2018թ. «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը: Նա դափնեկիր է ընտրվել 115 երկրից առաջադրված 750 թեկնածուներից:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը բնորոշելով դափնեկրին, նշել էր, որ սեփական կյանքի հանդեպ մեծագույն սպառնալիքի պայմաններում Չո Լա Աունն անում է վիթխարի աշխատանք: Նա տասնամյակներ շարունակ պայքարել է քաղաքացիությունից զրկված ռոհինջա ժողովրդի իրավունքների համար, տասներկու տարի անցկացրել բանտարկության մեջ:
Վարդան Գրեգորյանն ասաց, որ երեք տարի առաջ, երբ հիմնում էին նախաձեռնությունը, ուզում էին ցույց տալ, որ եկել է ժամանակը ոչ թե ողբալու Ցեղասպանության համար, այլ ապագայի մասին մտածելու: «Վերջին երեք տարում ընտրել ենք երեք դափնեկիր, որոնք մարմնավորում են այն անձանց, որոնք օգնել են տարբեր բնույթի ճնշումների ենթարկված ժողովուրդներին: Ինչ վերաբերվում է Չո Լա Աունին, նա ներկայացնում է ռոհինջա էթնիկ խմբի շահերը: Նրա ողջ գրադարանը վերացրել են, որպեսզի ջնջեն հիշողությունը»,- ասաց Վարդան Գրեգորյանը:
«Միլիոնավոր դոլարներ են Հայաստանում ծախսվել, բայց այս նախաձեռնության արդյունքում Հայոց ցեղասպանության հարցը միջազգայնացվել է… Մենք մեկուսացման կողմնակիցներ չենք…Այժմ ես բավարարված եմ Ավրորայի միջազգային հեղինակությամբ»,-ասաց «Ավրորայի» համահիմնադիրը՝ մեկնաբանելով, թե ինչու գումարները ոչ թե ծախսում են Հայաստանում, այլ մրցանակների տեսքով բաժանում մարդու իրավունքների համար պայքարողներին: Վարդան Գրեգորյանի խոսքով, այսօր արդեն իրենց նախաձեռնությունը դառնում է ապագային ուղղված շարժում:
Չո Լա Աունն ասաց, որ ականատես է եղել սարսափելի խտրականության, որ դրսեւորվել է մահմեդական այն էթնիկ խմբի հանդեպ, որի անդամ է նաեւ ինքը: Հիշեց, թե ինչպես էին տարիներ առաջ փաստաբանները հրաժարվել ներկայացնել այդ էթնիկ խմբի ֆերմերների շահերը, ու թեեւ ինքը համարձակվել էր միջնորդել պետական մարմիններին, սակայն ճանապարհին խոչընդոտել են իրեն, անգամ ձերբակալել: Պատմեց, որ քանիցս ձերբակալվել է՝ իր ցեղախմբի շահերը մի շարք գործերով ներկայացնելու համար:
«Ես չգիտեմ, թե ինչու «Ավրորան» ընտրեց հենց ինձ, ես մինչեւ հիմա զարմացած եմ»,-ասաց դափնեկիրը:
Մի լրագրող ասաց, որ «Ավրորան» պետք է ճնշում գործադրի ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի անդամ երկրների վրա, որպեսզի օգնությունները հասնեն հասցեատիրոջը, Վարդան Գրեգորյանը պատասխանեց. «Խնդիրը մեկ պետության չի վերաբերվում, այլ մի խմբի, որին չեն ցանկանում ճանաչել որպես այդ երկրի քաղաքացիներ»: Նաեւ հավելեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արդեն հանդես է եկել հայտարարությամբ, սակայն. «Խնդիրը բարդ է եւ համալիր, մենք փորձում ենք ընդգծել խնդիրը, ոչ թե քաղաքական լուծումներ առաջարկել»:
BBC-ի լրագրողի հարցին պատասխանելով՝ «Ավրորայի» դափնեկիրն ասաց, որ մեկ միլիոնի քառասուն տոկոսը գնալու է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ծրագրերին»:
Ինչքանո՞վ է ճիշտ այդքան գումարներ ծախսել մարդասիրական նպատակներով՝ հետաքրքրվեց մի լրագրող: Վարդան Գրեգորյանը տարակուսանք հայտնեց. «Այսինքն, դուք հարցնում եք՝ ինչո՞ւ ենք մենք անում այն, ինչ հիմա անում ե՞նք…Մեկս մյուսի համար պատասխանատու ենք… Ինձ ավելի շատ տպավորում է ոչ թե «Ավրորայի» հաջողությունը, այլ այն, թե ինչքան մեծ թվով անհատներ են պատասխանատու զգում իրենց՝ մյուսներին օգնելու համար…Սա առաջին դեպքն է, որ գումարները ծախսում ենք ոչ ներսում, ու մարդիկ, որ վաղը ճանաչելու են ցեղասպանությունը, ճանաչելու են այն սեփական շահերից ելնելով»: Նա նաեւ հավելեց, որ հռետորաբանությունն աշխարհում այլեւս ավելորդ է, կամ պետք է օգնել, կամ լռել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ