Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ, Հայաստանի 18 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Հիշեցնենք, 10 համայնքներում գյուղապետի ընտրություններ էին: 27 թեկնածուներից 22-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 4-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, մեկ թեկնածու առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը`Արագածոտնի Նոր Արթիկ համայնքում:
«Բարգավաճ Հայաստանը» թեկնածուներ էր առաջադրել Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Արարատի մարզի Գոռավան, Գեղարքունիքի մարզի Վարդևան եւ Լոռու մարզի Գեղասար համայնքներում: ԲՀԿ-ի առաջադրած բոլոր թեկնածուներն անկուսակցական են: Որոշ համայնքներում, ՀՀԿ-ական թեկնածուներն ինքնաառաջադրվել են:
Ըստ այդմ, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի գյուղապետ է ընտրվել ինքնաառաջադրված Ավետիս Մուրադյանը: Ստացել է 197 ձայն, ընդամենը երկու ձայնով հաղթելով իր մրցակցին: Ավետիս Մուրադյանը անկուսակցական է: Գործող գյուղապետն էր:
Լոռու մարզի Գեղասար համայնքում գյուղապետ է ընտրվել անկուսակցական Վարազդատ Գրիգորյանը՝ ստանալով 206 կողմ ձայն: Նրան առաջադրել է ՀՀԿ-ն:
Անտառաշենի գյուղապետ է ընտրվել միակ թեկնածուն՝ Ռաֆիկ Խառատյանը: Նա անկուսակցական է, ինքնաառաջադրվել էր:
Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքի գյուղապետ է ընտրվել գործող գյուղապետ Հովիկ Զաքարյանը: Նա ՀՀԿ-ական է, ինքնաառաջադրվել էր: Միակ թեկնածուն էր:
Դավթաշենի գործող գյուղապետ անկուսակցական Գրիգոր Վարդանյանը դիրքերը զիջել է ինքնաառաջադրված անկուսակցական Գեւորգ Հովհաննիսյանին:
Դպրեվանքի գյուղապետ է ընտրվել գործող գյուղապետ, անկուսակցական-ինքնաառաջադրված Արամայիս Կասաբովը, Նոր Արթիկի գյուղապետ է ընտրվել ԲՀԿ-ի կողմից առաջադրված ԲՀԿ-ական Վարդգես Ներսիսյանը: Նրան պարտվել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀԿ-ական, գործող համայնքապետ Թաթուլ Գրիգորյանը:
Արարատի մարզի Այգեզարդ համայնքի գյուղապետ է ընտրվել անկուսակցական, անհատ ձեռներեց Ազատ Ավետիսյանը: Նա ինքնաառաջադրվել էր: Այստեղ թեկնածուները 4-ն են եղել: Պարտվածներից մեկն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է`Արամ Մանուկյանը: Գործող գյուղապետ Արթուր Մանուկյանը նույնպես պարտվել է: Նա ինքնաառաջադրվել էր:
Իսկ Գոռավանի գյուղապետ է վերընտրվել համայնքի անկուսակցական ղեկավար Արսեն Բազիկյանը: Թեկնածուները 5-ն են եղել: ԲՀԿ-ի առաջադրած թեկնածուն 181 ձայն է ստացել: Մոտ երկուսուկես անգամ քիչ վերընտրված թեկնածուից:
Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքի գյուղապետ է վերընտրվել գործող համայնքապետը`անկուսակցական Նորայր Հարությունյանը: ԲՀԿ-ի թեկնածուն այստեղ էլ է պարտվել:
Իսկ Տորֆավանի գյուղապետ է ընտրվել միակ թեկնածուն՝ գործող համայնքապետ, անկուսակցական Ահարոն Խաչատրյանը:
Արմավիրի մարզի Մարգարա համայնքում գյուղապետ է ընտրվել ինքնաառաջադրված անկուսակցական Էդգար Ենոքյանը: Նա միակ թեկնածուն էր:
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու եւ Կոտայքի մարզերի 18 համայնքներում, երեկ` հունիսի 10-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին, ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներով, մասնակցել է 15 հազար ընտրող, ընտրողների 54.67%-ը: Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վանեվան համայնքում (75.95%), ամենացածրը՝ Նոր Արտամետում (20.70%)։
Հիշեցնենք, որ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու եւ Կոտայքի մարզերի՝ թվով 18 համայնքներում երեկ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ էին: Համայնքներից 8-ում կայացել են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ: 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:
Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ավագանու անդամի ընտրությունը, թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ, համարվել էին չկայացած, քանի որ օրենքով սահմանված ժամկետում որևէ թեկնածու չի գրանցվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ