«Երեւանյան ամառ 2018» միջոցառումների շրջանակներում անցկացվեց «Street Workout Chellenge»-ի Հայաստանի թիմային առաջնությունը, որին մասնակցեց Երեւանի, հանրապետության տարբեր քաղաքների եւ Արցախի 11 թիմ (յուրաքանչյուրում՝ 3 մարզիկ): Հաղթողների եռյակը կազմեցին Տաշիրը, Երեւանը եւ Վանաձորը, որոնք պարգեւատրվեցին համապատասխան մեդալներով եւ գավաթներով:
Առաջին անգամ նաեւ «Streetlifting»-ի առաջնություն կազմակերպվեց : Այս ձեւը Հայաստանում դեռ զարգացման փուլում է: Սա վորքաուտի ուժային վարժություն է, որտեղ մարզիկը պտտաձողի կամ զուգափայտերի վրա ձգումներ է կատարում վրան ունենալով առնվազն 32 կիլոգրամանոց կշռաքար:
Հայաստանի Սթրիթ Վորքաուտ ֆեդերացիայի ղեկավար եւ առաջնության գլխավոր մրցավար Արթուր Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այժմ սկսելու ենք նախապատրաստվել սեպտեմբերի 7-8-ին Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որին կմասնակցեն գործող չեմպիոն Յուրա Մանուկյանը եւ Սոնա Շահնազարյանը: Սոնան կլինի գեղեցիկ սեռի մեր առաջին ներկայացուցիչը աշխարհի առաջնությունում: Մեր մարզաձեւով զբաղվող աղջիկներ ունենք, բայց մինչեւ հիմա նրանց մեջ չի եղել այնպիսին, որը կարողանա համապատասխան մակարդակի վարժություններ կատարել: Սոնան շնորհալի աղջիկ է: Նա մանուկ հասակից զբաղվել է կրկեսային ակտրոբատիկայով եւ լավ բազա ու ճկունություն ունի: Արդեն 6-7 ամիս զբաղվում է վորքաուտով: Հիմա մենք նրան «հղկում ենք» վորքաուտում»:
Արթուր Հարությունյանը նշեց, որ իրենք ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու միջոցներ չունեն: «Սակայն մեզ աջակցում է Ալբերտ Ազարյանի մարզադպրոցը: Մեր երկու մարզիկներ առավոտյան ժամերին մարզվում են այնտեղ՝ պրոֆեսիոնալ միջավայրում, պրոֆեսիոնալ մարզիկների հետ», ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ