Այս փխրուն խմորով (песочное тесто) կարելի է բազմապիսի թխվածքաբլիթներ պատրաստել, այսօր կներկայացնեմ երկու տեսակի. մեկը` պարզ, առանց հավելումների, մյուսը` կակաչի սերմերով: Երկուսն էլ անչափ համեղ են:
Անհրաժեշտ մթերքները
Կարագ-180-200 գրամ
Շաքարավազ- 1 բաժակ
Ձվի դեղնուց- 3 ձվի
Ալյուր-1-1,5 բաժակ
Հիլ-7-8 հատիկ
Մեխակ- 1 հատիկ
Աղ- մի պտղունց
Ինչպես նաեւ` կակաչի սերմեր- 1 ճաշի գդալ` խառնած 1 ճաշի գդալ հավելյալ շաքարավազի հետ
Պատրաստման եղանակը
Կարագը հալեցնել: Լավ հարել շաքարավազի հետ, ապա հատիկ- հատիկ ավելացնել ձվի դեղնուցները: Հիլը ոչ մի դեպքում աղացած վիճակում չգնեք` անհամ եւ անհոտ բան է, գնեք հատիկներով` սերմնատուփերով: Կոտրեք սերմնատուփերը, մեջի սերմերը հանեք եւ մեկ հատիկ մեխակի հետ լավ տրորեք, կարող եք հավանգով տրորել, կամ լցնել մի քանի տակ ծալած անձեռոցիկի մեջ եւ գրտնակով ծեծել: Ավելացրեք խմորին: Ավելացրեք նաեւ ալյուրը, խառնեք, պետք է դառնա ձեռքերին չկպչող փափուկ խմոր: Խմորը երկու գնդի բաժանեք եւ 15-20 րոպեով դրեք սառցարան: Ի դեպ, սառցարանում կարող եք մինչեւ երեք ամիս պահել այս խմորը:
Հանեք առաջին գունդը, ալրոտած տախտակի վրա դրեք, մի փոքր էլ ալյուր ցանեք վրան եւ ձեռքերով թփթփացնելով ստացեք տափակ շերտ: Կակաչի սերմերն ու շաքարավազն իրար խառնեք եւ տարածեք այդ շերտով մեկ: Ռուլետի պես փաթաթեք, ապա այդ գլանակը մանր կտորների բաժանեք: Այդ կտորներին ձեր ուզած ձեւը տվեք, դրեք յուղաթղթով ծածկված տապակի վրա եւ դրեք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը` մոտ 15 րոպեով, բայց անընդհատ նայեք, հենց եզրերը մի թեթեւ վարդագունեն, պատրաստ է:
Մինչ այդ թխվածքաբլիթները պատրաստվում են, սառցարանից հանեք մյուս գունդը: Ալրապատ տախտակի վրա դրեք խմորը, ալյուր ցանեք վրան եւ գրտնակեք: Ստացված շերտից ձեւավոր թիթեղներից ստացեք ձեր ուզած տեսքով պատկերներ: Նույնպես դրեք յուղաթղթով ծածկված տապակի մեջ եւ եփեք նույն` 180 ջերմաստիճանում, կրկին մինչեւ կողքերից թեթեւ վարդագունելը:
Մատուցեք սուրճի կամ թեյի հետ:
Այս թխվածքաբլիթները շատ երկար են թարմ մնում, պետք է պահել թղթի տուփերում:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ