Հունիսի 10-ին Ազգային օպերային թատրոնում կայացավ «Ավրորա» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահն ու վարչապետը՝ տիկնանց հետ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը:
Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի նախերգանքը կատարեց օպերային թատրոնի նվագախումբը՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Համերգավարները հայտարարեցին, որ 2018թ. «Ավրորան» հոբելյանական է, նվիրված է ՀՀ 100-ամյակին եւ Երեւանի հիմնադրման 2800 ամյակին:
«Վաշինգթոն Փոսթ» օրաթերթի սյունակագիր Դեյվիդ Իգնեյշըզը արդեն երրորդ անգամ է վարում «Ավրորան»:
ՀՀ նախագահը Արմեն Սարգսյանը նշեց, որ ավրորա նշանակում է արշալույս, նոր օր, նոր սկիզբ, եւ հատկանշական է, որ այն տեղի է ունենում նոր Հայաստանում: «Որեւէ երազանք չի կարող իրականություն դառնալ առանց մարդասիրության, սրտացավության, հանդուրժողականության ու երկխոսության…Ավելի քանի հարյուր տարի առաջ հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունը դարձավ խարան աշխարհի ճակատի վրա»,- նշեց ՀՀ նախագահը:
Հավելեց, որ հենց այդ ժամանակ է մեր ժողովուրդը զգացել, թե ինչ արժեք ունեն մեկնված ձեռքերը: «Ուժեղը ոչ թե նա է, որ ուժ ունի, այլ նա, որ ապրելու, պայքարելու, հանդուրժող լինելու ուժ է գտնում»,-ասաց ՀՀ նախագահը: Նա Ավրորայի հիմնադիրների մասին ասաց, որ մեծ ներդրում ունեն հումանիզմի տարածման գործում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Պարոն նախագահ ջան, ‘հումանիզմը’ հայերէն կոչւում է ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹԻՒՆ: