Լրահոս
Օրվա լրահոսը

48 տարի անց․ «Հեղնար աղբյուր» հայտնի ֆիլմի հերոսների հուզիչ հանդիպումը Վահրամաբերդում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 10,2018 22:33

Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի ձորում, որտեղ գյումրեցի գրող, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր» վիպակի հիման վրա 48 տարի առաջ՝ 1970 թվականին նկարահանվել է առաջին ազգային ֆիլմը, այսօր դերասանների, կոմպոզիտորի ու օպերատորի մասնակցությամբ վերաբացվեց «Հեղնար աղբյուրը»։ Նշենք, որ այս տարածքում ֆիլմի նկարահանման նպատակով կառուցվել էր «Հեղնար աղբյուրը», որը, սակայն, դրանից հետո ոչնչացվել էր։

Վահրամաբերդում մեծ տոնակատարություն էր․ աղբյուրի վերաբացումը սկսվեց ֆիլմի դրվագներից մեկի պահպանմամբ․ ֆիլմում հնչած երաժշտության ներքո ժամանեց կառքը ու դիմավորեցին դերակատարներին, օպերատորին ու կոմպոզիտորին։ Մասնակիցներն անակնկալի եկան՝ տեսնելով ֆիլմի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին, օպերատոր Լևոն Աթոյանին, Հեղնարի դերակատարուհի՝ Յուլիա Ռուստամյանին, Երանոսի դերակատար Հակոբ Ազիզյանին։

Վերջիններս 48 տարի անց միմյանց հանդիպեցին Վահրամաբերդում, Հեղնարի դերակատարուհին, որը ֆիլմի նկարահանման ժամանակ եղել է 20 տարեկան ու դրանից հետո լքել էր հայրենիքը, բարձրաձայն լաց էր լինում։ Նա պատմեց, որ ինքը բնակվում է Փարիզում։

«Եթե ես Ավստրալիայում էլ ապրեի, ինձ կգտնեին, Արթուրն ասաց, որ անհրաժեշտ է քո գալը, ես եկա, որպեսզի մեր մարդկանց տոն պարգևեմ, որովհետև ֆիլմը քո հայրենիքի, քո հողի նկատմամբ սիրո մասին է։ Այդ ֆիլմը մեր կյանքի, մեր սիրելի Հայաստանի մասին է»,-ռուսերեն լեզվով ասաց Յուլիա Ռուստամյանը՝ չկարողանալով զսպել արցունքները։

Աղբյուրի բացումը կատարեց հենց Յուլիա Ռուստամյանը․ նա ամբողջ ընթացքում լաց էր լինում։ Նրանք սկսեցին ջուր խմել, ջուրը ցփնել ներկաների վրա։ Ռոբերտ Ամիրխանյանը բացականչեց․ « 50 տարի հետո խմեցի ջուրը։ 50 տարի ծարավ եմ մնացել»։ Ի դեպ, պահպանված է աղբյուրի հրաշքը՝ ջուրը հոսում է ձեռքի հպումով ու այնտեղ գրված են ֆիլմի աղբյուրի հայտնի տողերը․ «Ամեն կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ մարդ չի կրնա խմե էնոր ջրեն»։

«Հեղնար աղբյուրն» այսպես ասած վերակառուցվել, կամ որ ավելի ճիշտ է, նորից կառուցվել է մոսկվաբնակ Արթուր Գալստյանի նախաձեռնությամբ։ Ինչպես Aravot.am-ի զրույցում պատմեց նրա քույրը՝ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հասմիկ Գալստյանը, Արթուրը, վերջին 20 տարում ապրելով Մոսկվայում, հետաքրքրվել է Շիրակում նկարահանված ֆիլմերով ու հերթական ֆիլմը՝ «Հեղնար աղբյուրը» դիտելիս՝ տեսել է Մարմաշենի եկեղեցին, որտեղ անցել է իր մանկությունը։

«Արթուրը զանգում է իր ընկերոջը՝ Համլետին, ասում է՝ Համլետ ֆիլմի մեջ եկեղեցի եմ տեսնում, ոնց որ մեր վանքը լինի, ասում է՝ հո՞ Հեղնարը չի նայածդ, ասում է՝ այո։ Ասում է՝ ես առավոտ գալիս եմ, գալիս ու սկսում են աշխատանքները՝ ում գտնել, մասնակիցներին ինչպես գտնել։ Մեկը մյուսով այդ շղթան բացվեց․ գտնվեցին ֆիլմում մասնակցություն ունեցած բոլոր այն մարդիկ, որոնք մինչև հիմա ապրում են՝ ի ուրախություն բոլորիս։ Շատ երկար ժամանակ փնտրում էին ֆիլմի աղբյուր քարը, որտեղ գրված էր՝ Ամեն կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ մարդ չի կրնա խմե էնոր ջրեն։ 3 ամիս անց պարզեցինք, որ այդ քարը որպես ռեկվիզիտ է ծառայել, վրայի գրածը ջնջել են, մեկ ուրիշ ֆիլմում այլ նպատակով օգտագործել։ Այսինք բնօրինակ քարը չգտվեց։ Մենք ձեռնամուխ եղանք նոր քարի քանդակման աշխատանքներին։ Արթուրը «Մոսֆիլմի» արխիվներից հանել է «Հեղնար աղբյուրի» առաջին օրինակը, ռեստավրացիա է արել, բայց քանի որ մենք այսօր ցուցադրելու հնարավորություն չունենք, խանգարում է լույսը, մենք այսօր կտեղադրենք յութուբյան կայքում»,-ասաց Հասմիկ Գալստյանը։

Նա նաև ասաց, որ Հեղնարի դերակատարուհին՝ Յուլիա Ռուստամյանը, որը մասնագիտությամբ երգչուհի է, 48 տարի առաջ գնացել է Մոսկվա, այնուհետ տեղափոխվել Ֆրանսիա։ Նրան երկար են փնտրել ու ընդամենը հինգ օր առաջ են կարողացել գտել։ Ֆիլմի գլխավոր դերակատարուհուն համոզել են, որ անպայման «Հեղնար աղբյուրի» վերաբացմանը գա ու մասնակցի՝ իհարկե, հոգալով նրա բոլոր ծախսերը։

Արթուր Գալստյանը ևս իր ելույթում ասաց, որ ֆիլմը դիտելուց հետո տեսել է մի հաղորդում, որտեղ պատմել են, թե ինչպես և որտեղ է նկարահանվել առաջին ազգային ֆիլմը։ Այդ հաղորդման մեջ ասվել է, թե աղբյուրը մինչև օրս գործում է, ու այն նվիրել են գյուղի բնակիչներին։ Սա իր մեջ հարց է առաջացրել՝ որտե՞ղ է «Հեղնար աղբյուրը» և ինչո՞ւ ինքը ոչինչ չգիտի դրա մասին այն դեպքում, երբ իր մանկությունն անցել է Վահրամաբերդում։

«Երբ Հեղնար աղբյուրի մասին հարցրեցի իմ հորեղբոր կնոջը, նա շատ ոգևորված սկսեց պատմել, թե ինչպես են տարիներ առաջ փորձել քայլեր անել Հեղնար աղբյուրը փրկելու համար, բայց ոչինչ չէր ստացվել»,- ասաց Արթուր Գալստյանը։ Նա զանգահարել է իր մանկության ընկերոջ՝ Համլետին ու սկսել են վերակառուցումը։ Արթուր Գալստյանը նաև ասաց, որ տարածքը մասնավոր է․ պատկանում է Վաղինակ Խաչատրյանին, սակայն հույս հայտնեց, որ այն ձեռք կբերի ու կնվիրի Վահրամաբերդ գյուղին։

Ֆիլմում Երանոսի դերակատար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանն էլ իր ելույթում ասաց․ «Սիրելի գյումրեցիներ, դուք միշտ ապացուցում եք, որ դուք ունեք յուրահատկություն ձեր արվեստը բարձրացնելու, գնահատելու, ապրելու այդ արվեստով»։ Նա հիշեց, որ մեկ տարվա մեջ պիտի ավարտվեր ֆիլմը ու ժամանակ չկար, և իրենք ստիպված են եղել մեկ օրվա մեջ չորս օրվա մետրաժ հանձնելու, որի արդյունքում ստեղծվել է Գյումրվա աշխարհի սրտին մոտ անմահ ֆիլմ։

«Ինչքան սերունդները փոխվեն, նրանք կտեսնեն այս առեղծվածը սիրո, արգելված և չարգելված այս պատմությունը, այս ժապավենը երկար կապրի։ Ես համոզված եմ, որ նորից վերհիշում են, կնայեն, նայածները մի տաս անգամ էլ կնայեն ու ամեն անգամ մի նոր բան կնկատեն, որ ֆիլմի մեջ ասված է մյուս սերունդների համար», -ասաց Հակոբ Ազիզյանը։

Ֆիլմի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն էլ շատ հուզված էր, նա խոսեց գյումրեցու ավանդապաշտ լինելու մասին ու ասաց, որ Գյումրվա պատմությունները իր համար ուսանելի են։ Նա երգեց «Երազ իմ երկիր, հայրենիք» երգը։

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանն էլ նշեց՝ երանի այն ընտանիքին, որտեղ սերն ու ընտանիքը միասին են, զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիք։ Նա նաև հիշեցրեց Մկրտիչ Արմենի հետևյալ խոսքերը․ «Եթե ընտանիքի պատվի համար սերդ կսպանես, ինքդ քեզի կսպանես»։

Հիշեցնենք, որ ռեժիսոր Արման Մանարյանի ֆիլմում աղբյուրներ կառուցող վարպետ Մկրտիչի գեղեցկուհի կինը՝ Հեղնարը սիրահարվում է ուրիշ տղամարդու՝ Վարոսին, որը, սակայն, դեմ է հայ ավանդապաշտ ընտանիքի ավանդույթներին։ Իսկ վարպետ Մկրտիչը, որ հոգու խորքում ներել էր կնոջը, սակայն չէր կարողանում բարձրաձայնել, քանի որ հասարակությունը թույլ չէր տալիս, Հեղնարի մահից հետո հուշաղբյուր է կառուցում, որտեղ ջուրը հրաշքով միայն իր համար էր հոսում ու որտեղ գրված էր «Ամեն կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ մարդ չի կրնա խմե էնոր ջրեն»։

Ֆիլմում նկարահանվել են շատ հայտնի դերասաններ՝ Սոս Սարգսյան, Գուժ Մանուկյան, Գալյա Նովենց, Ազատ Գասպարյան․․․

Հեղնարը մինչև օրս էլ Գյումրիում անբարո կնոջ կերպար է համարվում և ավանդույթներից շեղվող որևէ մի կնոջ վարքը նկարագրելիս՝ շատ հաճախ լսում ենք՝ «Հեղնար է, էլի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930