից մինչև վերջերս եղած բոլոր ընտրություններին՝ բացի Փաշինյանի ընտրությունից, բոլոր կեղծված ընտրություններին և հանրաքվեներին կաթողիկոսն օրհնություն է տվել»:
Անդրադառնալով Նավասարդ Կճոյանին՝ պարոն Յազըճյանը վրդովվեց. «Նավասարդ Կճոյանին ամաչում եմ մարդ կոչել, իրենք խախտել են կուսակրոնության, գոնե աղքատության ուխտը: Ի՞նչ է նշանակում բենթլիներ ունենալ, սեփական բնակարաններ ունենալ, առանձնատներ ունենալ, դա՞ է կուսակրոնության և աղքատության ուխտը, որ տալիս են Աստծո և մարդկանց առաջ»:
Դառնալով հոգևորականների մասնակցությամբ միջադեպին՝ պատմաբանը հայտնեց` ամաչում է, որ հայ եկեղեցին պիտի հասնի մի տեղ, որ Հայրապետին ասեն՝ հեռացիր:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ