Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ստեղծվող հակակոռուպցիոն մարմինն ունենալու է նաեւ օպերատիվ հետախուզական գործառույթներ

Հունիս 11,2018 13:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են իրավաբան, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը եւ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Լուսինե Բուդաղյան.- Արդյոք կա՞ կոռուպցիոն ռիսկերը վերահսկելու եւս մեկ մարմին ստեղծելու անհրաժեշտություն, ինչպես որ նոր կառավարությունն է նախատեսում, մարդիկ կարծես թե հոգնել են հակակոռուպցիոն հանձնաժողովների առկայությունից: Այս նորն էլ՝ բացի այն, որ պետական ծախսերն է ավելացնելու, չկա երաշխիք, որ լինելու է արդյունավետ:

Սերգեյ Բագրատյան.- Նիկոլ Փաշինյանի նշած կախարդական փայտիկը, եւ եթե դրան զուգորդում ենք հանրային երջանկության գաղափարը, դրանք փոխկապակցված են եւ բացառապես ժխտում են հենց կոռուպցիան: Եթե մենք կախարդական փայտիկի տեսությունը դիտարկում ենք որպես ծրագրային, այսինքն` այն, ինչ որ գրված էր կառավարության ծրագրում, եւ կարեւորագույն ուղերձն այն էր, որ ազատ եւ երջանիկ հասարակության ստեղծման գաղափարն է դրված, ես նույնիսկ այդ ծրագիրը կանվանեի հակակոռուպցիոն ծրագիր: Այն կարմիր թելի պես ողջ ընթացքում շեշտում էր կոռուպցիոն ռիսկերի բացակայությունը բոլոր բնագավառներում` կրթություն, բիզնես, առողջապահություն: Այսինքն` սրանք խիստ հակաթեզեր են, հակացուցված է, որտեղ որ կոռուպցիա կա՝ չի կարող լինել երջանկություն: Եվ որտեղ որ կա երջանկություն, այնտեղ բացակայելու է կոռուպցիան: Պատգամավորների մոտ ժպիտ էր առաջացրել այն միտքը, որ երջանկության ձգտումը կարող է դիտվել որպես ծրագրային արժեք, բայց նշեմ, որ դեռեւս 1776 թվականին Անկախության հռչակագրում հենց առաջին նախադասությունը սկսվում է նույն կերպ, որ մարդկանց համար կարեւորագույն արժեքներ են կյանքը, ազատությունը եւ երջանկության ձգտումը: Եվ կառավարությունները կոչված են ապահովելու հենց այս 3 թեզերը:

Թվում է` երջանկությունը շոշափելի չէ եւ զգացական դաշտում է, բայց իրականության մեջ երջանկության զգացումը հենց արդյունքն է, ճիշտ մարդկային հարաբերությունների, ազատ տնտեսական հարաբերությունների արդյունքն է` այլեւս երբեք հովանավորչությամբ, այլեւս երբեք պետական կարեւորագույն օղակներում թալանչիությունը որպես արժեք չներդնելու: Բազմաթիվ բաղադրիչների բացակայության պայմաններում մենք մոտենում ենք այդ կարեւորագույն արժեքին: Անձնական երջանկության մասին չէ խոսքը, հանրային երջանկության մասին է, երբ մարդ արթնանում է՝ տրամադրությունը լավ է, բարի գործ անելու ցանկություն է ունենում:

Մեծ հաշվով, եթե մեխանիզմը աշխատի, եթե կառավարությունն իր որդեգրած ուղեգիծը շարունակի, աստիճանաբար կոռուպցիան բացառելու է, մարմնի անհրաժեշտությունն էլ՝ ձեւակերպելու, հետեւելու խնդիր կա զուտ: Այսինքն` այդ կառույցը պետք է ավելի շատ կազմված լինի հանրային, բարի համբավ ունեցող մարդկանցից, որոնց հիմնական գործառույթը պետք է ոչ թե պատժելը լինի, այլ բացառելը, կանխարգելելը:

Սյուզաննա Սողոմոնյան.– Այն բոլոր մարմինները` կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը ղեկավարվում էր վարչապետի կողմից, դրանք զուտ խորհրդակցական մարմիններ են, այսինքն` մասնագիտացված հարթակ էր, որտեղ քննարկվում էին հակակոռուպցիոն բնույթի տարբեր խնդիրներ: Դրա առհավատչյան են նախորդ տարի տեղի ունեցած մի շարք հակակոռուպցիոն բարեփոխումները` ապօրինի հարստացման քրեականացումը, ազդարարման համակարգի ստեղծումը, հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը. այս բոլոր օրենսդրական նախագծերը քննարկվել են այդ հարթակում` որպես մասնագիտացված մի հարթակ մասնագետների կողմից: Ինչ վերաբերում է նոր ստեղծվող հակակոռուպցիոն մարմնին, ապա այն չի լինելու այնպիսին, ինչպիսին նախորդներն են եղել: Այն, ինչ այս նոր կառավարությունը նախատեսում է իրականացնել, իմ կողմից միանշանակ ողջունելի է, որովհետեւ այն անկախ հակակոռուպցիոն մարմինը, որը պետք է ստեղծվի կառավարության ծրագրով, ունենալու է երեք հիմնական գործառույթ, այսինքն` բացի կանխարգելիչից եւ կրթական գործառույթից, մենք այստեղ ունենալու ենք նաեւ իրավապահ մարմիններ: Այս մարմինն ունենալու է օպերատիվ հետախուզական գործառույթներ:

2003 թվականից սկսած, երբ մեզ մոտ առաջին հակակոռուպցիոն ռազմավարությունն ընդունվեց, Հայաստանում պայքարը բացառապես ընթացել է ապակենտրոնացած համակարգի միջոցով: Հիմա արդեն ստեղծվում է մի համակարգ, որը լինելու է կենտրոնացված եւ պայքարելու է բացառապես կոռուպցիայի դեմ: Այսինքն` այն մարմինը, որ ներկայումս ստեղծվում է՝ կանխարգելման հանձնաժողովը, գուցե սկսի որոշակի գործունեություն ծավալել, բայց դրան զուգահեռ նոր մարմին է լինելու, եւ անկախ հակակոռուպցիոն մարմինը ունենալու է նաեւ իրավապահ ֆունկցիա: Այլեւս Հատուկ քննչական ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Պետեկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմինները, որոնք ներկայումս ունեն որոշակի լիազորություններ, յուրաքանչյուրն իր մասով կոռուպցիայի դեմ է պայքարելու, այդ բոլորը համակենտրոնացվելու է տվյալ մարմնի ներքո, իր իրավասությունների շրջանակներում: Այսինքն` սա լրիվ այլ մարմին է, եւ մենք չենք կարող զուգահեռներ անցկացնել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

09.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930