Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ucom-ի և «Դասավանդի՛ր Հայաստան»-ի գործակցության շնորհիվ Բագարանի դպրոցում կգործի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան

Հունիս 11,2018 12:14

Հունիսի 8-ին Արմավիրի մարզի Բագարան գյուղի միջնակարգ դպրոցում Ucom ընկերության հովանավորությամբ բացվեց արդեն 40-րդ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիան։ Բագարանի լաբորատորիայում ծրագրավորման և ինժեներական դասընթացները կվարի «Դասավանդի՛ր Հայաստան»-ի մասնակից, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ Վանիկ Վարդանյանը, իսկ սեպտեմբերից Վանիկին կփոխարինի «Դասավանդի’ր, Հայաստան»-ի նոր մասնակիցը։

Երկու ընկերություններն այսուհետ կհամագործակցեն «Տեխնոլոգիաները հանուն կրթության» կարգախոսի ներքո: Գործակցության նպատակն է նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի հեռավոր մարզերում, որտեղ աշխատում են «Դասավանդի’ր, Հայաստան»-ի մասնակիցները։

«Վերջին շրջանում արված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Ucom-ը հանդիսանում է Հայաստանում ամենանորարարական ու զարգացող հայկական ընկերությունը։ Այս գնահատականը խիստ պարտավորեցնող է, ահա թե ինչու մենք կարծում ենք, որ միայն կապի հասանելիության և հեռահար ուսուցման պայմաններ ապահովելով՝ հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի։ Դպրոցահասակ տարիքից ինժեներական մտքի զարգացմանը նպաստող լաբորատորիաների բացումն առաջին հերթին կրթության ոլորտում նորարարական մոտեցման ջատագովների ձեռքերում է։ Կրթության միջոցով նորարարության համար հիմք ստեղծելու ճանապարհին այսօր մեր աջակիցը «Դասավանդի՛ր Հայաստան»-ի մասնագետներն են», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Արագ փոփոխվող այս աշխարհում, որտեղ բարձր տեխնոլոգիաները կարեւոր դեր են խաղում եւ նպաստում են զարգացմանը, անարդար է, որ հեռավոր գյուղերում ապրող երեխաներն անմասն մնան այդ ամենից։ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի նպատակն է գերազանց կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր երեխաների համար, եւ ես ուրախ եմ, որ Յուքոմ ընկերության շնորհիվ մենք կարող ենք կիրառել նաեւ նորարարություններ այդ կրթությունն էլ ավելի արդյունավետ եւ բազմակողմանի դարձնելու համար։ Այս լաբորատորիան միայն սկիզբն է մեր երկարաժամկետ համագործակցության, որի համար առաջին շահառուները մեր երեխաներն են», – նշեց «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց․ «Համոզված եմ, որ մեր գործընկերների միավորումը «Արմաթ» ծրագրի շուրջ առանձնահատուկ արդյունք է գրանցելու: Ե՛վ Ucom ընկերությունը, և՛ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագիրը իրենց դրական փորձն ու ներդրումն են կատարում կրթական այս համահայկական ծրագրում, և որքան ավելի շատ են ընկերությունները կոնսոլիդացվում տեխնոլոգիական կրթության շուրջ, այնքան ավելի մեծ հաջողություններ ենք գրանցում»: Կ. Վարդանյանը նաև հավելեց, որ «Դասավանդի՛ր Հայաստան» և «Արմաթ» կրթական ծրագրերի ու մի շարք ՏՏ ընկերությունների հետ առաջին և հաջողված համագործակցությունը սկսվել է դեռևս հունվար ամսին՝ Արցախի Նորշեն համայնքի «Արմաթ» ինժեներական լաբորատորայի հիմնադրմամբ:

Հավելենք, որ Ucom ընկերության և ԻՏՁՄ-ի կողմից հիմնադրվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

 

«Յուքոմ» ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930