Լրահոս
Օրվա լրահոսը

Սերմացուի բիզնեսում կոռուպցիոն կծիկներ կան քանդելու

Հունիս 11,2018 13:00

Ֆերմեր Սամվել Սաֆարյանը նախկին իշխանությունների օրոք խարդախության եւ կոռուպցիայի պատճառով մոտ 100 հազար դոլարի վնաս է կրել, չի կարողանում դատարաններում հասնել արդարության: Հեղափոխությունից եւ իշխանափոխությունից հետո Սաֆարյանը եւս շարունակում է պայքարել. հույս ուներ, որ նախկին իշխանության հովանավորությունից զրկված անձինք, որոնք իրավապահ մարմինների վրա ազդեցություն ունեին, դիրքերը կորցրած կլինեն: Սակայն, ինչպես Սաֆարյանն ու նրա փաստաբանն են ասում, դատական նիստերն անտեղի հետաձգվում են, իսկ իր վնասների չափն ավելանում է:

Սամվել Սաֆարյանը երկար տարիներ կարտոֆիլագործությամբ է զբաղվել, սերմեր է ներկրել: Սերմացուի հերթական խմբաքանակը ներկրելիս ֆերմերին իր գործընկերը մաքսայինի համագործակցությամբ ուղղակի «գցել է»: Այս ամենի արդյունքում, ըստ Սաֆարյանի, նաեւ պետությանն է մեծ չափերի վնաս հասցվել, քանի որ իրեն «գցողը» խոշոր չափի հարկեր վճարելուց խուսափել է:
Արդարադատության վերականգնման ճանապարհին Սաֆարյանին դատավոր-դատախազ-քննիչ «մատների վրա խաղացնում են»: Երեկ դատական հերթական նիստը չի կայացել. դատավորն իրեն վատ էր զգում: Նախկին նիստերը հետաձգվում էին. մեկ դատախազ էր փոխվում, մեկ քննիչը չէր ներկայանում: Սաֆարյանն «Առավոտին» ասում է. «Ամեն նման հետաձգումից իմ վարկերի տոկոսները ֆռում են, ու վնասներս ավելանում են»:

Նոր իշխանության հետ հույս կապո՞ւմ են, որ արդարադատության կհասնեն, մեր այս հարցին Սաֆարյանի փաստաբան Վազգեն Թադեւոսյանը պատասխանում է. «Հույս ունենք՝ դատարանն անկախ ու անկողմնակալ որոշում կկայացնի՝ իր համոզմունքով, ոչ թե թելադրանքով»:

«Առավոտը» 07.02.2018-ի՝ «Մի նկար ունի նախագահի հետ, երեւի դա օգտագործելով՝ խարդախություն է անում աջ ու ձախ» հրապարակմամբ անդրադարձել էր ֆերմերի՝ կոռուպցիոն սխեմայի զոհ դառնալուն:

Շիրակի մարզի ֆերմեր Սամվել Սաֆարյանը կարող է կորցնել հեկտարներով կարտոֆիլի դաշտերն ու տուն-տեղը, որովհետեւ քննչական կոմիտեն, ինչպես Սաֆարյանն է ասում, խարդախությունը, որի պատճառով ինքը տուժել է, չի ցանկացել բացահայտել: Սաֆարյանն ասում է՝ խարդախությանը զոհ են դարձել մոտ 20 ֆերմերներ, բայց եթե քննչական կոմիտեն պատշաճ քններ գործը, ապա կբացահայտվեին պետությանն առանձնակի խոշոր չափերի հասցված վնասներն ու դրա հեղինակը: Իսկ հեղինակը, ինչպես պնդում է Սաֆարյանը, Կորյուն Հովակիմյանն է, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով. խոսքը առանձնակի խոշոր չափերի հասնող խարդախության փորձի մասին է: Սակայն Սաֆարյանն ասում է՝ խարդախության համար մեղադրվող Հովակիմյանը կարծես թե քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության սիրելին էր. գործն առաջ չէին տանում, անհրաժեշտ փաստերը չէին հավաքում:

Խարդախության սկիզբը

Սամվել Սաֆարյանը 10 տարուց ավելի է, ինչ կարտոֆիլագործությամբ է զբաղվում, մասնակցել է պետական գնումներին, բանակին է կարտոֆիլ մատակարարել, պատվոգիր է ստացել, որ կարողացել է բանակին անհրաժեշտ կարտոֆիլի քանակն ապահովել: Սաֆարյանը կարտոֆիլի սերմեր է ձեռք բերել Կորյուն Հովակիմյանից, որը հոլանդական «Ագրիքո ԲՎ» ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում: Այս ընկերությունը Հայաստանում իրավաբանական հասցե չունի, նրա լիազորված անձը Հովակիմյանն է, համենայնդեպս՝ վերջինս այդպես է վստահեցրել Սաֆարյանին: «Հովակիմյանն իմ ու այլ ֆերմերների հետ կարտոֆիլի սերմացու ներկրելու համար պայմանագրեր է կնքել, ու միշտ այդ պայմանագրերում մեզ անհրաժեշտ խմբաքանակից ավելի է գրել: Ասենք՝ ինձ պետք է 20 տոննա, իմ պայմանագրում գրել է 60 տոննա: Ես իմ ուզած քանակը ստացել եմ, թե մնացածն ինչ է արել Հովակիմյանը՝ ինձ չէր հետաքրքրում: Կառավարության որոշմամբ՝ մինչեւ 58 միլիոն դրամի սերմացուի ներմուծման դեպքում ֆերմերները մաքսային վճարներից ազատվում են, այսինքն՝ սա համարվում է, որ ֆերմերն իր օգտագործման համար է ներմուծում, ոչ թե վաճառելու: Հովակիմյանը իմ անունով պայմանագիր էր կնքում, ներմուծումն իմ անունով էր լինում, ես իմ ուզած քանակը ստանում էի, մնացածը, ինչպես հետո պարզեցի, Հովակիմյանը վաճառում էր»,- պատմում է ֆերմերը:

Փչացած սերմացուն
ու գյուղացու վնասը

Սաֆարյանը հերթական անգամ պայմանագիր է կնքել 2012 թվականին, Սաֆարյանի ուզածն ընդամենը 36 տոննա սերմացու էր, սակայն պայմանագրում Հովակիմյանը գրել էր 65 տոննա: Ֆերմերին տեղեկացնում են, որ բեռը հասել է, պետք է ներկայանալ մաքսակետ, որպեսզի անհրաժեշտ ձեւակերպումներն արվեն: Ֆերմերին մաքսատանը դիմավորում է Կորյուն Հովակիմյանի ներկայացուցիչը՝ Արմեն Ստեփանյանը, որը ֆերմերին ստորագրել է տալիս անհրաժեշտ փաստաթղթերը, քանի որ ֆերմեր Սաֆարյանի անունով էր բեռը, հետո ասում՝ սա քո բեռը չէ, քոնը 2 օրից կգա: Սաֆարյանը պատմում է, որ 2 օրից իրեն տեղեկացնում են՝ Հունան Պետրոսյանի (Մեղրաշենի գյուղապետ) պահեստից գնա վերցրու քեզ հասանելիք սերմացուի խմբաքանակը: Ֆերմերը վերցնում է սերմացուն, բայց երբ պարկերը բացում է, նկատում է՝ կարտոֆիլի սերմացուն ծլած է ու նեխած հոտ է գալիս: «Զանգում եմ Կորյունին ու ասում, որ սերմացուն խնդիր ունի: Սա ասում է՝ ոչինչ, ծլերը պոկի՝ ցանի, եթե չծլի, բերք չտա, ես քեզ կփոխհատուցեմ՝ կա՛մ նույն քանակով սերմացու, կա՛մ գումար կտամ: Չի ծլում, բերք չի տալիս, ստիպված իրենց կանչեցի, որ դաշտերում իրենց աչքով տեսնեն ամեն ինչ: Չեկան: Հետո եկավ Կորյունի մարդը՝ Արմեն Ստեփանյանը, ու ասաց՝ որպեսզի կարողանանք փոխհատուցել, պիտի պարկերի վրայի պիտակները հավաքեմ, ուղարկեմ Հոլանդիա՝ կա՛մ սերմ կգա, կա՛մ գումար: 2013-ին Կորյունն ասում է՝ փող չենք կարող տալ, սերմ կտանք, մի մասը կտանք, մի մասն էլ հաջորդ տարիներին: Որոշ ժամանակ անց առանց պայմանագիր կնքելու, առանց գումար վճարելու իմ անունով 20 տոննա կարտոֆիլ են ներկրում: Նորից նույն պատմությունը, սերմացուն խնդիր ուներ, ու ինձ նորից ասում են՝ մաքրի ծլերից, լվա ու ցանի, մեկ է՝ փող չես տվել: Ես ստիպված նորից ցանեցի, որովհետեւ դաշտերս մշակած էին, բանվորներին փողը տվել էի, այլընտրանք չունեի, պիտի ցանեի, հավանականություն էլ կար, որ մի բան կստացվի: Բայց բերքի 80%-ը փչացավ»,- պատմում է Սաֆարյանը:

Բուն խարդախությունը

Մինչ այս մի շարք ֆերմերներ բողոքում են Կորյուն Հովակիմյանին, որ սերմացուն լավը չէ, ու փոխհատուցում են պահանջում: 2014 թվականին Հովակիմյանը Սաֆարյանին առաջարկում է գործարք՝ որպեսզի մասնակի փոխհատուցում տրամադրեն, Սաֆարյանին հորդորում է պարտավորագիր կնքել, վստահեցնում է՝ սա ձեւական է. «Ասաց՝ սա ձեւական բան ա, պարտավորագիր կնքի, իբր դու քո պարտքը հետաձգում ես, պարտավորվում ես, որ կվճարես, մենք էս փաստաթուղթը կուղարկենք Հոլանդիա, ընկերության հաշվապահությունը ճիշտ պահելու համար է, ու քո փողը կուղարկենք: Մի քանի ֆերմերների հետ նման պայմանագիր եմ կնքել: Էս պարտավորագրում իրականությանը չհամապատասխանող թվեր էին, ցուցմունքումս էլ եմ գրել դրա մասին ու նշել, որ ստորագրել եմ, քանի որ ասել էր՝ ձեւական է»: Ոչ մի փոխհատուցում Սաֆարյանն այդպես էլ չի ստացել, հակառակը՝ 2015-ին դատարանից հոլանդական ընկերությանը 44 հազար եվրո վճարելու կարգադրության մասին ծանուցում է ստացել: Սաֆարյանն ասում է՝ այս 44 հազար եվրոն իբր թե ինքը պարտք է պարտավորագրով. «Մինչդեռ Կորյուն Հովակիմյանն ինձ խաբել է, թե պարտավորագիրը ձեւական է: Կորյունին առաջադրված մեղադրանքն էլ հենց սա է՝ իմանալով, որ սերմացուն փչացած է, խաբելով ու խարդախությամբ պարտավորագիրը ստորագրել է տվել, հիմա դրա դիմաց ինձանից այդ գումարն են ուզում բռնագանձել»: Հետո Սաֆարյանը հոլանդական այդ «Ագրիքո ԲՎ» ընկերությունից տեղեկանում է, որ 2012թ.-ին ուղարկված փչացած սերմացուի գումարային փոխհատուցումն ուղարկել են: Հովակիմյանն էլ ֆերմերին վստահեցնում է, թե գումարը Հունան Պետրոսյանի մոտ է, նրանից էլ կարող է ստանալ: Պետրոսյանն էլ հրաժարվում է Սաֆարյանին վճարել՝ պնդելով, որ ինքն էլ է վնասներ կրել, այդ գումարն իր փոխհատուցումն է:

Քննիչը գործը կոծկել է

Որոշ ժամանակ պայքարելուց հետո արդյունքի չհասնելով՝ Սաֆարյանը որոշում է իրավապահ մարմիններին դիմել. 2016-ին գլխավոր դատախազին է դիմել, քրեական գործի նյութերը մի քանի անգամ տարբեր իրավապահ մարմիններով «շրջում են», վերջում այն Երեւանից ուղարկվում է քննչական կոմիտեի Շիրակի քննչական վարչություն: Սամվել Սաֆարյանին այս գործով տուժող են ճանաչում, Կորյուն Հովակիմյանի նկատմամբ էլ մեղադրանք է առաջադրվում: «Հոկտեմբերից սկսած՝ հարցաքննվում ենք ես ու Կորյունը: Գործով կարեւոր վկաներին չեն հարցաքննում: Փաստաբանս մի քանի միջնորդություններ է ներկայացրել, քննիչը միջնորդությունների 90%-ը մերժել է: Միջնորդություն ենք ներկայացրել, որ Կորյուն Հովակիմյանի ներկայացրած փաստաթղթերում հոլանդական ընկերության պաշտոնական կնիքները տարբերվում են, կեղծել են, ստուգեք՝ մերժում է: Քննիչն ասում է՝ կարծում եմ, չեն կեղծել: Գործի նյութերում կարդացել եմ, որ Կորյուն Հովակիմյանը մի քանի հարյուր հազար դոլարի ու մի քանի հարյուր միլիոն դրամի գումար ունի իր հաշվեհամարին: Նա ցուցմունք է տվել, որ հոլանդական ընկերության հետ կապ չունի, սիմվոլիկ աշխատավարձով աշխատող է: Ասում եմ՝ ստուգեք էս հանգամանքները, նա շահույթ հետապնդող որեւէ ընկերություն չունի, պարզ է, որ այս տարիների ընթացքում ֆերմերների միջոցով է մեծ քանակի սերմացուներ ներկրել, որպեսզի հարկեր չվճարի, բայց իրականում ինքը բիզնես է արել: Այսինքն՝ պետությանը խոշոր չափերի վնաս է հասցրել: Այս հանգամանքները չեն քննում: Գործով կա մի վկա, որը ցուցմունք է տվել՝ Կորյուն Հովակիմյանն ու իր տեղակալը՝ Ալֆրեդ Խաչատրյանը, որ գյուղատնտեսության նախկին փոխնախարարն է, ասել են՝ եթե քննչականից քեզ կանչեն, չգնաս: Քննիչին էս տուժած ֆերմերն ասել է՝ այդ անձինք իմ նկատմամբ ճնշում են գործադրում: Քննիչն այս ուղղությամբ ոչինչ չի անում: Մեկ ուրիշ տուժող էլ քննիչին դիմել է ցուցմունք տալու համար, մերժել է, ասել է՝ տղուդ հարցաքննել եմ: Էս գյուղացին ասել է՝ բայց ես եմ տուժողը, կարող ա տղաս սուտ բաներ է ասել: Չէ, մերժել են: Անգամ Հովակիմյանի ներկայացրած լիազորագիրը, որն իբր հոլանդական ընկերությունն է տվել, քննիչը գործի նյութերին կցել է դրանց պատճենները, առանց բնօրինակը ստուգելու ու նոտարական վավերացման: Նման բան օրենքը թույլ չի տալիս: Ես գիտեմ, որ իմ նշած մարդիկ վերեւներում մեծ կապեր ունեն, իրենք էլ լավ փողերի տեր են ու իրենց հարցերը լուծում են»:

Դատախազը քննիչին «դաբրո՞» է տվել. ֆերմերի ունեցվածքը բանկերը աճուրդի են հանում

Այս խարդախությունից տուժած Սամվել Սաֆարյանն ասում է, որ իր ողջ ունեցվածքը բանկերում որպես գրավ է դրված, ինքը չի կարողացել բերք ստանալ ու վարկերը մարել, քանի որ նրան խաբել են, վնասված սերմացու տրամադրել. «Ես մոտ 100 հազար դոլարի վնաս եմ կրել էս ամբողջ խարդախության ու քննիչների կամ տգիտության, կամ էլ քննչականի միտումնավոր գործունեության պատճառով: Հիմա բանկերն իմ եղած-չեղածը հերթով աճուրդի են դնում»: Սաֆարյանն ասում է՝ բազմիցս բողոքներ էր ներկայացրել գլխավոր դատախազին, Շիրակի դատախազին, որպեսզի իրավական գնահատական տային քննիչի գործողություններին, սակայն ապարդյուն: Գլխավոր դատախազը բողոքը մակագրել էր Շիրակի դատախազին, վերջինս էլ այն մակագրել էր քննիչին հսկող դատախազին, ու արդյունքում օրենքի այս պահապանները վստահեցրել են, թե պատշաճ քննում են գործը: «Որ բողոքը հսկող դատախազը մակագրում է էդ քննիչին, սա հո ինքն իրեն չի գրի, թե սխալներ է թույլ տվել: Մի խոսքով՝ էն, որ ասում են՝ կոռուպցիայի ու չգիտեմ ինչի դեմ պայքարում են, միայն իմ գործով պարզ է, թե ինչպես են պայքարում»:
Կորյուն Հովակիմյանն այն ժամանակ, ինչպես Սաֆարյանն է պատմել, իրեն անպատժելի էր զգում. «Կորյունը մի հատ նկար ունի Սերժ Սարգսյանի հետ, ու երեւի դա օգտագործելով՝ խարդախություն է անում աջ ու ձախ: Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգոյի հետ էլ նկարներ կան: Թե ով էր Կորյունի հովանավորը, որ երկար տարիներ «թաքուն» բիզնես է արել ու սենց ազատ ֆերմերներին խաբել է՝ քննչական կոմիտեն պարտավոր է պարզի»:

Սաֆարյանն ասում է՝ հիմա այլեւս Սերժ Սարգսյանի նկարի ու անգամ նրա ազդեցությունը չկա, գուցե դատավորը զգոնություն դրսեւորի ու արդար որոշում կայացնի, եթե ոչ, ապա դիմելու է Ազգային անվտանգության ծառայություն:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի կայքից:
Ձախից առաջինը հոլանդական ընկերության ներկայացուցիչն է,
2-րդը՝ Կորյուն Հովակիմյանը՝ Սերգո Կարապետյանի հետ:

«Առավոտ»

09.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930