Այսօր վաղ առավոտից Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչները փակել են «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը: Գործարանի նախկին աշխատակիցները պահանջում են, որպեսզի այն կրկին շահագործվի, իսկ արտադրամասում աշխատեն միայն նշված երկու համայնքների բնակիչները:
-Մենք պահանջում ենք, որ հիմնարկն աշխատի, մենք աշխատենք, եւ ուրիշ համայնքներից չգան այստեղ աշխատեն: Եթե 400 մարդ այս պահին աշխատում է, նրանցից 200-ը գալիս են այլ համայնքներից: Ինչի՞, եթե կարող են մեր համայնքից աշխատեն: Էս հիմնարկում լրիվ իմ ու քու ա: Եթե բարեկամ ես՝ աներ, զոքանչ ու նմանատիպ բարեկամներ՝ կաշխատես, բայց մինչեւ ե՞րբ,- դժգոհեցին ճանապարհը փակած կանայք:
Տիկին Անահիտը, որը եւս հիմնարկի նախկին աշխատակից է, ասում է՝ գործարանը կառուցված է իրենց հողերի վրա: Նրա խոսքով՝ հողերն իրենցից ստիպողաբար են վերցրել. «Մենք զրկվել ենք մեր բոլոր տեսակի հողերից՝ արոտավայրերից, վարելահողերից ու այգիներից ու խոտհարքներից: Դրանից բխող ամեն ինչից՝ անասուններից, այն անտառներից, որտեղից հատապտուղներ ու սունկ էինք հավաքում, եւ կարողանում էինք մեր ընտանիքը պահել: Նրանք մեզ ստիպել են հողերը տալ, սպառնալով, որ աշխատանքի չեն ընդունելու այն ընտանիքի անդամներին, ովքեր իրենց ասածը չեն անում: Բայց կային ընտանիքներ, այդ թվում եւ մենք, որ հողերը չտվեցինք: Նրանք դատարանի միջոցով մեր ձեռքից խլեցին մեր հողերը, եւ հիմնեցին այս ընկերությունը»:
Ցուցարարների հետ էր նաեւ Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը: Համայնքապետը ստեղծված իրավիճակի լուծման միակ ճանապարհը տեսնում է բանակցությունների միջոցով. «Մի շաբաթ առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ որոշվեց, որ բոլոր խնդիրները պետք է քննարկվեն, եւ հնարավորության չափով դրանց տան լուծումներ: Տարբերակները տարբեր են, թե՛ աշխատանքի ընդունելու, որը շատ քիչ տոկոս է կազմելու, թե անհատական սոցիալական օգնություններով, մինչեւ, այսպես ասած, լավ ժամանակները գան: Մի ճանապարհ փակող էլ ես եմ, հավատացած եմ, որ սպառիչ պատասխաններ կստանանք, տեսնենք ինչ լուծումներ կտա: Ճանապարհ փակելն էլ ճիշտ մոտեցում չէ: Նման հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով: Ճանապարհ փակելով մենք հարցը չենք լուծի»:
Ցուցարարները նշում են, որ այնքան ժամանակ են փակելու գործարան տանող ճանապարհը, մինչեւ իրենց խնդրին լուծում տրվի:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ