Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի վերաքննիչ բողոքի քննությունը։
Նիստի մեկնարկից առաջ ՀԽ-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը Սեֆիլյանի աջակից ու համակիր-քաղաքացիներին կոչ արեց զսպվածություն դրսեւորել։ Նա ասաց. «Համոզված ենք, որ տղաներն ազատ են արձակվելու, գուցե վաղը, գուցե այսօր։ Եթե ոչ այսօր, ապա ձեզ կոչ եմ անում հանգիստ մնալ եւ համբերատար լինել։ Արդարություն անպայման լինելու է, եթե ինչ որ պահի մեզ բավարարված չզգանք, ինքնազսպվածություն պահպանենք»:
Ալեք Ենիգոմշյանը հավելեց, որ գործընթացները բնականոն հունով են ընթանում։
Հիշեցնենք, որ Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք զինամթերք պահելու, ռազմավարական նշանակության շենք շինություններ զավթելու փորձի եւ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար եւ դատապարտվել 10.5 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ բողոքով նա պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի նշյալ վճիռը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ