Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանտարկյալներ և քաղբանտարկյալներ 

Հունիս 10,2018 12:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ասել ու կրկնել, որ այսուհետ Բաղրամյան 26-ից դատավորներին ուղղված հրահանգներ չեն լինելու: Այսուհանդերձ, վարչապետի այս պարզաբանումը շատերին չի գոհացնում ու բավարարում՝ հատկապես քաղբանտարկյալների մասով: Դրա պատճառն այն է, որ մեզանում վերջնականապես ճշտված չէ՝ ով է քաղբանտարկյալ, և ով՝ ոչ: Հետաքրքիրն այն է, որ անխտիր բոլորի կարծիքով Շանթ Հարությունյանն էր քաղբանտարկյալ, բայց, այդուհանդերձ, Շանթի ազատ արձակման պահանջով որևէ մեկը փողոց չէր փակում ու միտինգ չէր անում, և ոչ էլ Շանթի կողմնակիցներն էին աղաղակում թե՝ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է: Ամեն ինչ այնքան պարզ էր, որ աղաղակելու ու գոռգոռալու որևէ պատճառ չկար:

Փաստորեն, անխտիր բոլորը ողջունում են վարչապետի խոստումը, որ այսուհետ Բաղրամյան 26-ից դատավորներին ուղղված հրահանգներ չեն լինելու: Այսուհանդերձ, մենք այն կարծիքին չենք, որ նախկինում յուրաքանչյուր գործով Բաղրամյան 26-ից դատավորներին ուղղված հրահանգներ են եղել: Կարիք չկար էլ: Որովհետև մեր դատավորներն էնքան «արհեստավարժ» են, որ առանց վերևներից հրահանգների էլ կարող են գուշակել ու գլխի ընկնել վերևների կամքն ու ցանկությունը: Այսինքն, կարող ես նրանց չհրահանգել, բայց նրանք հաջողությամբ ինքնահրահանգավորվեն: Կարծում ենք՝ մեծ մասամբ ու հիմնականում հենց այդպես էլ եղել է: Եվ վերջապես. հրահանգները կարող են լինել ոչ թե կոնկրետ Բաղրամյան 26-ից, այլ՝ իշխանության միանգամայն այլ հասցեներից, ընդ որում՝ ոչ թե հանրապետության թիվ մեկ պաշտոնյայի, այլ իր բազմաթիվ ու բազմազան ենթակաների կողմից: Շատ հնարավոր է՝ հենց այդպես էլ եղած լինի: Այսինքն, այն, ինչ առաջին հայացքից թվում է պարզ ու հեշտ լուծելի, իրականում չափազանց դժվար է իրագործել ու իրականացնել:

Խնդիրը երիցս բարդ է քաղբանտարկյալների հարցում, մանավանդ այն քաղբանտարկյալների, ովքեր ընդամենը ոմանց կարծիքով են քաղբանտարկյալ: Քաղբանտարկյալների հարցում իսկապես թացն ու չորը խառնվել է իրար: Եթե Նիկոլ Փաշինյանն ամբողջ հեղափոխության ընթացքում ասում ու շեշտում էր, որ իր գլխավորած հեղափոխությունը թավշյա է, և անձամբ ինքն էլ կտրականապես դեմ է զինված պայքարին, հիմա, բնականաբար, չի կարող ներում շնորհել «Սասնա ծռերի» առնվազն մի մասին, և, բացի այդ էլ, Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ինքն ամենևին մտադիր չէ դատավորի ու քննիչի ֆունկցիաներ վերցնել իր վրա, և քանի որ Փաշինյանը բազմիցս նաև հայտարարել է, որ մեր երկրում քաղբանտարկյալներ կան, դատավորներն իր այս հայտարարությունն առնվազն ի գիտություն կընդունեն և հնարավորինս արագ ազատ կարձակեն գոնե նրանց, ովքեր անառարկելիորեն ու բոլորի կարծիքով են քաղբանտարկյալ: Հետաքրքիր է, որ այս օրերին ամենից քիչ խոսվում է Շանթ Հարությունյանի ազատ արձակման մասին, ով գրեթե բոլորի կարծիքով է քաղբանտարկյալ: Իհարկե, դրա պատճառը նաև այն է, որ Շանթ Հարությունյանը հայտարարել է, որ ինքը ներման կամ համաներման ակնկալիք չունի, այլ պետք է արդարացվի դատարանի կողմից: Սա, ըստ երևույթին, Շանթ Հարությունյանի համար սկզբունքային հարց է, և ինքն իրեն, փաստորեն, որևէ առումով մեղավոր չի ճանաչում:

Այնպես որ, ինչքան էլ վարչապետն ասի ու կրկնի, որ այսուհետ Բաղրամյան 26-ից դատավորներին ուղղված հրահանգներ չեն լինելու, իրական քաղբանտարկյալներն ի վերջո ազատ կարձակվեն, որովհետև վարչապետը բազմիցս նաև ասել ու կրկնել է, որ մեր երկրում քաղբանտարկյալներ այլևս չպիտի լինեն: Դա նաև՝ ի գիտություն դատավորների: Ամեն ինչից բացի, դատավորը պիտի այնքան քաղաքական գրագիտություն ու հոտառություն ունենա, որ պատկերացնի ու հասկանա՝ ինչ ասել է քաղբանտարկյալ, այլապես նշանակություն չի ունենա՝ Բաղրամյան 26-ից նրան հրահանգներ կլինեն, թե չեն լինի: Կարճ ասած, քաղբանտարկյալների հարցը Հայաստանի Երրորդ հանրապետությունում միշտ եղել է ու հիմա էլ կա:

1998-ին Ռոբերտ Քոչարյանը իրավիճակի փոփոխության հիմնավորմամբ ազատ արձակեց մի խումբ դաշնակցականների: Նրա այդ քայլը ոմանք ճիշտ համարեցին, ոմանք՝ ոչ, որովհետև իրավիճակի փոփոխության շնորհիվ ազատ արձակված դաշնակցականները ոմանց կարծիքով քաղբանտարկյալ էին, ոմանց կարծիքով՝ ոչ:

Հիմա շրջադարձային փուլ է, և հատկապես քաղբանտարկյալների հարցում գրեթե անհնարին է այնպես անել, որ բոլորը գոհ մնան: Այնուամենայնիվ, հնարավոր են որոշ զիջումներ: Իհարկե, առանց Բաղրամյան 26-ից կտրուկ հրահանգների:

«Ավելի լավ է ունենալ տասը չդատված հանցագործ, քան՝ մեկ անմեղ դատապարտյալ»:

Սա Պարույր Հայրիկյանն է ասում: Մի քիչ շատ է ասում, բայց լավ է ասում:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Իսկ մի՞թե դժվար է դատ անել և արդարացնել Շանթին: Հիմա բոլորը արժեքներից են խոսում , բայց երևի մոռացել են, որ հենց Շանթն իր ընկերների հետ առաջինը հայտարարեց արժեքների հեղափոխության մասին և դատապարտվեցին նվաստացուցիչ հոդվածներով և պատժաժամկետներով:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930