Cambridge Analytica ընկերության շուրջ վերջերս ծագած ֆեյսբուքյան սկանդալը ստիպեց մեզ գիտակցել, թե որքան կարեւոր են հասարակության համար տվյալների պաշտպանության կուռ կանոնները՝ այդ թվում հենց ժողովրդավարական գործընթացների իրականացման տեսանկյունից: Այս եւ նմանատիպ այլ զարգացումները ցույց տվեցին, որ գաղտնիության պաշտպանությունը վճռորոշ նշանակություն ունի՝ որպես անձի ամենակարեւոր իրավունք, ժողովրդավարության հրամայական եւ տնտեսական անհրաժեշտություն: Եթե չլինի սպառողների՝ իրենց տվյալների կարգավորման վերաբերյալ վստահությունը, մեր տվյալահեն տնտեսությունները չեն զարգանա:
Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը (GDPR), որն ուժի մեջ է մայիսի 25-ից, Եվրոպական միության անձագանքն է նշյալ մարտահրավերներին եւ հնարավորություններին: Այն հետամուտ է մշակել այնպիսի շրջանակ, որը կապահովի գաղտնիության պաշտպանության բարելավում՝ որպես հիմնարար իրավունք, սպառողների շրջանում կբարձրացնի վստահությունն առ այն, թե որքանով են երաշխավորված իրենց իսկ տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը, մասնավորապես առցանց աշխարհում, եւ կապահովի տնտեսական աճ:
Ավելի քան 20 տարվա վաղեմության՝ 1995թ. ԵՄ Հրահանգի ներքո գործող հիմնական սկզբունքների կատարելագործմանը զուգահեռ՝ GDPR նոր կանոնակարգը պարունակում է կարեւոր նորամուծություններ: Փոփոխությունների զգալի մասը վերաբերում է հատկապես Եվրոպայում գործարարությամբ զբաղվող օտարերկրյա ընկերություններին: Նրանց համար կապահովվի ապրանքների ու ծառայությունների մատուցման ավելի ներդաշնակ եւ պարզ կարգավորող միջավայր: Տվյալների պաշտպանության իրարից տարբերվող 28 օրենքների եւ 28 տարբեր օրենսդիր մարմինների հետ գործ ունենալու փոխարեն, ողջ Եվրոպա մայրցամաքում մի շարք կանոններ կկիրարկվեն միասնական մեկնաբանությամբ: Կհանվեն տվյալների մշակման գործողությունների մասին ծանուցում ներկայացնելու եւ տվյալների պաշտպանության լիազոր մարմիններից նախնական թույլտվություն ստանալու պարտավորությունները: Մի շարք առանցքային հասկացություններ հստակեցման գործընթացում են եւ համապատասխանեցվում են թվային տնտեսության կարիքներին: Միջազգային տվյալների փոխանցումը Եվրամիությունից կիրականացվի ավելի պարզ եւ դյուրին եղանակով: Այս ամենը թույլ կտա բարձրացնել իրավական հստակությունը եւ համապատասխանությունը եւ զգալի կրճատել թղթաբանության ռեսուրսի ծախսերը:
GDPR- հիմքում ընկած են նաեւ կարգավորման ժամանակակից մոտեցումները, որոնց տեսանկյունից ողջունելի է տվյալների գաղտնիության եւ անվտանգության ապահովման նոր գաղափարների, մեթոդների եւ տեխնոլոգիաների ներդրումը: Տվյալների պաշտպանության սկզբունքները «դիզայնով» եւ «նպատակայնությամբ» կխթանեն նորարարական լուծումների մշակում եւ ներդրում արդեն սաղմնային փուլում: Այսպես կոչված՝ «ռիսկահենք մոտեցումն» այն է, երբ այն ընկերությունները, որոնց տվյալների մշակման ռիսկայնությունը սահմանափակ է, նրանք կազատվեն որոշ պարտավորություններից: Կարգավորող համատեղ գործիքները, ինչպիսիք են վարքագծի կանոնները կամ սերտիֆիկացման մեխանիզմները, կոչված են օգնելու ընկերություններին կառավարելու եւ ցուցադրելու համապատասխանությունը կանոններին: Վերջին, բայց ոչ պակաս կարեւոր նոր իրավունքներ եւ երաշխիքներից են դյուրատարության իրավունքը եւ տվյալների խախտման ծանուցումը, որոնք թույլ կտան անհատներին ավելի լավ վերահսկել իրենց տվյալները: Սպառողների հզորացում նշանակում է նաեւ ապահովել, որ նրանք իրենց ավելի ապահով եւ ավելի վստահ զգան՝ իրենց տվյալների փոխանակման տեսնակյունից: Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, որոնք ցուց են տալիս փոխադարձ կապը հիմնարար իրավունքի արդյունավետ պաշտպանության եւ թվային տնտեսության ներուժի լիարժեք բացահայտման միջեւ:
Անշուշտ, այս զարգացումները չեն սահմանափակվում միայն Եվրոպայով: Այսօր աշխարհի բոլոր ռեգիոնների ավելի քան 120 երկրներում գործում է տվյալների գաղտնիության իրավունքը: Նորաստեղծ կամ լրամշակված բազմաթիվ օրենքներում հակվածություն է նկատվում հիմք ընդունելու ընդհանուր տարրեր՝ ոլորտային կանոնների փոխարեն համապարփակ օրենսդրության կիրարկմամբ, մարդու իրավունքների կիրառելի նորմեր, անկախ վերահսկող մարմնի ստեղծում եւ այլն: Արտերկիր փոխանցվող անձնական տվյալների պաշտպանության կատարելագործմանը զուգահեռ այս զարգացող կոնվերգենցիան առաջարկում է առեւտրի, ինչպես նաեւ պետական մարմինների միջեւ համագործակցության նոր հնարավորություններ՝ երկուսն էլ ավելի ու ավելի են ապավինում անձնական տվյալների փոխանակմանը:
Եվրոպական հանձնաժողովը պարտավորվում է ոլորտի միջազգային իր գործընկերների հետ ակտիվացնել գաղտնիության ռեժիմների միջեւ կոնվերգենցիայի տարրերը խթանելու եւ էլ ավելի զարգացնելու շուրջ երկխոսությունը: Դա հնարավոր կդարձնի հավանություն տալ համապատասխանության բացահայտումներին եւ ապահովել տվյալների անխափան հոսքեր՝ ինչը ներկայումս քննարկվում է Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի հետ: Այն նաեւ կնպաստի չափազանց պահանջված միջազգային չափանիշների մշակմանը, օրինակ՝ Եվրոպայի խորհրդի 108-րդ կոնվենցիայի շրջանակներում, որն ավելի ու ավելի համընդհանուր անդամակցություն է վայելում: Կոնվերգենցիայի խթանումը նաեւ նշանակում է սովորել միմյանցից՝ լավագույն փորձի փոխանակման միջոցով: Երկխոսության այս ձեւը կարեւոր է մեր փոխկապակցված աշխարհում, եթե ցանկանում ենք արձագանքել մարտահրավերներին, որոնք ավելի ու ավելի համաշխարհային են դառնում իրենց բնույթով եւ շրջանակով:
ՎԵՐԱ ՅՈՒՐՈՎԱ
Արդարադատության, սպառողների եւ գենդերային հավասարության հարցերով ԵՄ հանձնակատար
«Առավոտ»
09.06.2018