«Ծառուկյան դաշինք» խմբակցության՝ մանդատը վայր դրած պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարություն է տարածել:
«Հարգելի քաղաքացիներ, սյունեցիներ,
Պարտքս եմ համարում հաշվետվություն ներկայացնել ձեզ իմ կատարած քայլի մասին: Իմ դժգոհության և հրաժարականի պատճառը հետևյալն էր. Ինչպես գիտեք ժամանակավոր կառավարության կազմում իր մասնակցությունը ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և քաղաքական բանակցությունների ժամանակ ԲՀԿ-ն ստացել էր Սյունիքի մարզպետի թեկնածու առաջարկելու հնարավորություն: Ես բազմիցս ասել եմ, որ ինձ համար ինքնանպատակ չի եղել իմ կամ իմ որդու մարզպետ դառնալը: Ասել եմ, որ Սյունիքի մարզում կան արժանի մարդիկ, որոնց թեկնածությանը ես կողջունեմ, նույնիսկ առաջարկել եմ կոնկրետ անուններ:
Որպես իմ ընտրողների պատվիրակ, իմ կարծիքը հաշվի չի առնվել նշանակված մարզպետի թեկնածության շուրջ քննարկումներում, ես դեմ եմ եղել տվյալ թեկնածուին մարզպետի պաշտոնում առաջարկելու հարցում: Համոզված եմ եղել, որ նշանակումը չէր արտացոլի սյունեցիների մեծամասնության կամ գոնե նրանց զգալի մասի ցանկությունը: Իմ ընտրողների հետ բազմաթիվ քննարկումների արդյունքում հրաժարվել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամակցությունից և որպեսզի կասկածի տակ չդրվի, թե ես պաշտոնակռիվ եմ անում, հրաժարվել եմ նաև մարզպետի պաշտոնից առավել բարձր՝ պատգամավորի պաշտոնից: Շնորհակալ եմ իմ թիմակիցներին ջերմ ընդունելության համար: Մեկ անգամ ևս համոզվեցի, որ իմ ընտրողների կարծիքը ինձ համար ավելի բարձր արժեք ունի, քան պատգամավորական մանդատը: Իմ հրաժարականի դիմումը հետ վերցման ենթակա չէ»: