«Դեպի Հայաստան եվրոպական
ներդրումներ ներգրավելու լավ հնարավորություններ կան»
Հայաստանի նոր կառավարության ձեւավորումը որոշակի սպասելիքների հույս է արթնացրել Հայաստանի հասարակության մոտ, եւ ակնկալիքներն, իհարկե, նախեւառաջ սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխություններին են վերաբերում, երկրում տարիներ շարունակ չարչրկված՝ կոռուպցիայի վերացմանն ու արդարության հաստատմանը:
Այժմ նոր կառավարության ղեկավարին ու կառավարության անդամներին հանդիպում են տարբեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները, դեսպանները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Առայժմ հնչում են համատեղ արդյունավետ համագործակցության մասին հույսեր, պատրաստակամություն, եւ այս կամ այն ուղղությամբ փոխգործակցությունը խորացնելու կոչեր:
Այս շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Փաշինյանը կարեւորել էր Եվրոպական միության հետ համագործակցության շարունակական զարգացումը եւ անդրադարձել էր կառավարության գործունեության առաջնահերթություններին ու ծրագրերին: Նրա խոսքով՝ ստեղծված բարենպաստ մթնոլորտը նոր խթան կհանդիսանա տարբեր ոլորտներում բարեփոխումների եւ արմատական փոփոխությունների իրականացման համար: Փաշինյանը շեշտել էր, որ կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է եւ գործադիրի քայլերն ուղղված են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, բիզնես միջավայրի շարունակական բարելավմանը, այդ թվում` ներդրումների պաշտպանվածության բարձրացմանը, մենաշնորհների դեմ պայքարին, պետական գնումների ոլորտում կոռուպցիոն դրսեւորումները նվազագույնի հասցնելուն, ներդրումների ներգրավմանը: «Մենք վճռական ենք մեր կողմից նախանշված նպատակները, ծրագրերն ու միջոցառումները կյանքի կոչելու հարցում՝ կոնկրետ արդյունքներ արձանագրելու նպատակով»,- ասել էր Փաշինյանը:
Սվիտալսկին ընդգծել էր, որ Եվրոպական միությունը պատրաստ է առարկայական օժանդակություն ցուցաբերել, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկման շրջանակում: Դեսպանը նաեւ հավելել էր, որ տեսնում է դեպի Հայաստան եվրոպական ներդրումներ ներգրավելու լավ հնարավորություններ, հատկապես՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում տարբեր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Սվիտալսկիի խոսքով՝ եվրոպացի ներդրողները պատրաստ են քննարկել կոնկրետ ծրագրեր:
«Հազարամյակի մարտահրավերներ»
ծրագիրը կվերականգնվի՞
Մայիսի վերջին Երեւան ժամանեց Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, որը հանդիպեց Հայաստանի նոր կառավարության անդամներին: Նա ողջունել էր Փաշինյանի ստանձնած հանձնառությունը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, եւ առաջարկել էր ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը հակակոռուպցիոն աշխատանքներում:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը ամերիկացի պաշտոնյան շեշտել էր, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել նոր կառավարության հետ՝ երկկողմ կապերի ամրապնդման եւ դեպի Հայաստան հավելյալ ամերիկյան ներդրումների ներգրավման ուղղությամբ: Բրինքը հավելել էր, որ Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը կարող է հարթակ հանդիսանալ նպատակների փոխադարձ առաջխաղացման հարցում իրական տեղաշարժեր ապահովելու համար: Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը՝ պետքարտուղարի փոխտեղակալ Բրինքն ընդգծել էր, որ Միացյալ Նահանգները շարունակելու է գործակցել Հայաստանի կառավարության հետ այնպիսի ծրագրերի շրջանակում, որոնք Հայաստանի ժողովրդի համար ձեւավորում են տնտեսական հնարավորություններ, ամրապնդում են ժողովրդավարական հաստատությունները եւ բարելավում կենսամակարդակը:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցից հետո Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայաստանյան լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Միացյալ Նահանգները Հայաստանի նոր կառավարության հետ քննարկում է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերի վերսկսման հնարավորությունը: Դեսպանի խոսքով, պաշտոնական Վաշինգտոնի կողմից Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հարցն ընդգրկված է եղել ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի երեւանյան բանակցությունների օրակարգում. «Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք Հայաստանի նոր կառավարության հետ քննարկելու, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է օժանդակել Հայաստանի նոր կառավարությանը»:
Դեսպանը հայտնել էր, որ Բրիջիթ Բրինքն Երեւանում ՀՀ իշխանությունների հետ հանդիպման ընթացքում փորձել է պարզել, թե ինչպես կարող են օժանդակել Հայաստանի նոր կառավարությունը: «Քննարկել ենք ԱՄՆ-ի կողմից օժանդակության հնարավոր տարբերակները: Քննարկվել է նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում համագործակցության, օժանդակության այլ տարրերի հնարավորությունը: Այդ քննարկումները շարունակելու ենք»,- ասել էր Միլզը:
Հիշեցնենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան 2006թ. ծրագրում էր Հայաստանին հատկացնել մոտ 235 միլիոն դոլար՝ ոռոգման համակարգերի եւ գյուղական ճանապարհների շինարարության համար։ Սակայն 2008թ. Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո կորպորացիան վերանայեց Հայաստանում իր գործունեությունը, իսկ 2009թ. դադարեցրեց մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը՝ այդ որոշումը պայմանավորելով մի շարք քաղաքական ցուցանիշների գծով Հայաստանի կատարողականի վատթարացմամբ:
Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Ամերիկայի հայ դատի հանձնախումբն ԱՄՆ պետքարտուղարին կոչ էր արել աջակցել Հայաստանում աննախադեպ, խաղաղ եւ սահմանադրական իշխանափոխությունը հաջողությամբ ավարտին հասցնելուն եւ արագացված կարգով քննարկել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հնարավորությունը։ Դրան ի պատասխան՝ ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մայք Փոմփեոն վերջերս ողջունել էր Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ու սահմանադրական իշխանափոխությունը եւ խոստացել քննարկել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին օժանդակելու հնարավորությունը:
Աջակցում են ամերիկյան ներդրումներին Հայաստանում
Հունիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի (ՀԱԱՊ) եւ ԱՄՆ-ի Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների պետական կորպորացիայի (ՕՊԻՔ) հետ համատեղ կազմակերպել էր քննարկում դեպի Հայաստան ամերիկյան ներդրումներ ներգրավելու վերաբերյալ: Միջոցառմանը մասնակցել էին ՀԱԱՊ-ի անդամ ընկերությունների, տեղի գործարարների միությունների ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ: Այն նպատակաուղղված էր հայ-ամերիկյան գործարար եւ առեւտրային հարաբերութունների խորացմանը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել էր, թե ներդրողներն ու ընկերություններն ինչպես կարող են աշխատել ՕՊԻՔ-ի հետ: ՕՊԻՔ-ը ամերիկյան պետական կառույց է, որը հիմնադրվել է 1971-ին եւ աջակցում է նոր կամ զարգացող շուկաներում ներդրումներ կատարող ամերիկյան ընկերություններին՝ ապահովելով ներդրումային ռիսկերի կառավարման գործիքներով: Ամերիկյան ներդրողներին ուղղված ՕՊԻՔ-ի աջակցությունը ներառում է ուղղակի ֆինանսավորում վարկային ռեսուրսների միջոցով, քաղաքական ռիսկի ապահովագրություն եւ աջակցություն՝ նոր շուկաներում ներդրումներ կատարող մասնավոր կապիտալ ներդրումային հիմնադրամներին: Նպաստելով զարգացող երկրների տնտեսական զարգացմանը՝ ՕՊԻՔ-ը օգնում է զարգացող տնտեսություններին զբաղեցնել իրենց տեղը միջազգային տնտեսության մեջ եւ առաջ է մղում ամերիկյան քաղաքականության եւ ազգային անվտանգության առաջնահերթությունները:
Համաժողովում բացման խոսքով հանդես էր եկել Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն եւ ՀԱԱՊ-ի նախագահ Արա Հովսեփյանը, որը ողջունել էր մասնակիցներին եւ ներկայացրել հայաստանյան շուկայում ամերիկյան ներդրողների համար առկա հնարավորությունները: «ՕՊԻՔ-ը ներդրումներին աջակցող խոշոր միջազգային վարկատու կառույց է, եւ մենք, անշուշտ, կուզենանք հայկական շուկայում տեսնել վերջինիս աջակցությամբ գործող ընկերություններ ու ներդրողներ: Այս պահին, քաղաքական իրողությունների փոփոխությամբ պայմանավորված, երկրում օտարերկրյա ներդրումների համար առկա են առավել մեծ հնարավորություններ: Կարծում եմ՝ ՕՊԻՔ-ը կկարողանա գտնել արժանավոր ծրագրեր եւ օժանդակել դրանց իր վարկային ռեսուրսներով: Իսկ ՀԱԱՊ-ը պատրաստ է լինել ՕՊԻՔ-ի գործընկերը»,- նշել էր նա:
Ունակ կլինի՞ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը արդարացնել հասարակության հույսերը: Այս հարցի պատասխանը որոշակի կդառնա քիչ անց, երբ կերեւան նոր կառավարության անդամների նպատակները, նախանշած առաջնահերթությունները, եւ, իհարկե՝ կոնկրետ քայլերը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
09.06.2018