Լրահոս
Օրվա լրահոսը

Մի օր իմ կյանքից (ակնարկ)

Հունիս 10,2018 16:15

Սպասում եմ Nօ 6 ավտոբուսին. չկա ու  չկա… Բոլորս ենք սպասում. եկավ Nօ 4-ը, մարդիկ խմբով վազեցին, հետո` մյուսը, բայց Nօ 6-ը չկա ու չկա…

– Ձո՜ւկ, լավ ձո՜ւկ… 6 հատը, չէ՛, 7 հատը 1000 դրամ…

«Էս մարդն էլ տեղ է գտել ձուկ վաճառելու, հոտն էլ հո հոտ չի, թո՛ւհ…

Ձուկ ոնց չեմ սիրում, բայց հիմա մարդիկ կլինեն, որ ուշքները կգնա»:

– Ձո՜ւկ, լավ ձո՜ւկ…

– Վա՜յ, չէի նկատել՝ կույր  է…

– Հա՛, կույր ա, էն էլ տղեն ա, օգնում ա հորը:

Ու կանգառում հանկարծ բոլորիս համար ձկան հոտը էլ «թո՛ւհ» չէր, ու կույր մարդը ձուկը արգելված տեղում չէր վաճառում, ու ավտոբուսի ուշանալն էլ ոչ մեկիս վեջը  չէր…

– Տե՛ս, յոթ հատ էլ ծախեց:

Ու կանգառում բոլորը դարձան ձուկ սիրող, ու ձուկը սկսեց արագ դատարկվել ստվարաթղթե  արկղից:

«Ջհանդա՛մ, թե ձուկ չեմ սիրում»:

– Յոթ հատ  էլ ի՛նձ տվեք:

– Անժի՜կ, Անժի՜կ, ծախեցի-պրծա՜,- ձայն տվեց կույրը կողքի կրպակում նստածին  (երևի դիսպետչերն  էր,  չգիտեմ):

Կանգառում խոսուն լռություն էր, լուռ հրճվանք. ձուկը վաճառվել էր…

Որ ամոթ չլիներ, բոլորս ծափ կտայինք:

Վեր կացավ, զգուշորեն մոտեցավ ցայտաղբյուրին (հինգ ոտնաչափ էր հեռու), ձեռքերը լվաց, դարձավ տղային.

-Լվա՛ ձեռքերդ, նորի՛ց  լվա…

Նույն զգուշությամբ հետ եկավ, նստեց, սկսեց հաշվել եկամուտը`մեկ, երկու, երեք…

Կանգառը շունչ քաշեց, ու բոլորս հիշեցինք ավտոբուսի ուշանալը:

-Էդ անտերն ի՞նչ եղավ, մի ժամ ա` սպասում ենք:

-Բան չկա, քո՛ւր ջան, հես ա ժամը 5-ին «Բարեգործական» ավտոբուսը կգա, կիջնես Շրջանային, այնտեղից էլ` ինչքան ուզես…

-Հա՛, ճիշտ ա, ես էլ եմ միշտ ըտենց գնում, – արձագանքեց մեկ ուրիշը:

«Բայց ես փող ունեմ, անհարմար չէ՞, – մտածում եմ, – չէ՛, ոչ թե պատվիցս վեր ա, այլ էդ մեծահոգությունը չունևորների համար ա»:

-Արի՛, քո՛ւր ջան, «Բարեգործականը» եկավ, – ու ձեռքս քաշելով` հետը տարավ:

Ավտոբուսում  ենք. նայում եմ շուրջս.  չէ՛, ոչ մեկս մյուսից չենք տարբերվում:

-Դե՛, ես իջնում  եմ, կնայես, որ էս կնիկը «Շրջանային» իջնի, – հանձնարարեց սրտացավ տիկինը մյուս` «Բարեգործականի» «փորձառու ուղևորին» և իջավ:

Ու ավտոբուսը որոշեց, որ էս անփորձ կնկան (այսինքն ինձ) օգնի` Շրջանայինում իջնելու:

Ես էլ ամաչում եմ ասել, որ, ա՜յ ժողովուրդ, ես երևանցի, պապս երևանցի, ծնվել եմ Ցախի Մեյդանում, ես Շրջանայինի տեղը չգիտե՞մ…Բայց լուռ ժպտում եմ ու գլխով անում:

Մի հղի կին բարձրացավ. մեկը մյուսին հերթ չտալով`փորձեցին տեղը զիջել. հայ մարդու խոնարհումը մայրությանը, մեկ ուրիշը` երեխայի հետ.

–  Բալե՛ս, արի՛, կողքի՛ս նստիր:

–  Տվե՛ք, Ձեր պայուսակը պահեմ:

Սա է հայն ու Հայաստանը, ու ես, որ Հայաստանից դուրս երբեք չեմ ապրել, կարոտում եմ Հայաստանը, այն Հայաստանը, որտեղ ապրում էին զավակներս, կատակում էինք, կռվում, իրար սիրում և մեկ ընտանիք էինք:

Այժմ զավակներս ընտանիքով ՌԴ-ում են և օրերն են հաշվում. մնաց 9 ամիս, 8, 7 ամիս, 15 օր,  ու, «ո՜ւխ», տա՛տ, վաղը գալի՜ս ենք…

Ու գալիս են, գալիս են` հայերեն ապրելու,  հայերեն  լսելու, ջերմ ու տաք հայ տեսնելու…

Բայց, ցավոք, հայուհի մի` անուն Նաղդալյան` ազգիս ընտրյալ, հենց այնպես, հավեսի համար, ի պետս հաճույքի` կարող է պետության հաշվին բջջային հեռախոսով 3 000 000 դրամի «լխռահաչի» տալ, թե ինչ է կերել, ինչքան է կերել, ինչպես է կերել, կերածը մարսել է, թե ոչ…

Իսկ ոտքերը հազիվ քարշ տվող թոշակառուն խնդրում  է.

-Նախագահին ասեք, որ սոված ենք… Լսո՞ւմ եք, նախագահին անպայման կասեք, որ սոված ենք…

«Դե՛, ե՛կ, վարդապե՛տ, ու մի՛ խենթանա…»:

Հրանուշ Պողոսյան

Երևանի թիվ 105 ավագ դպրոցի հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930