Ադրբեջանցի նախկին դիվանագետ՝ ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության նախկին ղեկավար Արիֆ Մամեդովը գրառում է կատարել Facebook-ում՝ ծաղրելով ադրբեջանական մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ ադրբեջանական բանակը Նախիջևանի ուղղությամբ 11 հազար հա տարածք է գրավել:
«Կա՞ արդյոք գոնե մեկ ողջամիտ մարդ, ով հավատում է հեքիաթներին, թե Նախիջևանի տարածքում առանց մարտերի կարող էր ազատագրվել 11 հազար հա տարածք։ Ընդհանրապես նրանք հասկանու՞մ են՝ ինչ է նշանակում 11 հազար հա, թե՞ մաթեմատիկայի հարցում էլ նրանց մոտ ամեն ինչ այդքան ողբերգական է։
Այդ ուղղությամբ հայերը ժամանակին գրավել են միայն Հայաստանում գտնվող Քյարքի անկլավը, որը նախկինում բնակեցված էր ադրբեջանցիներով։ Նախիջևանի տարածքները, այդ թվում Գյուննաթ գյուղը, երբեք գրավված չեն եղել։ Սա ապացուցում են նաև մեր պաշտոնական քարտեզները։
Ծիծաղելի է պատկերացնել չեզոք գոտում գտնվող և ռազմական որևէ նշանակություն չունեցող դատարկ Գյուննաթ գյուղը ռազմավարական տարածք:
Մենք լսել ենք երկրում 5%-ից ցածր գործազրկության մակարդակի, Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության և Գերմանիայի փլուզման մասին: Հիմա էլ մեզ հեքիաթներ են պատմում պատերազմում հաղթանակների մասին:
Քանի՞ մարդ է հնարավոր կերակրել հեքիաթներով:
Եթե այսպես շարունակվի, ապա մենք, ինչպես խոստացել է մեր մեծ կերակրողը, կազատագրենք Երևանը, ընդ որում, առանց կռվի:
Ու քանի դեռ մեր իշխանությունները խոսում են վիրտուալ հաղթանակների մասին, հայերը սկսել են կառուցել իրական, ժողովրդավարական հասարակություն, ոչ թե վիրտուալ: Հայաստանում համընդհանուր պայքար է տարվում կոռուպցիայի դեմ, մաքսատանը վերացվում են բոլոր սահմանափակումները և այլն: Բարեփոխումների տեմպերով նրանք արդեն առաջ են անցնում Վրաստանից: Իսկ կենսամակարդակով, նվազագույն աշխատավարձի, զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող փոխհատուցումների մակարդակով նրանք մեզնից վաղուց առաջ են անցել:
Բավական է ժողովրդին կերակրել հեքիաթներով:
Ամբողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա»,- գրել է Մամեդովը:
Հիշեցնենք, հունիսի 8-ի երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցներում հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ ադրբեջանական բանակը վերականգնել է Գյուննութ գյուղի և շրջակա բարձունքների հանդեպ վերահսկողությունը՝ շուրջ 11 հազար հա տարածք:
Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով այդ տեղեկատվությունը, հայտնել է, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Խնդրանքը հայկական կողմը բավարարել է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ