Ազգային օպերային թատրոնում կայացած «Ավրորա» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը յուրօրինակ հարգանքի տուրք մատուցեց իր ուսուցիչներին, խոսեց գիտելիքի ու կրթության կարեւորության մասին:
Այս համատեքստում նա հիշեց տարրական դասարանի իր ուսուցիչ Օննիկ Եգանյանին, կաթվածահար այն պոետին, որ իրեն մեկ տարի ֆրանսերեն էր սովորեցնում, ֆրանսերենի ուսուցչի, որին հետագայում ուզում էր իր պատվո Լեգեոնի շքանշանը նվիրել, անգլերենի ուսուցչին, որի ներկայության պարագայում շատ տարիներ անց համաձայնեց ելույթ ունենալ Բեյրութի ամերիկյան համալսարանում:
«Վրիպակն ու սխալներն իմն են, պերճախոսությունը՝ ձերը»,-ասաց պրոֆեսոր Վարդան Գրեգորյանը՝ նկատի ունենալով իր բոլոր ուսուցիչներին: Նրա խոսքերով, կրթությունը երբեք չի ավարտվում, ամեն անհատ կարող է սեփական Ալեքսանդրիայի գրադարանը պահել;
«Վերջերս ավարտական մի արարողության ժամանակ ասացի՝ սա այֆոնն է, ամբողջ համաշխարհային գրականությունն այստեղ է, բայց միեւնույն է պետք է կարդաս, այլապես այն սոսկ պահեստ կլինի»,-ասաց Գրեգորյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ