Վերջին ժամանակներս մամուլում և տարբեր հարթակներում հնչեցվում են կարծիքներ հանրային պաշտպանի գրասենյակի գերծանրաբեռնվածության վերաբերյալ և առաջարկվում է այնպիսի լուծում, որպեսզի յուրաքանչյուր փաստաբան կարողանա անձամբ ներգրավվել հանրային պաշտպանության գործին, այսինքն` լուծարել հանրային պաշտպանի գրասենյակը:
Այս կապակցությամբ տեղեկացնում ենք՝
Մինչև 2005 թվականը ՀՀ-ում անվճար իրավաբանական օգնության ապահովումն իրականացվել է անհատական կարգով:
Քննիչի կողմից որոշմամբ ներգրավում էր կոնկրետ փաստաբան, ով պետք է անվճար պաշտպաներ մեղադրյալի շահերը: Փաստաբանին ընտրում էր քննիչը: Այնուհետև, նույն քննիչի կողմից տրված տեղեկանքի հիման վրա փաստաբանը վարձատրվում էր պետական բյուջեի միջոցներից: Ընդ որում, մեկ ժամի համար նախատեսված գումարը շատ փոքր էր և փաստաբաններին հիմնականում չէր հրապուրում անվճար պաշտպանությունը: Նախորդ մոդելը կախվածություն էր առաջացնում փաստաբանին քննիչից, քանի որ վերջինս, ըստ էության, հանդիսանում էր փաստաբանի «գործատուն»: Նույն կարգը գործում էր նաև դատարաններում:
Եղել են դեպքեր, որ տեղեկանքների հաշվարկի արդյունքում, պարզվել է, որ փաստաբանը օրվա ընթացքում աշխատել է 26 ժամ: Նշված կարգավորումը լուրջ մտահոգությունների տեղիք էր տվել: Անվճար իրավաբանական օգնության որակի մասին խոսք լինել չէր կարող, քանի որ բացակայում էին որակի նկատմամբ հսկողական և վերահսկողական մեխանիզմները:
Այսօր գործում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան նախաձեռնությամբ և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության ջանքերով բազմաթիվ քննարկումների արդյունքում ներդրված հանրային պաշտպանի գրասենյակի ամերիկյան մոդելը: Նշված մոդելը հնարավորություն է տալիս կենտրոնացված կարգով ապահովել անվճար իրավաբանական օգնության տրամադրումը ամբողջ ՀՀ տարածքում՝ հսկողություն և վերահսկողություն իրականացնել որակյալ իրավաբանական օգնության տրամադրման, արդյունավետ պաշտպանության և կարգապահության նկատմամբ:
Հանրային պաշտպանի գրասենյակը գործում է 2006 թվականից: Տարեցտարի աճում է ՀՊԳ-ի շահառուների թիվն, ինչը պայմանավորված է որակի բարձրացմամբ, «Փաստաբանության մասին» օրենքի փոփոխություններով՝ մի քանի սոցիալական խմբերին էլ հնարավորություն ընձեռվեց քաղաքացիական և վարչական գործերով անվճար իրավաբանական օգնություն ստանալ: Բացի այդ աճել է քրեական գործերի թիվը՝ արդարադատության շահով պայմանավորված: Նշենք, որ Փաստաբանների պալատի կողմից բազմիցս առաջարկ է ներկայացվել կառավարություն՝ հանրային պաշտպանի հաստիքների ավելացման ուղղությամբ: Նաև առաջարկներ են ներկայացվել օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ: Խնդիրն այն է, որ քրեական գործերով անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է վարույթն իրականացնող մարմնի որոշումների հիման վրա, իսկ վերջիններս հիմք են ընդունում ոչ միայն մեղադրյալի անվճարունակությունը, այլ նաև՝ արդարադատության շահը: Քիչ չեն դեպքերը, երբ վճարունակ անձին նույնպես նշանակվում է հանրային պաշտպան: Այս պարագայում Հանրային պաշտպանի գրասենյակը չի կարող մերժել քննիչի որոշումները: Հետևաբար, օրենսդրական խնդիր կա այս մասով բեռնաթափել հանրային պաշտպանի գրասենյակը: Կարելի է օրենքով մեխանիզմ ներդնել, ըստ որի անվճար պաշտպանությունից օգտված վճարունակ քաղաքացուց անհրաժեշտ է գանձել փաստաբանի ծառայության գումարը: Սա նաև կանխարգելիչ միջոց կհանդիսանա և կբեռնաթափի ՀՊ գրասենյակի աշխատանքը:
Ներկայում գործող կարգավորումն այսպիսին է. յուրաքանչյուր տարի պետական բյուջեից հատկացվում են միջոցներ Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությունն ապահովելու համար: Այսինքն` կայուն աշխատավարձ և աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով էլ գումար է հատկացվում ՀՊ գրասենյակի ծախսերի փոխհատուցման համար՝ տրանսպորտային ծախսեր, տարածքների վարձակալության վճարներ, տեխնիկայի ձեռք բերում, օժանդակ աշխատակազմ և այլն: Նշված միջոցները ՀՊԳ-ի կողմից վարած գործերի քանակի համեմատ բավական սուղ են, սակայն կենտրոնացված ծախսերը հնարավորությունն են տալիս խնայելու որոշակի միջոցներ, արդյունավետ աշխատելու և իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար (օգնականներ, հաշվապահություն և այլն): Այս տեսակետից եթե դիտարկենք, ապա մեկ գործի վրա պետությունը ծախսում է նվազագույն գումար:
Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ մասնավոր փաստաբանների կողմից անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքում մեկ գործի վրա ծախսած ժամանակը, կատարած աշխատանքի որակը վերահսկելի չի լինի: Բյուջեից տրամադրվող միջոցները բաժանելու դեպքում չնչին գումարներ կկազմեն և նույն միջոցներով ավելի քիչ գործեր հնարավոր կլինի վարել:
ՀՊԳ-ն կարևորում է յուրաքանչյուր շահառուին որակյալ իրավաբանական օգնության տրամադրումը:
Այսօր Հանրային պաշտպանի գրասենյակի որակի բարձրացման և ՀՊԳ-ի բնականոն գործունեությունն ապահովելու համար գործում են Պալատի խորհրդի և նախագահի կողմից ընդունված ներքին իրավական ակտերով սահմանված գնահատման, մրցույթի անցկացման կարգերն և այլ իրավակարգավորումներ:
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ անթույլատրելի է զարգացման հետընթացին ուղղված բոլոր նախաձեռնությունները:
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար՝ Մելանյա Առուստամյան