ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Լոռու մարզի ոստիկանական համակարգում փոփոխություններ է իրականացրել: Փոփոխությունները մասնավորապես վերաբերում են բաժինների պետերին:
Ոստիկանապետի հրամանով ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Վազգեն Թորոսյանն ազատվել է պաշտոնից եւ նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետ:
Օսպիյանի մեկ այլ հրամանով, Տարոնի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պետ: Մինչ նշված նշանակումները, Սպիտակի բաժնի պետի պաշտոնը թափուր էր, քանի որ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Շմավոնյանը ազատվել էր ոստիկանության բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ:
Աշխատանքից ազատվել է նաեւ Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը: Վերջինս պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Օսպիյանի մեկ այլ հրամանով, Շարմազանովի փոխարեն, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ է նշանակվել Արտակ Գյուրջանյանը: Նա ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է Թումանյանի բաժնի պաշտոնից:
Իսկ ոստիկանության Թումանյանի բաժնի պետ է նշանակվել Լեռնիկ Գիգոլյանը: Մինչ նշանակումը Գիգոլյանը զբաղեցնում էր նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը:
Թեեւ նշանակումներն արդեն իսկ եղել են, սակայն ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում փոփոխությունները դեռեւս չեն երեւում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ