Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հիմնադիր խորհրդարան ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի վերաքննիչ բողոքի քննությունը։ Նիստի մեկնարկին Սեֆիլյանի գործով մեղադրյալ, ազատամարտիկ Սասունիկ Կիրակոսյանի համար կալանքից ազատման միջնորդություն ներկայացվեց։ Պաշտպանական կողմը հայտարարեց, որ Կիրակոսյանի, ինչպես նաեւ մյուս ամբաստանյալներ Հրայր Թոփչյանի եւ Գալուստ Գրիգորյանի համար երաշխավորագիր են ստորագրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։
Ապա նույն միջնորդությունը ներկայացվեց նաեւ Ժիրայր Սեֆիլյանի, հաջորդիվ նաեւ Գեւորգ Սաֆարյանի համար։ Այս գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը չառարկեց այն փաստի դեմ, որ պատգամավորները երաշխավորել են ամբաստանյալների պատշաճ վարքը։ Դատարանը, սակայն, որոշեց, որ կալանքի հարցին կանդրադառնա վերաքննիչ բողոքի քննության ավարտին։ Նման որոշում դատարանը կայացրել էր նաեւ օրեր առաջ, երբ ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդություններ էին ներկայացվել առանց պատգամավորների երաշխավորագրերի։
Հիշեցնենք, որ Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք-զինամթերք պահելու, ռազմավարական նշանակության շենք-շինություններ զավթելու փորձի եւ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար եւ դատապարտվել 10.5 տարվա ազատազրկման։ Կիրակոսյանը, Թոփչյանը եւ Գրիգորյանը, ըստ գործի նյութերի, նրա ենթադրյալ զինված խմբի անդամներն են եղել։ Սաֆարյանն էլ, ինչպես եւ Սեֆիլյանը, մեղադրվում են նաև 2015թ.-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար։ Վերաքննիչ բողոքով ամբաստանյալները պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի նշյալ վճիռները։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ