Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը երեք ամիս է, ինչ պայմանագրով ԱՄՆ-ում է եւ մարզվում է «Վելո Փասադենա» սիրողական ակումբում: Այս կարճ ժամանակում նա մասնակցել է սիրողական, կիսապրոֆեսիոնալ եւ պրոֆեսիոնալ մրցաշարերի, որոնցում հաղթել է կամ մրցանակային տեղեր զբաղեցրել:
Հայաստանի դրոշը ներկայացնող հեծանվորդով արդեն հետաքրքրված է ամերիկյան հեղինակավոր BMC պրոֆեսիոնալ ակումբը:
Էդգար Ստեփանյանի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանն Atavot.am-ին տեղեկացրեց. «Էդգարն այդ ակումբում առաջին թեստն արդեն հանձնել է շատ հաջող: Մանրազնին հետազոտել են ֆիզիկական եւ հոգեբանական բոլոր տվյալները: Ընդ որում, նրանց հետաքրքրում են ոչ այնքան Էդգարի նվաճած տեղերը, որքան այն, թե ավելի լավ ու պրոֆեսիոնալ մակարդակի մարզումներ կազմակերպելու դեպքում նա ապագայում ինչ արդյունքներ կարող է ցույց տալ: Հիմա սպասում է երկրորդ թեստին: Եթե դա էլ հաջող հաղթահարի, իսկ ես դրանում վստահ եմ, կվերցնեն: Դա նշանակում է, որ Էդգարը արդեն կմասնակցի ավելի բարձրակարգ մրցաշարերի, որոնցում հանդես են համաշխարհային աստղերը, որոնք մասնակցում են ամենահեղինակավոր «Տուր դե Ֆրանս» եւ «Ջիրո դ՝ Իտալիա» բազմօրյա հեծանվավազքերին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ