Արցախը բանակցային սեղան վերադարձնելու կարևորությունը հիմնվում է մի քանի նկատառումների վրա: Դրանցից ամենակարևորը թերևս այն է, որ որքան էլ հայկական կողմը թաքնահարույց ձգտի վերամիավորել Արցախը մայր հայրենիքի հետ, այն չի կարող լուրջ ընկալվել, քանի դեռ Արցախում գործում են ընտրությունների միջոցով ձևավորվող տեղի պետական իշխանություններ՝ նախագահ, խորհրդարան:
Արցախը Հայաստանին վերամիավորելու բանակցային գործընթաց սկսելը և հետևաբար արցախցիների անունից ՀՀ ղեկավարության՝բանակցություններին մասնակցությունը հնարավոր կլինեն, եթե Արցախի պետական կառավարման մարմինները վերածվեն մարզային մարմինների և Երևանը պաշտոնապես հանդես գա արցախցիների անունից: Բնական է, որ սրա համար անհրաժեշտ գրեթե բոլոր նախապայմանները կան, բացի մեկից՝քաղաքական նպատակահարմարությունից:
Բանն այն է, որ Սառը պատերազմի ավարտից հետո էթնոքաղաքական նման հակամարտություններում անկախ ազգային պատկանելությունից կամ գտնվելու վայրից այս կամ այն տարածաշրջանի անջատման, անկախացման համար բանակցել են տեղի իշխանությունները, ինչը հարցը միջազգայնորեն ընդունելի ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծելու հնարավորություն է ընձեռել տարբեր ուժային կենտրոնների: Այդպիսի օրինակներ են Կոսովոն կամ Աբխազիան, մի դեպքում Արևմուտքի, մյուս դեպքում՝ Ռուսաստանին ինքնորոշվող պռոտեժեն: Կոսովոյի բնակչության մեծամասնությունը կազմող ալբանացիներին սակայն բանակցություններում չի ներկայացրել Ալբանիան: Նույնպիսի իրավիճակ է Կիպրոսում՝ թուրքական զորքերի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի թուրք ներկայացուցիչներն իրենք են բանակցում իրենց տարածաշրջանի ճակատագիրը:
Այնուամենայնիվ Արցախի դեպքում խնդիրն ավելի խորքային է: Բնականաբար ճիշտ են այն քաղաքական վերլուծաբանները, ովքեր պնդում են, որ Արցախը Հայաստանի անքակտելի մաս է և Հայաստանը բանակցություններում կարող է ներկայացնել արցախցիներին: Ո ՛չ Կոսովոյի, ո ՛չ Աբխազիայի, ո ՛չ Հյուսիսային Կիպրոսի ճակատագիրը չի համընկնում արցախցիների՝ստալինյան բռնակցման հետ:
Սա էլ իր հերթին հանգեցնում է ավելի բարդ հարցերի. բռնակցվել է ոչ միայն Ղարաբաղը, այլև Նախիջևանը: Արցախի անունից բանակցող ՀՀ իշխանությունը ստիպված է լինելու բանակցել նաև Նախիջևանի խնդրով: Արդյո՞ք ՀՀ-ն պատրաստ է Նախիջևանի հարցը բարձրացնել կամ Ռուսաստանի ու Ղրիմի օրինակով միայնակ դեմ դուրս գալ միջազգային հանրության կամքին՝ բացահայտ կերպով մերժելով ընդունված ինքնորոշման սկզբունքը և տարածքային պահանջ ներկայացնելով Ադրբեջանին՝ոչ առանց պատմաքաղաքական ու իրավական լրջագույն հիմքերի:
Այս իմաստով խոսքը քաղաքական նպատակահարմարության մասին է: Անհրաժեշտ է հիշել որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է: Խնդրի լուծման լավագույն ելքը, նկատի ունենալով աշխարհաքաղաքական իրադրությունը, կոնֆլիկտների լուծման միջազգային փորձը, քաղաքական ժամանակի թելադրանքը և այլն, կարող է լինել այն, որ Արցախը մասնակցի բանակցություններին և խոսի իր բռնակցման պատմությունից: Հայկական կողմի ամենամեծ դիվանագիտական սխալը թերևս այն է, որ տարիներ շարունակ ինքնորոշումը նույնացվել է անկախության հետ. Արցախը կարող է ինքնորոշվել և միանալ մայր հայրենիքին: Բանակցային գործընթացի տրամաբանությունից ելնելով սրա այլընտրանքն այն է, որ Հայաստանը վերացնի Արցախի պետական կառավարման կառույցները և սկսի բանակցել Արցախի ու Նախիջևանի կարգավիճակի շուրջ:
Գարիկ ՊՈՂՈՍՅԱՆ
քաղաքագետ